«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#220, 2003-11-29 | #221, 2003-12-02 | #222, 2003-12-03


ԱՐԱՄ ՈՍԿԱՆՅԱՆ. «ԴԵՌ ԿՀԱՍՑՆԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԵՐԱԶԱՆՔՍ»

«Փյունիկի» հետ «Միկայի» համար վճռորոշ հանդիպմանը Ոսկեհատի մարզադաշտում ներկա էր Կալինինգրադի «Բալթիկայում» հանդես եկող Արամ Ոսկանյանը, որն ուշադիր հետեւում էր իր նախկին թիմակիցների գործողություններին, քաջալերում նրանց։ Այսօր Արամ Ոսկանյանը խմբագրության հյուրն է։

- Արամ, ուրախ եմ քեզ կրկին տեսնելու Երեւանում։ Ներկա էիր «Փյունիկի» հետ հանդիպմանը։ Ի՞նչ տպավորություն ստացար։

¬ Նշեմ, որ դիտել եմ նաեւ «Շիրակի» հետ նախորդ հանդիպումը։ Գյումրեցիների հետ խաղը տղաները շատ լավ անցկացրին։ «Շիրակի» հետ կարծես խաղը ստացվում է։ Տղաները գրագետ էին գործում, թեեւ մրցաշրջանն ավարտվում է, սակայն ֆիզիկապես լավ վիճակում են գտնվում։ Ճիշտ է, դաշտի որակը թույլ չի տալիս ֆուտբոլիստներին դրսեւորելու իրենց ողջ ունակությունները, ցուցադրելու վարպետությունը, բայց նրանք աչքի ընկան խելացի մտահղացումներով, շարժում կար։ «Փյունիկի» հետ հանդիպումն էլ թիմը բարձր մակարդակով անցկացրեց, հույս ունեի, որ կհաղթեն, ափսոս, որ չստացվեց։ Տեղյակ եմ, որ «Միկան» «Լեռնագործի» եւ «Կոտայքի» հետ թանկարժեք միավորներ է կորցրել։ Եթե այդ կորուստները չլինեին, թիմը մրցանակակիր կդառնար։

- Ի՞նչ ես կարծում, քո կարիքը խաղադաշտում չէ՞ր զգացվում։

¬ Իհարկե, դժվար էր ինձ համար տրիբունայից խաղին հետեւելը, անչափ հուզվում էի, ավելի մեծ էներգիա ծախսեցի։ Ինձ թվում է, կարող էի իմ ներկայությամբ օգնել թիմակիցներիս, ուժեղացնել հարձակման գիծը։ Տղաներն էլ նույն կարծիքը հայտնեցին։

- Վերադառնանք քո գործերին, «Բալթիկայում» ելույթներիդ։

¬ Ճիշտն ասած, ֆուտբոլիստի համար միշտ էլ դժվար է առաջնության կեսից նոր թիմում խաղալը, քանի որ թիմի կազմն արդեն ձեւավորված է, ֆուտբոլիստները միմյանց լավ հասկանում են։ Մի քիչ պետք է բախտդ բերի, որ միանգամից ընդգրկվես հիմնական կազմում։ Իմ պարագայում ստացվեց այնպես, որ հենց առաջին խաղում ընդգրկվեցի «Բալթիկայի» մեկնարկային կազմում զգուշացումների հետեւանքով որակազրկված ֆուտբոլիստի փոխարեն։ Սանկտ Պետերբուրգի «Դինամոյի» հետ խաղում նույնիսկ գոլ խփեցի, որը, ցավոք, մրցավարը չհաշվեց, դարձա գոլային փոխանցման հեղինակ։ Այդ խաղում հաղթեցինք։ Ամեն ինչ նորմալ էր ընթանում, սակայն, ցավոք, վնասվածք ստացա եւ շուրջ 1,5 տարի չխաղացի։ Ապաքինվելուց հետո ավարտական տուրերի հանդիպումներին կրկին մասնակցեցի։ Ասեմ, որ թիմը հիմնականում պաշտպանական մարտավարություն էր ընտրում, ընդամենը մեկ հարձակվողով էր խաղում, ուստի ես իմ սովորական դիրքում չէի խաղում, այլ կիսապաշտպանությունում էի հանդես գալիս, թեեւ ամեն դեպքում հաջողվում էր կատարել մարզչի առաջադրանքը։

- Իսկ ի՞նչ խնդիր էր դրված թիմի առջեւ։

¬ Տեղ գրավել լավագույն ությակում։ Թիմը կատարեց խնդիրըՙ գրավելով 7-րդ տեղը, թեեւ, իմ կարծիքով, կարող էինք պայքարել 3-րդ տեղի համար։ Պարզապես «Բալթիկան» չունենալով սեփական մարզաբազա, մեծ բյուջե, չձգտեց ավելի բարդ խնդիրների լուծմանը։

- Մեկնելուց առաջ նշել էիր, որ եթե ֆինանսական պարտավորությունները «Բալթիկան» չկատարի, կվերադառնաս։ Նշանակում է, ամեն ինչ նորմա՞լ է։

¬ Այս առումով ակումբի ղեկավարությունը խոստումը կատարել է։ Մնացել է մեկ ամսվա աշխատավարձն ու պարգեւավճարը, որը խոստացել են հունվարին վճարել։ Հուսով եմ, որ ֆինանսական հարցերում խնդիրներ չեն ծագի։

- Վերջերս ռուսական լրատվամիջոցներում բավական լուրջ խոսակցություններ ընթացան պրեմիեր-լիգայում խաղերի առուծախի վերաբերյալ։ Այս առումով ինչպիսի՞ն էր իրավիճակն առաջին խմբում։

¬ Նման խոսակցություններ մեզ էլ են հասել։ Անկեղծ ասած, «Բալթիկայում» հանդես գալիս նման դեպքերի ականատես չեմ եղել։ Նախավերջին տուրում «Բալթիկան» խաղում էր պրեմիեր-լիգայի ուղեգրերի հավակնորդներից մեկիՙ «Տոմի» հետ։ Մեզ հաղթելու դեպքում թիմը պրեմիեր-լիգայի ուղեգիր կնվաճեր։ Շատերը կարծում էին, թե մենք 3 միավոր կնվիրենք մրցակցին։ Սակայն խաղն ավարտվեց ոչ-ոքի (1¬1) եւ «Տոմը» զրկվեց ուղեգրից։

- Իսկ գուցե մրցակցի կողմից առաջարկ չէ՞ր եղել։

¬ Խնդրել էին օգնել, բայց մերժեցինք, ինչը գնահատելի է։ Ազնիվ խաղի սկզբունքը հաղթանակեց։

- Հնարավո՞ր է ուղեգրի մյուս հավակնորդներն այդ խաղի համար պարգեւավճար խոստացած լինեին «Բալթիկային»։

- Նման դեպքեր, իհարկե, հանդիպում են ֆուտբոլում, սակայն մեր պարգեւավճարներն էլ քիչ գումարներ չեն, այնպես որ նման խաղերի մեջ մենք չմտանք։

- Ի՞նչ ծրագրեր ունես առաջիկայում։

¬ Նախ, առաջին հերթին վնասվածքս պետք է վերջնականապես բուժեմ։ Ներկայում «Միկայում» պարապում եմ մարզավիճակս պահպանելու համար։ Մինչեւ հունվարի 6-ն արձակուրդում ենք։ Առայժմ դժվար է կոնկրետ պատասխանել, թե կշարունակեմ ելույթներս «Բալթիկայում»։ Խոսակցություններ կան, որ հնարավոր է Զելկյավիչուսին այլ մարզիչ փոխարինի։ Դժվար է գուշակել, թե այդ դեպքում ի՞նչ կլինի, նոր մարզիչն ինչպիսի՞ ծրագրեր կունենա։ Կարծում եմ, դեկտեմբերի կեսերին ամեն ինչ պարզ կլինի։ Ամեն դեպքում պետք է լավ մարզավիճակում լինես, պատրաստ ամեն մի անակնկալի։ Թիմի հետ դեռ մեկ տարվա պայմանագիր ունեմ։

- Որքան հասկացա, ցանկությունդ մեծ է շարունակելու ելույթներդ «Բալթիկայում»։ Իսկ եթե հանկարծ չստացվի, ի՞նչ ես մտադիր անելու։

¬ Իհարկե, կցանկանայի շարունակել խաղալ «Բալթիկայում», քանի որ բացի ֆինանսականից, ՌԴ առաջնությունն իր խաղամակարդակով զգալիորեն բարձր է։ Ճիշտն ասած, «Միկայից» առաջարկ ունեմ վերադառնալու թիմ։ Բայց «Բալթիկայում» գործակալ կա, որն աշխատում է Ուկրաինայի բարձրագույն խմբի թիմերի հետ եւ հնարավոր են այլ տարբերակներ։

- Իսկ ռուսաստանյան թիմերից հրավերներ չունե՞ս։

¬ Ինձ թվում է, մեծ սխալ գործեցի, երբ 2-րդ շրջանում չընդունեցի «Սպարտակ-Ալանիայից» հրավերը։ Անկեղծ ասած, չէի հավատում, թե թիմը կկարողանա պահպանել տեղը պրեմիեր-լիգայում։ Առայժմ առաջարկներ չկան, քանի որ գիտեն, որ թիմի հետ պայմանագրիս ժամկետը դեռ չի լրացել։

- Դու երկու շրջան հանդես եկար «Միկայում» եւ, կարծում եմ, կարող ես ընդհանուր գնահատական տալ ավարտված առաջնությանը։

¬ Ինձ թվում է, մրցակցություն կար, հատկապես մրցանակային տեղերին հավակնող թիմերի հանդիպումներում։ Բայց չեմ կարող բացատրել նրանց միջեւ միավորների նման հսկայական տարբերության պատճառը։ Ֆուտբոլիստների համար հոգեբանորեն շատ դժվար է միեւնույն թիմի հետ մրցաշրջանի ընթացքում 4, գավաթի մրցաշարն էլ նկատի ունենալով, 6 անգամ խաղալ։ Մի տեսակ հոգնում ենք իրարից։ Իհարկե, կա նաեւ դրական կողմ, որ չորս շրջանի դեպքում ուժեղ թիմերի հետ շատ խաղեր ես անցկացնում, ինչը նպաստում է ֆուտբոլիստների վարպետության աճին։ Բայց ընդհանուր առմամբ 8 թիմը Հայաստանի համար քիչ է, դա չի նպաստի ֆուտբոլի զարգացմանը։ Ավելի շատ թիմերի առկայությամբ առաջնությունն անհամեմատ հետաքրքրական կլինի։

- Առաջնության մեկնարկում աչքի ընկար բարձր արդյունավետությամբ (8 գոլ առաջնությունում, 9ՙ գավաթի մրցաշարում, 2ՙ եվրագավաթներում), նույնիսկ մինչեւ վերջերս դեռեւս «Միկայի» լավագույն ռմբարկուն էիր։ «100-ի ակումբում» ընդգրկվելու համար ընդամենը 6 գոլ էր մնացել քեզ խփելու։ Նման պայմաններում դժվար չէ՞ր մեկնելու որոշում կայացնել։

¬ Իհարկե, ցանկությունս մեծ էր ընդգրկվելու ռմբարկուների խորհրդանշական «100-ի ակումբում»։ Սակայն դեռեւս 28 տարեկան եմ եւ, կարծում եմ, դեռ կհասցնեմ իրականացնել երազանքս։ Թե դա երբ կլինի, չեմ կարող ասել, բայց անպայման դեռ կխաղամ Հայաստանում։ Ռուսաստանից վերադառնալուց հետո նույնիսկ մտադիր էի մասնակցել ՀՀ առաջնության վերջին տուրերի հանդիպումներին, սակայն «Միկայի» նախագահը չթույլատրեց։

- Առաջնության մեկնարկում գլխավորում էիր ռմբարկուների ցուցակը։ Ի՞նչ ես կարծում, եթե չմեկնեիր, կարո՞ղ էիր լրջորեն մրցակցել Արա Հակոբյանի հետ։

¬ Անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ ոչ։ Ռեալ եմ գնահատում կարողություններս։ Արա Հակոբյանն իրոք ռմբարկուի հատկանիշներով օժտված հարձակվող է, որի ցուցանիշը դժվար թե հաջողվի որեւէ մեկին գերազանցել։ Ճիշտ է, կարող են ասել, թե ինչպիսի՞ թիմերի է նա գոլ խփել։ Բայց չէ՞ որ բոլորն էլ նույն մրցակիցների դեմ են խաղացել. ինչո՞ւ մեկ այլ ֆուտբոլիստի չի հաջողվել նման արդյունքի հասնել։ Նշանակում է, պատասխանը պետք է փնտրել Արա Հակոբյանի վարպետության, նրա խաղային հատկանիշների մեջ։ Ինչ վերաբերում է ինձ, ապա, կարծում եմ, կհաջողվեր 25-30 գոլ խփել։

- Կարծիք կա, որ ռմբարկուի նման բարձր արդյունքը, գրանցված խոշոր հաշվով հաղթանակների թիվը գցում են առաջնության վարկը։

¬ Ոչ։ Եթե մեկ ֆուտբոլիստ է նման արդյունավետություն ցուցաբերում եւ ոչ թե ասենք հինգը, ուրեմն դա նախ եւ առաջ ֆուտբոլիստի շնորհքն է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4