Այսօրՙ 2003 թվականի դեկտեմբերի 3-ին, մեր մտավորականությունը անդարձության է ճանապարհում բացառիկ մի մարդու, սեպտեմբեր ամսին հազիվ իր հիսունին հասած Արա Գուրզադյանինՙ մասնագիտությամբՙ ֆիզիկոս, կրթությամբՙ նկարիչ, էսթետ, մշակութաբան, փիլիսոփա...
Գերմանալեզու մեծ գրողն ասում է. «Իսկական կրթությունը ինչ-որ նպատակներով ձեռք բերված կրթությունը չէ. իսկական կրթությունը, ինչպես կատարելության ամեն մի ձգտում, իմաստ ունի ինքն իր մեջ»։ Իսկական կրթությունը իրոք «ճամփորդություն է դեպի անվերջությունը», «դաշնություն է տիեզերքի հետ», «ժամանակից դուրս - արտաժամանակյա ապրել-գոյություն ունենալն է»։ Այսօրինակ կրթության հասնելու վավերական ուղիներից մեկը համաշխարհային հոգեւոր արժեքներիՙ գրականության եւ արվեստների խոր իմացությունն է, համաշխարհային մտքի գանձարանի եւ մարդկության հոգեւոր փորձիՙ իդեալների, գաղափարների, տեսությունների աստիճանական եւ հիմնավոր յուրացումը։ Այս առումովՙ Արա Գուրզադյանը բարձր կրթություն ունեցող եւ մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր։ Նա մեկն էր այն բացառիկ մարդկանցից, ում նաեւ կյանքի անհուսությունն է դատապարտում ինտելեկտուալ կյանքի եւ ներանձնական կենսակերպի...
Արա Գուրզադյանը անցել էր մեր առտնին կյանքի սովորական, ոգի եւ ոգեկանություն սպանող մեր ճահճային իրականության բազում պարունակներով եւ կարողացել էր մնալ անեղծ ու անաղարտ։ Նրաՙ արտաքուստ ինքնամփոփ կյանքի եւ թվացյալ խաղաղության տակ պահված էր խռովահույզ եւ ընդվզող արտիստիկ մի էություն։
Արա Գուրզադյանը աչք է բացել մտավորական-մշակութային ընտիր միջավայրում. հայրը ճարտարապետ Սարգիս Գուրզադյանն է, մայրըՙ երկարամյա ուսուցչուհի։ Ի սկզբանե մշակութային մթնոլորտը Արայի համար եղել է գոյության կերպ։ Ահա թե որտեղից էին սերում կամ ծնվում ընտիր նկարչի նրա սքանչելի կտավները, մշակութաբանի իր փառահեղ ծրագրերը, եւ վերջապես իր պարզ ու վսեմ մարդկային կյանքը։
Արա Գուրզադյանի գործունեության ասպարեզը լայն էր ու հետաքրքրականՙ դասախոսական աշխատանքից մինչեւ հրատարակչական գործը, խմբագրական աշխատանքից մինչեւ արվեստի ֆակուլտետի հիմնադրումը։ Քաղքենիության ու էժան սնափառության մեր տոնավաճառում նա ձգտում էր գրեթե անկարելիին։ Նա աղբյուր որոնող - օազիս ստեղծող մարդկանցից էր, իմ կարծիքովՙ պայծառատեսության հասած իմ ճանաչած սակավաթիվ մարդկանցից մեկը։ Երեւանում գործող «Սարգիս Խաչենց» հրատարակչությունը իր գոյության եւ աշխատանքի ինչ-որ մասով պարտական է նաեւ Արա Գուրզադյանին։ Նա ոչ միայն եղել է այդ հրատարակչության գոյության նախանձախնդիրներից եւ ջատագովներից մեկը, ոչ միայն ամեն կերպ սատարել է հրատարակչությանը, այլեւ մեծ սիրով եւ բանիմացությամբ հրատարակչության համար բնագրից թարգմանել է Ռուդոլֆ Շտայների «Ազատության փիլիսոփայությունը», Վասիլի Կանդինսկու «Հոգեւոր արվեստի էսսեները», ընտիր առաջաբաններ գրել այդ գրքերի համար, խմբագրել է Շտայների «Թեոսոֆիան»... Այն, որ Երեւանում այսօր կա, գործում է «Փրինթինֆո» հրատարակչությունը, որտեղ հավաքված են իր երբեմնի սաներն ու կրտսեր ընկերներըՙ բարձր ճաշակի ու ինտելեկտի, ազնիվ նվիրումի ու նկարագրի տեր երիտասարդ մարդիկ, նաեւ Արա Գուրզադյանի մարդկային եւ ուսուցչական ձիրքն ու շնորհքն է։ Արան խավարը ցրելու համար գոնե մեկ մոմ վառող մարդկանցից էր եւ միշտ փայփայում էր իր մշակութային էջը ունենալու գաղափարը։ Այսպես նա ստեղծեց «Ռուբիկոն» հոյակապ ամսագիրը, եւ ինքն էլ մեզանում առաջիններից մեկը հատեց գորշ ու կաշկանդող իրականության սահմանները ու անցավ իր Ռուբիկոնը։ Այդ ամսագիրը մեր իրականության մեջ մշակութային սակավաթիվ այն երկու-երեք երեւույթներից մեկն է, որ ստիպում է մտածել, որ, այո՛, մեզանում ինչ-որ բան այնուամենայնիվ փոխվել է եւ որ մենք, համենայն դեպս ամսագիրը ստեղծող մարդիկ, ապրում ենք այլեւս ա՛յլ իրականության մեջ եւ ա՛յլ կյանքով։ Ազգի ինքնությանը որակ են տալիս հենց Արա Գուրզադյանի նման մարդիկ։
Արա Գուրզադյանը լայն մտահորիզոնի եւ խոր իմացությունների տեր անհատ էր։ Եվ ինչ գործ որ անում էր, անում էր բացառիկ սիրով, նվիրումով եւ մանավանդ բանիմացությամբ։ Արան եղավ «Հայկականություն-արիականություն» գրքի խմբագիրը, եւ ես պատեհ առիթ ունեցա իր հետ աշխատելու։ Մենք համատեղ աշխատել ենք երկար, ժամերով զրուցել գրականության եւ արվեստի ամենատարբեր նյութերի շուրջ։ Նրա անափ գիտելիքները, իմացականությունն ու ինտելեկտը հաճելի զարմանք եւ հիացմունք էին առաջացնում։ Եվ իր հետ զրուցելիս ես խորունկ ցավ էի զգում մեր գրականագիտության այսօրվա մակարդակի խեղճության համար։
Արա Գուրզադյանը ապրեց իր ազնիվ գործի արժանապատիվ գիտակցությամբ լեցուն կյանք։ Մարդ ցավից, հուսահատությունից ու վիրավորանքից չգիտի ինչ անի, երբ անդրադառնում է, որ Արա Գուրզադյանի նման երազելի ու փնտրելի մարդիկ, որ ոտից գլուխ, իրենց ողջ էությամբ, արվեստ, գրականություն եւ մշակույթ են, անտեսված են մեր իրականության մեջ, մեկդի են դրված։ Եվ այդ նույն կյանքում բացարձակ տգետ ու անկիրթ, փողոցի պատահական մարդիկ ցինիկ անվրդովությամբ, առանց ամոթի դույզն ինչ զգացումի, գրականություն ու մշակույթ են տնօրինում եւ կառավարում... Կաֆկան նույն օրը կխելագարվեր։ Մեր իրականությունը ե՞րբ է տեսնելու արժանավոր մարդկանց, երկիրը ե՞րբ է ճանաչելու իր զավակներին, ե՞րբ է գալու Արա Գուրզադյանների ժամանակը։
Ազնվական նկարագիր եւ լուսավոր էություն ուներ Արա Գուրզադյանը։ Կյանքի գեղեցկության բացառիկ ընկալում կար իր մեջ, ապրելու բուռն հրճվանք ու տենչանք։ Համատեղ աշխատանքի առնվազն երկու-երեք ծրագիր ունեինք։ Մարտ-ապրիլին էր, հիվանդությունը նոր էր ի հայտ եկել։ Խոսում էինք, ուզում էի սիրտ տալ եւ խոսքիս կատակի երանգ տվեցի, թեՙ դու ի՞նչ հիվանդ, երեւի ուզում ես գործից խուսափել... «Ի՜նչ ես ասում,- ասաց,- դեռ իրար հետ ինչե՜ր ենք անելու...»։
Չարեցինք։
Եվ այսօր մենք մեր ընկերոջը տանելու ենք անդարձության ճանապարհով։ Եվ մենքՙ իր ընկերները, մերձավորները եւ մտերիմները, կյանքից այնքան վաղաժամ հեռացած պայծառ մարդու մասին երբեք չենք ասելուՙ չկա, այլեւս մեզ հետ չէ։ Արա Գուրզադյանը հետք թողած մարդ է։ Մենք նրա մասին եղբայրական սիրով ու ջերմ խանդաղատանքով միշտ ասելու ենքՙ եղե՛լ է եւ ապրել է...
ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ