«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2003-12-02 | #222, 2003-12-03 | #223, 2003-12-04


ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՄԻ ՏԵՂՈՒՄ ԲՈՅԿՈՏՎԵՑ, ՄՅՈՒՍՈՒՄ ԴՐՎԱՏՎԵՑ

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի նախագիծը, որ երեքշաբթի երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Ազգային ժողովում, երեկ քննարկման նյութ էր դարձել նախ Մամուլի ազգային ակումբի, ապա Ժուռնալիստների միության հրավիրած ասուլիսներում։ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի եւ իր համախոհներ Նարինե Դիլբարյանի եւ Վարդան Վարդանյանի գնահատմամբ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի ու ՀՀ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանի հայտարարությունն այն մասին, թե օրենքը լրացումներից հետո համապատասխանում է միջազգային չափանիշներին, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը, քանի որ փորձաքննություն կատարած 3 միջազգային կազմակերպություններըՙ Եվրոպայի խորհուրդը, «Արտիկլ 19»¬ը եւ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերակցությունը խորը մտահոգություններ են արտահայտել օրենքի անկատարության մասին։ Ինչ վերաբերում է օրենքի վերաբերյալ տկն Հակոբյանի ընթերցած ԵԱՀԿ գրասենյակի նամակին, իրականում այդպիսի բան գոյություն չունի, որովհետեւ նույն գրասենյակից Մամուլի ազգային ակումբին հայտնել են իրենց անտեղյակության մասին։ Ահա թե ինչու ՄԱԱ¬ն եւ նրան աջակցող «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունները որոշել են պահանջել Հրանուշ Հակոբյանի եւ Աշոտ Աբովյանի հրաժարականը եւ շարունակել իրենց ներկայացրած օրինագծի պաշտպանությունը։ Անգամ Հանրապետության նախագահի վավերացումից հետո ՄԱԱ¬ն չի ենթարկվելու նոր օրենքի պահանջներին եւ գործելու է օրենքից դուրս։

Ժուռնալիստների միությունում ներկա էին միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Խոսքի ազատության կենտրոնի» տնօրեն Աշոտ Մելիքյանը եւ «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության նախագահ Նունե Սարգսյանը։ Վերջիններս, իհարկե, օրենքի վերամշակված նախագիծը կատարյալ չհամարեցին, սակայն ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնեցին։ Տկն Գեւորգյանը նշեց, որ ընդունված նախագիծը 1,5 տարի առաջ ունեցածի հետ համադրելով միայն կարելի է համոզվել, թե ինչ կարեւոր փոփոխություններ են կատարվել լրատվամիջոցների իրավունքները պաշտպանելու իմաստով։ Պրն Նավասարդյանը նկատեց, որ թեպետ նոր օրենքի նախագիծը չի խոչընդոտում եղած օրենսդրական դաշտին, սակայն մասամբ է լուծում խոսքի ազատության խնդիրը, քանի որ վերացված է լրատվամիջոցների գրանցման ինստիտուտը։ Նա անհրաժեշտ համարեց օրենքի հետագա կատարելագործումը, նկատի ունենալով լրատվական դաշտում շուկայի զարգացման կարեւորությունը։ Երեւանի մամուլի ակումբը լրագրողներին բաժանեց գրավոր հայտարարություն, որում նշված հետեւյալ կետով կարելի է բացատրել միեւնույն օրինագծի վերաբերյալ եղած տարաբնույթ գնահատականները. «Վերլուծելով օրինագծի շուրջ ծավալված իրադարձություններըՙ հնարավոր չէ շրջանցել օրենքի կատարելագործմանը խոչընդոտող խնդիրները։ Ցավոք, բազմիցս վտանգ կար փաստաթուղթը դարձնելու խոսքի ազատության օրենսդրական շահագրգռվածության հետ ընդհանուր ոչինչ չունեցող անձնական փառասիրության եւ քաղաքական խարդավանքների պատանդ։ Դա լարված մթնոլորտ էր ստեղծում եւ էականորեն վնասում լրագրողների մասնագիտական միասնությանը»։

Չմոռանանք, որ Մամուլի ազգային ակումբում էլ շեշտվեց մեր լրատվական դաշտի թույլ ու մասնատված լինելը, իբրեւ թարմ օրինակ բերելով Վրաստանի միասնական, ազատ ու անկախ լրատվամիջոցներին, որոնք անսացին ժողովրդի եւ ոչ իշխանավորների ձայնին։ Վրացական գործոնը ազդել է նաեւ մեր լրատվական դաշտի վրա....

Այնուհանդերձ, չենք կարող չընդգծել, որ ընդունված օրենքն իր մի շարք չափանիշներով առաջընթաց քայլ է։

ՌՈւԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4