«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2003-11-29 | #221, 2003-12-02 | #222, 2003-12-03


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԲԱՐՁՐ ԳՈՏՈՒՄ Է

Մի քանի օրից լրանում է Սպիտակի ահեղ, ավերիչ երկրաշարժի 15-րդ տարելիցը, որը 25 հազար մարդկային զոհեր տվեց։ Ավերվեցին բնակավայրեր, գործարաններ։ Այդ ծանր կորուստը դեռ մխում է մեր սրտերում...

Հայկական սեյսմոլոգիայի եւ երկրի ֆիզիկայի ընկերակցության (ՀՍԵՖԸ) նախագահ, պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանը երեկ հրավիրել էր ասուլիս, որն ընկերակցության մշակած միջոցառումների շարքից էր եւ նվիրված էր ավերիչ երկրաշարժի 15-րդ տարելիցին։

Աշխարհում ամեն տարի տեղի են ունենում հարյուրավոր աղետներ եւ զոհվում են 100 հազարավոր մարդիկ, պետություններն էլ կրում են միլիարդների հասնող վնասներ։ Ամենախոցելին այն երկրներն են, որոնք ունեն սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ։ Այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը։ Սեյսմիկ աղետները յուրահատուկ տեղ են զբաղեցնում մնացած աղետների շարքում։ Բնական աղետներից աշխարհում սեյսմիկ աղետները 51 տոկոս են կազմում։ Յուրաքանչյուր տարի 8000 հոգուց 1-ը մահանում է ուժեղ երկրաշարժից։ Բոլոր տիպի աղետներից կորուստների 94 տոկոսը կապված է ուժեղ երկրաշարժերի հետ։ Հիշենք նաեւ, որ Հայաստանի բոլոր մայրաքաղաքներն ավերվել են երկրաշարժերիցՙ ներառյալ Երեւանը, որը 1679 թ. ավերվել է Գառնիի երկրաշարժից։ Հաշվի առնելով երկրաշարժերի շատ կարճ տեւողությունը, նշեց պրն Բալասանյանը, պարզ է դառնում, որ ոչ մի կառավարություն լայնամասշտաբ գործողություններ չի կարող կազմակերպել այդ վայրկյանների ընթացքում։ Հետեւաբար սեյսմիկ պաշտպանության ամբողջ գաղափարախոսությունը հենված է այն գործողություններին, որը կառավարությունն անում է մինչեւ երկրաշարժը, որոնք կանխարգելիչ են եւ պետք է ուղղված լինեն բացառելու զանգվածային կորուստներն ու ավերածությունները։

Հայաստանը գտնվում է սեյսմիկ ռիսկի ակտիվ գոտում։ Մասնագետների հավաստմամբ, հնարավոր է շատ արդյունավետ սեյսմիկ պաշտպանություն ստեղծել երկրաշարժավտանգ գոտում։ Երկրաշարժից պաշտպանվելու ռազմավարությունը նույնն է բոլոր երկրներում եւ բաղկացած է մի քանի տարրերից։ Առաջինը սեյսմիկ վտանգի եւ ռիսկի գնահատումն է, երկրորդը բնակավայրերի խոցելիության նվազեցումն է, որը ներառում է գոյություն ունեցող շենքերի եւ կառույցների սեյսմակայունության բարձրացումը եւ պետք է լինի համարժեք սեյսմիկ վտանգին, նոր շինարարական նորմերի մշակումը, երրորդը սեյսմակայուն շինարարության վերահսկումն է, որովհետեւ առանց վերահսկման չկան երաշխիքներ, որ կառուցված շենքերը սեյսմակայուն են...

Պրն Բալասանյանը մանրակրկիտ ներկայացրեց բնագավառի կարեւորությունն ու նշեց, որ ՀՍԵՖԸ-ն իրականացնում է մի շարք միջոցառումներՙ բնակչության իրազեկության, պաշտպանվածության բարձրացման եւ այլնի շուրջ։ Վաղը պրոֆեսորը կլոր սեղանի է հրավիրելու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, իսկ մյուս օրը ՀՊՀ-ում ուսանողների համար կկարդա հատուկ այդ թեմային վերաբերող դասախոսություն։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4