«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2003-12-02 | #222, 2003-12-03 | #223, 2003-12-04


ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ՕՐԵՆՍԴԻՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ

Ո՞վ է ավելի պատասխանատու

Ազգային ժողովի պատգամավորների եւ կառավարության հարցուպատասխանն այս շաբաթ հիմնականում սոցիալական ուղղվածություն ուներ։ «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը կրկին բարձրացրեց բազմաբնակարան շենքերի պահպանությանՙ բազմիցս հնչեցված եւ բազմիցս շրջանցված խնդիրը։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո մեր բնակելիները հայտնվեցին ծայր աղետալի վիճակում։ Արդեն տասնամյակուկես դրանք հիմնանորոգումների չեն ենթարկվելՙ հանձնվելով բախտի քմահաճույքին։ Մինչդեռ հանրապետության բնակչության ահռելի զանգվածՙ 450 հազար մարդ, ապրում է բազմաբնակարաններում։ Դրանք աստիճանաբար քայքայվում ենՙ անընդմեջ ավելացնելով վթարային շենքերի թիվը։ Խնդիրը հիմքից լուծելու փոխարեն կառավարությունն անընդմեջ փորձում է հետեւանքները վերացնելՙ հատկացումներ անելով վթարային շենքերի բնակիչներին ու այդպես էլ դժգոհ թողնելով նրանց։

2004-2006 թթ. կառավարությունը 1 մլրդ 220 մլն դրամ է նախատեսել բազմաբնակարան շենքերի աջակցության համար։ Սակայն դա էլ ակնհայտորեն քիչ էՙ նկատի ունենալով բնակելիների ներկա վիճակը։ Խնդրի լուծումը կարող են ապահովել միայն դոնորական մեծ ներդրումները։ Որ բազմաբնակարանները, այնուամենայնիվ, մոռացել են հայրենի իշխանությունները, զգացվեց թեկուզ կառավարության ներկայացուցիչ, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի պատասխանից։ Նա տեղեկացրեց, որ կառավարության նախատեսած գումարն էլ ուղղվելու է ոչ թե հիմնական նորոգումներին, այլ համատիրությունների կայացմանը։ Իսկ քանի որ բնակելիները բնակիչների սեփականությունն են դարձել, թող իրենք էլ հոգան շենքերը քայքայումից փրկելու հարցերը։ Մեր բնակիչների գրպանի պարունակությունը հաշվի առնելով, կառավարության ներկայացուցիչը չափից դուրս պատիվ է անում նրանցՙ անգամ պետության հնարավորություններից մեծ բեռը թեկուզ տեսականորեն նրանց վստահելով։ Անկասկած, ինչպես շատ դեպքերում, այս անգամ էլ բնակիչների ճակատագրի հարցը պարզապես հանձնվել է նախախնամության բարեհաճությանը։ Իսկ բնակֆոնդն ազգային մեծ արժեք է, որի կորուստը ոչնչով չի փոխհատուցվի։

Գրեթե նույն վիճակում են հայտնվել նաեւ հանրապետության ճանապարհներիՙ «Լինսի» ծրագրից սպրդած հատվածները։ Պատգամավոր Արամայիս Գրիգորյանը ներկայացրեց Արարատի մարզի բնակիչների խնդրանքը։ Մարզի 5 համայնքներից (Ուրցաձոր գյուղից սկսած) դեպի Սյունիք ճանապարհը, որ ռազմավարական մեծ նշանակություն ունի, պարզապես անանցանելի է եւ վտանգավոր երթեւեկի համար։ Լեռնային այդ գյուղերում մոտ 20 հազար մարդ է բնակվում, որոնք ոչ միայն այդ, այլեւ ներհամայնքային հաղորդակցման անհնարինության պատճառով լքում են բնակավայրերը։ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը տեղեկացրեց, որ կառավարությունը լավատեղյակ է, սակայն ճանապարհաշինական նպատակներով կարողացել է ընդամենը 216 մլն դրամի հատկացում անել։ Բայց այդ գումարը բավական չէ նույնիսկ հիշատակվածՙ 15 կմ-անոց ճանապարհի հարցը լուծելու համար։ Համենայն դեպս, նախարարն արարատցիներին մխիթարեց, որ 2004 թ. այդ հատվածն իրենք գոնե անցանելի կդարձնեն, իսկ վերակառուցման հույսը մնում է Համաշխարհային բանկից ակնկալվող գումարների վրա։

Օրենսդիր բարձր ամբիոնին իրենց տագնապն էին հասցրել նաեւ Գեղարքունիքի մարզի Վաղարշյան գյուղի բնակիչները։ Գյուղիՙ 750 աշակերտով միջնակարգ դպրոցը փլուզվելու եզրին է, բայց պարապմունքները շարունակվում ենՙ վտանգելով երեխաների կյանքը։ Պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանն առաջարկեց հատուկ այս հաստատության համար գալիք տարվա բյուջեում 20 մլն դրամ առանձնացնել։ Ասենք, որ սա հանրապետության միակ կրթօջախը չէ, որ այս վիճակում է։ Ըստ Վարդան Խաչատրյանի, արդեն կազմվել է այս կարգի դպրոցների ցանկՙ ըստ առաջնայնությունների։ Վերանորոգումների կարոտ կրթական կառույցների համար այս տարի առաջին անգամ պետբյուջեն գումարներ է նախատեսել։

ԱԺ եւ կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հնչած սոցիալական բնույթի մյուս հիմնախնդիրները եւս տագնապահարույց էին։ Շիրակի մարզի Շիրակավան գյուղի բնակիչները սպառնում են անցնել սահմանը, եթե չլուծվի ոռոգման հիմնահարցը։ Բանն այն է, որ մարզի ոռոգման խողովակների բազմաթիվ տեղամասեր ապօրինի ապամոնտաժվել են, չգիտես թե ում կողմից եւ ինչու։ Իսկ դրանք ընդամենը 1994 թ. են շահագործվել, այսինքնՙ ոչ մի կերպ պատճառաբանված չէ հանցագործությունը։

Քաղաքական բնույթի միակ հարցադրումը դարձյալ վերաբերում էր «Հոկտեմբերի 27»-իՙ այս օրերին հասարակությանն ամենաշատ հուզող խնդրինՙ արդյոք ոճրագործների վրա տարածվելո՞ւ է քր. օրենսգրքի փոփոխությամբ պայմանավորված ներում չշնորհելու վերապահումը։ Այս առթիվ առաջին հրապարակային պարզաբանումն արեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը. «Սա այն դեպքն է, երբ օրենքի կիրառելիությունը որոշելու է միայն դատարանը։ Այդ իմաստով այս պահին առկա են իրարամերժ կարծիքներ։ Համենայն դեպս, քանի դեռ այս գործը չի հասել վերջնական ավարտի, մենք չէինք ուզենա որեւէ կերպ միջամտել դատական գործին։ Հրապարակվել է միայն առաջին ատյանի դատարանի դատավճիռը, հնարավոր են նաեւ համապատասխան վարույթներ ինչպես վերաքննիչ, այնպես էլ վճռաբեկ դատարանում։ Եվ հենց դրանից ելնելովՙ ես չեմ արտահայտի իմ կարծիքը։ Դատարանի գնահատման խնդիր է»։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4