«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2003-12-02 | #222, 2003-12-03 | #223, 2003-12-04


ԹՈՒՐՔԻԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄ Է ԻՐ ՎՐԱՑԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դրա հիմքում Վրաստանի եւ ինքնավար հանրապետությունների պայքարի հետագա ակտիվացման հաշվարկներն են

Ստամբուլում կատարված ահաբեկչությունները, Կիպրոսում քաղաքական զարգացումների անբարենպաստ ընթացքը, ինչպես նաեւ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունն, ըստ երեւույթին, սահմանափակեցին Վրաստանի իշխանափոխությանը պատշաճ ուշադրություն դարձնելու Անկարայի հնարավորությունները։ Ահաբեկչությունների պարագայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության առաջնահերթ խնդիրը դրանց բուն կազմակերպիչների բացահայտումն էր։ Քանի որ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքն ահաբեկչությունները պայմանավորում էր «Ալ Ղաիդայով», իսկ աշխարհի առաջնակարգ հեռուստաընկերությունները թուրքական կենտրոնական թերթերի ձայնակցությամբ տուրք էին տալիս կանխակալ այս մոտեցմանը, ուստի իրական կազմակերպիչներին բացահայտելու մղումով Էրդողանի կառավարությունը հավելյալ ճնշումների ենթարկվեց։

Կիպրոսի զարգացումները մեծապես պայմանավորված են թուրքական հատվածում դեկտեմբերի 14-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններով։ Եթե դրանց արդյունքում կանխորոշվի «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» նախագահ Ռաուֆ Դենքթաշի քաղաքական ճակատագիրը, բացասական առումով, ապա Կիպրոսի հույների հետ եվրոպական ընտանիքի մաս կկազմեն նաեւ կիպրացի թուրքերը։ Դա, ինչ խոսք կնպաստի Կիպրոսի միասնականության ու տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Սակայն այդ դեպքում էլ ակնհայտ կդառնա Կիպրոսում Թուրքիայի ձախողումը։ Թեեւ Դենքթաշի հաջողության տարբերակը ձախողումից խուսափելու հնարավորություններ կընձեռի Թուրքիային, միեւնույն է, նրա դեմ դուրս կգա Եվրամիությունը։ Այսպիսով կասկածի տակ կդրվեն անդամակցության բանակցությունները եվրոպական այս կառույցի հետ 2004 թ. սկսելու նպատակահարմարությունը։

Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ապա դրանց լարվածությունը ոչ միայն բացասաբար է անդրադառնում Մերձավոր եւ Միջին Արեւելքում Թուրքիայի տեղի ու դերի վրա, այլեւ երեւան հանելով երկու դաշնակից երկրների հակասությունները այնպիսի հարցերում, ինչպիսիք են Իրաքի վարչականորեն վերակառուցումը եւ քրդական պետության ստեղծումը, վտանգում է Թուրքիայի հետ ԱՄՆ-ի ռազմավարական դաշինքը։

Վրաստանի պարագայում այդ դաշինքը վտանգելու խնդիր թերեւս գոյություն չունի։ Սակայն Ամերիկայի ռազմական ներկայությունն ու հարաճուն ազդեցությունն ԱՄՆ-ին ձերբազատել էին Վրաստանում, ինչպես նաեւ Անդրկովկասում Թուրքիայի միջոցով գործելու պարտավորությունից։

Այլ կերպ, ամերիկացիներն այլեւս ռուսական գործոնը չեզոքացնելու համար դրան ոչ թե թուրքական գործոնն են հակադրում, այլեւ հակադրվում են հենց իրենք։

Թերեւս այդ առումով պատահական չէր Վրաստանում նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականի ու ժամանակավոր իշխանությունների ձեւավորմանը զուգընթաց ռուս-ամերիկյան մրցապայքարի սրումը։ Քանի որ նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն եւ նրա թիմակիցներ Միխայիլ Սաակաշվիլին ու Զուրաբ Ժվանիան անվերապահորեն վայելում են Վաշինգտոնի աջակցությունը, իսկ Աբխազիան, Հարավային Օսիան ու Աջարիանՙ Ռուսաստանի, ուստի ռուս-ամերիկյան մրցապայքարի սրումը Ռուսաստանում ինքնաբերաբար հանգեցնում է Թբիլիսիի հետ ինքնավար այս հանրապետությունների հարաբերությունների սրմանը։

Թվում է, թե Վրաստանի միասնականությունը եւ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հրամայականն անկախ առաջիկա ընտրությունների արդյունքից, վրացական իշխանություններին կստիպի անվերապահորեն ապավինել Վաշինգտոնին։ ԱՄՆ-Վրաստան անմիջական սերտ կապի առկայությամբ վրացական իշխանությունների համար ակնհայտորեն անիմաստ կդառնա դրա Թուրքիայով միջնորդավորումը։

Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականը բացասաբար է անդրադարձել Վրաստանում Թուրքիայի տեղի ու դերի վրա նմանապես։ Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջիկա ընտրությունները բացասաբար անդրադառնան նաեւ թուրքական ազդեցության վրա։ Թերեւս դրա պահպանման առաջադրանքով էր, որ թուրքական հանրային հեռուստատեսությունն արտահայտվեց նախագահ էդուարդ Շեւարդնաձեի բռնի տապալման մասին, իսկ քաղաքական մեկնաբանություններում մատնանշվեցին աջարների մահմեդականության հանգամանքը։

Սա նշանակում է, որ Թուրքիան իր վրացական քաղաքականությունն սկսել է կառուցել Վրաստանի հետ Աջարիայի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պայքարի հետագա ակտիվացման հաշվարկներով, որպեսզի հնարավոր լինի միջամտել այդ պայքարին եւ դա ծառայեցնել Վրաստանում թուրքական ազդեցության պահպանման նպատակին։ Կարծում ենք, Վրաստանի տարածքային ամբողջականության առնչությամբ Ռուսաստանին ԱՄՆ-ի հասցեագրած նախազգուշացումը համանման հաշվարկների հիմքեր է տալիս Թուրքիային։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4