«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2003-12-02 | #222, 2003-12-03 | #223, 2003-12-04


ԱԶԳԻ ՆՎԻՐՅԱԼ ԻՇԽԱՆՈՒՀԻՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը զբաղվում է հայագիտական ուսումնասիրություններով։ Հետաքրքրությունները ներառում են հայ սփյուռքը եւ նրա արվեստագետները (մասնավորապես կինոյի բնագավառի), հայ բանասիրությունը, հայ ժողովրդի պատմամշակութային կապերը տարբեր ժողովուրդների հետ։ Իր հիմնական աշխատանքներին զուգահեռ կազմում է օտար մշակույթներին նպաստ բերած հայ եւ ծագումով հայ գործիչների կենսագրական տվյալների շտեմարան (առաջին հրատարակչությունըՙ 1993 թվականին)։ Արծվի Բախչինյանը հեղինակ է բազմաթիվ գրքերի, հոդվածների։

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել հայ մշակութային եւ հասարակական գործիչ իշխանուհի Մարիամ Թումանյանի «Իմ համառոտ կենսագրությունը եւ իմ հիշողությունները» գիրքը։ Տեքստը կազմել, առաջաբանը եւ ծանոթագրությունները գրել է Արծվի Բախչինյանը։ Գիրքը տպագրվել է ամերիկահայ գրասեր բարերար Հարություն Սիմոնյանի մեկենասությամբ, ամբողջական բնագիրը տպագրվում է առաջին անգամ։

Թանգարանի ֆոնդերում քիչ չեն հայ գրականության եւ մշակույթի պատմության համար մեծ արժեք ներկայացնող, սակայն անտիպ մնացած հուշագրությունները։ Դրանց մեջ իր բացառիկ արժեքով առանձնանում է իշխանուհի Մարիամ Թումանյանի (1870-1947) «Իմ համառոտ կենսագրությունը եւ իմ հիշողությունները», որն այսօր արդեն ընթերցողի սեղանին է։

Իշխանուհի Մարիամ Մարկոսի Թումանյանը (Մարիա Մարկովնա Թումանովա, ծնյալՙ Դոլուխանյան) հայ մշակույթի պատմության մեջ հայտնի է որպես խոշոր հասարակական-մշակութային գործիչ եւ մեկենաս։ Արցախի մելիքների շառավիղ, թիֆլիսցի իրավաբան եւ հասարակական գործիչ Մարկոս Դոլուխանյանի դուստրըՙ Մարիամը, սկզբնական կրթությունն ստացել է Գայանյան դպրոցում, ապաՙ Թիֆլիսի առաջին իգական գիմնազիայում։ Նրա կյանքում բախտորոշ դեր է ունեցել հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Միսակ Արամյանը, որը նրան ներշնչել է «վառ զգացմունք դեպի մայրենի լեզուն եւ գրականությունը»։

Գրքից տեղեկանում ենք, որ տակավին դեռահասության տարիներից Մարիամ Դոլուխանյանն իր անհանգիստ, որոնող մտքի, լայնախոհ եւ նախաձեռնող բնութագրով առանձնացել է ժամանակի հայուհիներից։ Տակավին դեռատի աղջնակ, հանգամանքները ստիպել են կատարել աղջկան ոչ բնորոշ մի գործՙ ճերմակ շապիկ է հագել եւ «տիրացություն արել», կարդացել Դանիելի գիրքը, այսպիսով ունենալով իր առաջին հրապարակային ելույթը...

«Ես անջատվեցի իմ շրջանի կանանցից եւ գնացի ուրիշ ճանապարհով», գրել է նա իր հուշերում։ Հովհաննես Թումանյանն էլ մի առիթով նրան գրել է. «Ավելի ու ավելի շատ հայ տիկինների հետ ծանոթանալովՙ ավելի ու ավելի էլ գնահատում եմ Ձեզ։ Ի՜նչ խեղճ արարածներ են, տե՜ր Աստված, ոչ մի հետաքրքրություն, ոչ մի կենդանություն, ոչ մի շարժում, ոչ մի գույն, բովանդակություն։ Չափազանց շատ են ձանձրալի, նույնիսկ խղճալի»։

Մարիամ Թումանյանը բազմաբնույթ գործունեություն է ծավալել։ Եղել է նաեւ հրատարակչական միության եւ «Ազգագրական հանդեսի» հրատարակչական ընկերությունների վարչության անդամ, Հայուհյաց բարեգործական ընկերության հիմնադիր եւ նախագահ։

Մարիամ Թումանյանն իր անունն անմահացրել է նաեւ հայ գրականության պատմության մեջ որպես գրական կյանքի կազմակերպիչ եւ մեկենաս։ Հայ գրականության համար չափազանց օգտավետ են եղել նրա կազմակերպած «Գրական հինգշաբթիները», երբ Թումանովների «սալոնում» հայ գրասերները հավաքվել են մի բաժակ թեյի շուրջ եւ ունկնդրել ու քննարկել բարեկամ գրողների նոր ստեղծագործությունները։ 1908-ին նա հիմնադրել է «Իշխանուհի Մ. Թումանյան եւ ընկ.» հրատարակչությունը եւ սեփական միջոցներով լույս ընծայել հայ գրողների մի շարք գրքերՙ արեւելահայ տպագրության պատմության մեջ հիմք դնելով նմանը չունեցող բարձրորակ հրատարակչությունների։

«...Ինձ վրա մեծ պարտականություն էի զգում օգնել Ամենայն հայոց բանաստեղծին նյութապես եւ բարոյապես», իր հուշերում գրել է իշխանուհին, որն էլ հայ գրականությանը նրա մատուցած մեծագույն ծառայությունն է եւ այս գրքի ամենահուզիչ դրվագը։

Հուսով ենք, որ հայ իշխանուհու ազգանվեր հուշագրական ժառանգության մյուս արժեքավոր էջերը եւս մոռացությունից վեր կհանվեն։

ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4