Գենդերային հարաբերությունները ոչ թե սոսկ կանանց, այլ հասարակության մեջ կանանց եւ տղամարդկանց դերի, փոխհարաբերությունների իրավահավասարության խնդիրներն են, որն էլ իր տեղն է գտել ՀՀ սահմանադրության մեջ։
Նոյեմբերի առաջին տասնօրյակում Ղազախստանի մայրաքաղաքում հրավիրվել էր գիտական սեմինարՙ նվիրված աղքատության կրճատմանը, ռազմավարությանը եւ գենդերային հարցերին։ Ներկայացուցչական այդ սեմինարին մասնակցում էին ԱՊՀ 7 երկրներՙ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Մոլդովան, եւ որպես դիտորդ Ղազախստանից ներկայացուցիչներ։
Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի կազմակերպած Աստանայի սեմինարի ընթացքում Համաշխարհային բանկի փորձագետները ներկայացրին, որ շատ երկրներում ուշադրության կենտրոնում չէ աղքատության հաղթահարման ծրագիրը։ Այդ հարցերն արծարծող սեմինարը տվեց շատ հարցականների հստակ պատասխաններն ու լուծման ճանապարհները։ Մասնակից երկրները ներկայացրին իրենց զեկույցները ԱՀՌԾ-ի հետ կապված ու նաեւ գենդերային հիմնահարցերնՙ արտացոլված այդ նախագծերում։
Հայաստանից զեկույցը ներկայացրեց ՀՀ սոցապ նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Թանաշյանը։ Նա հիմնականում շեշտը դրեց այն բանի վրա, որ Հայաստանում շատ թույլ է կանանց ներկայությունն օրենսդիր եւ գործադիր մարմիններում... Իսկ Հայաստանի պատվիրակության ղեկավար Հրաչյա Պետրոսյանը (ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ) ամփոփելով սեմինարի աշխատանքներն, ասաց. «Աշխատանքային հանդիպումների ընթացքում մեր կողմից եղան մի շարք առաջարկություններ. ստեղծել ինտերնետային ֆորումՙ ներգրավելով տարբեր երկրների փորձագետների կարծիքներն ու եզրակացությունները, ներկայացնել այն հիմնախնդիրները, որոնք առաջացել են այս կամ այլ գործընթացների ժամանակ։ Նախ նշեմ, որ մեր առաջարկած ցուցանիշների եւ չափորոշիչների կոորդինացնող սխեմա ստեղծելն ընդունվեց գոհունակությամբ։ Այն փաստը, որ Հայաստանի փորձը ներկայացվեց որպես օրինակ ապացուցում է, որ մեր երկրի ԱՀՌԾ-ն մշակված է մանրակրկիտ։ Բացի այդ, այսօր արդեն նախագծվում է մեր երկրում կանանց վիճակի բարելավման մի նոր ծրագիր, ուր ներառված են գենդերային խնդիրները»։ Մասնավոր զրույցների ընթացքում հնարավորություն ստեղծվեց որոշակի նախնական համաձայնություններ ձեռք բերել, այս բնագավառում միջազգային կազմակերպությունների հետ ծրագրեր իրականացնելու նպատակով։
Ինչպես 7 երկրների պատվիրակներն, այնպես էլ կազմակերպիչները գոհ էին սեմինարի աշխատանքներից եւ հատկապես փորձի փոխանակումից, որն իր դրական պտուղները կտա, նշեց Համաշխարհային բանկի Ասիայի ու Եվրոպայի երկրների ավագ ղեկավար Գյուլնարա Ֆեբրեսը։ Իսկ գալիք մայիս-հունիս ամիսներին նախատեսվում է անցկացնել խոշոր համաժողով ԱՊՀ երկրների մասնակցությամբ ԱՀՌԾ շրջանակներում։ Սեմինարի ընթացքում ներկայացվեցին մանրամասն նյութեր ու թվեր, որոնցից ուշագրավները ներկայացնում ենք մեր ընթերցողներին։
Վրաստան- Ըստ պաշտոնական տվյալների, ծայրահեղ աղքատները 32-35 տոկոս են կազմում։ Սակայն, փորձագետների կարծիքով, այդ թիվը շատ ավելին է։ Իր ելույթում նշեց Թբիլիսիի պետհամալսարանի պրոֆեսոր Շարիդա Ջաշին։
Ղրղզստան- Տնտեսական զարգացման ռազմավարական ծրագրի քարտուղար եւ փորձագետ Եվգենի Լիի տեղեկության համաձայն, 2002 թ. հաշվարկով 44,4 տոկոսն աղքատ է (1998-ին այդ թիվը 60 տոկոս է եղել)։ Նա նշեց, որ պատմական իրենց երկիրը մյուս երկրների պես անցնում է զարգացման մի նոր փուլ, եւ համատեղ մոտեցումները գլոբալ հարցերի լուծման խնդրում զուգադիպում են եւ նույն լուծումն են պահանջում։ Իսկ փորձի փոխանակումը կարող է մեծ դեր խաղալ։
Մոլդովա- Պատվիրակության ղեկավար Օքսաննա Դիմինտը նշեց, որ 25 տոկոսը ծայրահեղ չքավորներ են, 40 տոկոսըՙ աղքատներ։ Կանանցից 16¬ը պատգամավոր են (101-ից), 16-17 տոկոսը քաղաքապետ եւ գյուղապետներ, 2-ըՙ նախագահի խորհրդական, 7¬ը փոխնախարար եւ 1¬ը նախարար (ֆինանսներ)։ Առողջապահության եւ կրթության բնագավառում 80 տոկոսը կանայք են։
Ուզբեկստան- Գործարար կանանց ընկերակցության նախագահ Դիլդորա Ալիմբեկովան նշեց, որ ծայրահեղ չքավորներն, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, 27 տոկոս են կազմում, եւ դեռ չունեն մշակված ծրագրեր աղքատացման նվազեցման վերաբերյալ։
Ադրբեջան- Հոգեբան Ռենա Իբրահիմբեկովան նշեց, որ 48 տոկոսը ծայրահեղ չքավորներ են, 17 տոկոսըՙ աղքատներ, 12 տոկոս է կանանց մասնակցությունը խորհրդարանում։ Աղքատանալու ռիսկը 1-15 տարեկանների մեջ բարձր է, քան 60 տարեկանների։ Աղքատների 50 տոկոսը կանայք են, 48 տոկոսըՙ տղամարդիկ, եւ այդ թիվը փոխվում է կապված, թե ով է ընտանիքի գլխավորը։
Տաջիկստան- Գենդերային զարգացման հասարակական կազմակերպության մենեջեր Մայա Խաշակովան ցավով նշեց, որ դեմոկրատական զարգացման ուղին բռնած երկիրն այսօր ունի 83 տոկոս ծայրահեղ չքավորներ։ Բնակչության 51 տոկոսը տղամարդիկ են, իսկ 49 տոկոսըՙ կանայք։ Կանանց զբաղվածությունը, բացի ուժային նախարարություններից, 17 տոկոս է։ 60 պատգամավորից 12-ը կին է, բոլոր փոխնախարարները կանայք են։
Սեմինարի մասնակիցներին հյուրասեր ղազախները հնարավորություններ ընձեռեցին ունկնդրելու ֆոլկլոր անսամբլի ելույթը եւ պետօպերայի սրահում դիտելու «Բախչիսարայի շատրվանը» բալետը, որն ինքնին գենդերային խնդիրներ էր պարունակում։
Նյութը եւ լուսանկարըՙ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ