«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2003-12-02 | #222, 2003-12-03 | #223, 2003-12-04


ՈՐՈՆՔ ԵՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

Երեկ «Թեքեյան» կենտրոնում սեմինար էր կազմակերպել Տնտեսական քաղաքականության-իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC), որը Եվրահամայնքից ֆինանսավորվող ծրագիր է։ Ծրագրի նպատակը Հայաստանի եւ Եվրամիության կապերի հաստատման եւ զարգացման գործընթացին աջակցելն է։ Իսկ երեկվա սեմինարի նպատակն էր հայ հանրությանը ծանոթացնել Եվրամիության իշխանությունների կառուցվածքին, գործառնություններին, որոշումների կայացման սկզբունքներին։

Նախ Վրաստանում եւ Հայաստանում Եվրահամայնքի պատվիրակության ներկայացուցիչ Ժակ Վանտոնն անդրադարձավ այս օրերին Բրյուսելում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանիՙ եվրոպական կառույցների ղեկավարների հետ հանդիպումներին։ Մասնավորապես Խավիեր Սոլանայի հետ Հայաստանի նախագահը քննարկելու է Եվրամիության արտգործնախարարության գաղափարի առնչությամբ ծագած տարաձայնությունները եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարները։ Իսկ Ռոմանո Պրոդիի հետ հայկական կողմը քննարկելու է Երեւանում Եվրահանձնաժողովի գրասենյակի ստեղծման եւ դեսպանի նշանակման հարցը։

Մինչ հիմնական բանախոսի ելույթը, AEPLAC-ի եվրոպական տնօրեն Քեննեթ Մյունտերը ձայն տվեց նաեւ ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանին։ Վերջինս նշեց, որ Հայաստանը 1996 թ. համագործակցության պայմանագիր է կնքել Եվրամիության հետ, որը ուժի մեջ է մտել 1999 թ.-ից։ Այդ համաձայնագրում նշված են այն չափանիշները, որոնց պետք է ձգտի բավարարել Հայաստանը դեպի Եվրամիություն տանող ճանապարհին։ Փոխարտգործնախարարը ողջունեց Եվրամիության ներկայացուցչի նշանակումը Հարավային Կովկասումՙ կարծիք հայտնելով, որ դեսպանի մանդատը պետք է ընդգրկի նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ոլորտը։ Նա նաեւ կարեւորեց Եվրամիության որոշումն այն մասին, որ իր դուռը հարավկովկասյան երեք երկրների համար փակ չէ։ Ռուբեն Շուգարյանը վերջում նշեց, որ Հայաստանն անընդհատ չի թմբկահարում եվրոպական այս կառույցի մեջ ընդգրկվելու մասին, քանի որ պետք է իր չափանիշները համապատասխանեցնի Եվրամիության պահանջներին։ Սակայն ասվեց, որ Հայաստանի համար դա ռազմավարական նպատակ է։

Եվրոպական կառույցների եւ կառավարման մարմինների գործունեությունն ու կառուցվածքը ներկայացրեց Եվրահամայնքի նախկին ավագ փորձագետ Դենիս Ուինքլերը։ Նա թվարկեց այն առանցքային սկզբունքները, որոնց հիման վրա ստեղծվել է Եվրամիությունը։ Դրանք են ԵՄ անդամ երկրներում մարդկանց, ապրանքների, ծառայությունների, կապիտալի ազատ տեղաշարժը, պետական մի շարք պարտավորությունների զիջումը (սուբսիդիարության սկզբունք) միությանը, ժողովրդավարությունը, թափանցիկ եւ մրցակցային շուկան եւ այլ արժեքները։

Ինչ վերաբերում է եվրոպական կառույցներին, ապա դրանք ստեղծվել են երեք հիմքերի կամ, ինչպես ասաց ելույթ ունեցողըՙ երեք հենասյուների վրա։ Առաջինն այսպես կոչված «եվրոպական գործոնն» է, որի հիման վրա տրվել է Եվրահամայնքի ուրվագիծը։ Մի շարք պայմանագրերով ստեղծվեցին Ածխի եւ պողպատի եվրոպական համայնքը, Եվրատոմը, Եվրահամայնքը։ Երկրորդ հենասյունը միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականությունն է։ Երրորդըՙ ոստիկանական եւ դատական մարմինների համագործակցությունն է քրեական բնագավառում։ Կառույցն են Եվրամիության խորհուրդը, որը որոշումներ է կայացնում ԵՄ քաղաքականության վերաբերյալ։ Հաճախ դա տեղի է ունենում եվրոպական խորհրդարանի հետ։ Խորհրդի հանդիպումները լինում են եռաստիճան մակարդակներով։ Եվրոպական խորհուրդը Եվրամիության բարձրագույն իշխանությունն է։ Նա պարբերական հանդիպումների միջոցով միավորում է պետությունների ղեկավարներին եւ որոշումներ կայացնում առավել կարեւոր քաղաքական խնդիրների շուրջ։ Նախարարների խորհուրդը գործողություններ է մշակում տարբեր բնագավառներում (ֆինանսներ, գյուղատնտեսություն եւ այլն), որոշումներ է կայացնում միությանն անդամակցելու նախապայմանների վերաբերյալ։ Մշտական ներկայացուցիչների խորհրդում ընդգրկված են ԵՄ անդամ պետությունների դեսպանները, որոնք կանոնավորապես հանդիպում եւ բանակցում են բոլոր կարեւոր խնդիրների շուրջ։

Եվրահանձնաժողովը ղեկավարում են 20 կոմիսիոներներ, որոնց նշանակում են ԵՄ անդամ պետությունները։ Նրանք ունեն ԵՄ միասնական շահերը եւ որոշ բնագավառներում ստանձնած պարտավորությունները պաշտպանելու պարտականություն։ Կոմիսիոներների գործունեությանը աջակցում է վարչակազմը, որն էլ կոչվում է Եվրահանձնաժողով (ԵՀ)։ ԵՀ-ն վերահսկում է եվրոպական պայմանագրերի իրականացումը, ներկայացնում է այդ պայմանագրերից բխող օրենսդրական ակտեր, անդամ երկրներում մշակում եւ վերահսկում է ԵՄ քաղաքականությունը։ Վերոնշյալ բոլոր կառույցների գլխավոր գրասենյակները Բրյուսելում են։

Եվ վերջապես Եվրոպական խորհրդարանը, որն ընտրում են ԵՄ քաղաքացիները եւ որի նստավայրը Ստրասբուրգն է, մեծ դեր ունի ԵՄ որոշումների կայացման եւ վերահսկման ոլորտում։ Նա նաեւ հաստատում է ԵՄ բյուջեն։

Ներկայումս վերոնշյալ կառուցվածքում առաջարկվող փոփոխություններն են քննարկվում։ Մասնավորապես առաջարկվում է եվրոպական սահմանադրությունը, որի ընդունվելու դեպքում ԵՄ-ը կունենա իրավաբանական անձի կարգավիճակ։ Հաջորդը Եվրամիության ընդլայնումն է։ ԵՄ մուտք գործելու համար սահմանվել են նոր չափանիշներ։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4