ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է։ Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ներկայումս բնակվում են 115 հազար հաշմանդամներ, որոնցից 11 հազարըՙ մինչեւ 18 տարեկան երեխաներ։ Հաշմանդամները կազմում են երկրի ընդհանուր բնակչության շուրջ 3%-ը։
Ինչպես թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ Ջեմմա Բաղդասարյանը, Հայաստանը 10 տարուց ավելի է նշում է այս օրը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ եւս հանրության ուշադրությունը սեւեռել հաշմանդամների հիմնահարցերին։ Ըստ վարչության պետի, նախարարությունը շուրջ երկու տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ փորձում է լուծել հաշմանդամների առջեւ ծառացած խնդիրները։
Ջեմմա Բաղդասարյանը 2003 թ. ձեռքբերումներից համարեց Երեւանում թեքահարթակների կառուցումը, որոնք ինչ-որ չափով նպաստել են հաշմանդամների ինտեգրացմանը։