«Սփյուռ» տեղեկատվական ծառայության այս քայլը Առեւտրաարդյունաբերական պալատը տեղական բիզնեսի զարգացումը խթանող կարեւոր երեւույթ համարելովՙ երեկ կազմակերպել էր տեղեկատուի շնորհանդեսը։ «Սփյուռ»-ի տնօրեն Աշոտ Գրիգորյանի գնահատմամբ, տեղեկատուի հայերեն հրատարակությունը կարեւոր է սփյուռքի հետ գործարար կապերն ամրապնդելու գործում։ «Հայաստանի անկախացումից հետո գործարար տեղեկատվությունը հիմնականում ռուսերենով էր, մասնագիտական շատ բառեր մարդիկ հայերեն չգիտեին, եւ սկզբնական շրջանում հայերենով նման տեղեկատու հրատարակելը նպատակահարմար չէր լինի։ Նախ ծառայությունը հրատարակեց «Դեղին էջեր»-ի հայերեն տարբերակը, քանի որ այնտեղ տերմինները համեմատաբար քիչ էին», ասաց տնօրենը։
Ծառայությունը նախօրոք մեծ աշխատանք է կատարելՙ տերմինների հայերեն տարբերակները գտնելու համար։ Եղել են տերմիններ, որոնց հայկական տարբերակը չեն գտել, նորերն են առաջարկել։ Աշխատակիցները հասկանում են, որ ժամանակի ընթացքում որոշ բառեր չեն ընդունվի հասարակության կողմից, կլինեն քննադատություններ, օրինակՙ «բնակարանների մանր վերանորոգում» (մասնակի վերանորոգում), «շարժունակ կապ» (բջջային կապ) եւ այլն։ «Գուցե հաջորդ տարբերակը վերջնական լինի», ասացին «Սփյուռ»-ի աշխատակիցները։
Շուտով կկազմեն հայ-ռուսերեն, ռուս-հայերեն գործարար տերմինների բառարանՙ սկզբնական շրջանում տերմինների խնդիրները լուծելու համար։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ