«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2003-12-03 | #223, 2003-12-04 | #224, 2003-12-05


ՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳՉՈՒՀԻ Է

1994 թ. Լոս Անջելեսի «Շրայն աուդիտորիում» համերգային դահլիճում տեղի էր ունենում «Բրավո, Արմենիա» տոնակատարության անդրանիկ համերգը։ Վեց ու կես հազար հանդիսատես, հերթական կատարման ավարտից հետո մի պահ քար լռություն տիրեց եւ մի քանի ակնթարթ անց դահլիճը դղրդաց ծափահարություններից։ Բեմի կենտրոնում կանգնած էր երգչուհի Հասմիկ Հացագործյանը, որը կատարել էր Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայից Լեոնորայի մեներգը։ Այդպես էր մեծ արվեստի հզոր ազդեցությունը հանդիսատեսի վրա։

Հաջորդ օրը հայկական մամուլում այդ գալա-համերգի մասին հոդվածներում դրվատանքի խոսքերի զգալի մասն ասվում էր այդ կատարման մասին։ «Նուրբ կատարում, բարձր երաժշտականություն, բանաստեղծականություն հիանալի տեխնիկայի հետ միասին»։

«Նա բացառիկ հմայիչ է, իր արվեստով, իր տաղանդով եւ վարպետությամբ կարողանում է գերել ունկնդրինՙ ստեղծելով իր շուրջը գեղեցկության եւ ուժի լուսապսակ»։

Դեռ մանուկ հասակից Հասմիկը գերել է մարդկանց իր բացառիկ երաժշտական տաղանդով։ Սովորում էր Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանում եւ արդեն իսկ մանուկ հասակից ելույթներ ունենում մենահամերգներով, սպասվում էր, որ մոտ ապագայում կդառնա մենակատար դաշնակահար. մենահամերգներ սիմֆոնիկ նվագախմբի հետ չափազանց բարդ ծրագրերովՙ Բեթհովենի թիվ 3, Չայկովսկու թիվ 1, Ռախմանինովի թիվ 2 կոնցերտների կատարումներով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, նորից մենահամերգներ, եւ շատերի համար անսպասելիորեն զուգահեռ ընդունվում է վոկալ բաժին։ Սերը դեպի երգարվեստ Հասմիկի մեջ ծնվել էր մանկուց իր մորիցՙ օպերայի թատրոնի մեներգչուհի, վաստակավոր արտիստուհի Ելենա Միքայելյանի շնորհիվ, որի գրեթե բոլոր դերերգերըՙ Աիդա, Անուշ, Օլիմպիա, գիտեր երեխա հասակից։ Հարկ է նշել, որ Հասմիկի դուստրըՙ Ելենա Գասպարյանը, նույնպես դաշնակահարուհի է դառնալու եւ նույնպես սեր ունի դեպի վոկալ արվեստը։ Եվ այսպես, կայացած դաշնակահարը դառնում է երգչուհի։ Իրար են հաջորդում երեք միջազգային մրցույթներըՙ 1989 թ. Բրազիլիայում, 1990 թ. Պորտուգալիայումՙ Լուիզա Տոդիի անվան եւ 1991 թ. Իտալիայում Բելլինիի անվան, ուր Հասմիկը մեկնում է իր միջոցներով եւ վերադառնում դափնեկրի կոչմանն արժանացած։ Դրանց նախորդել էին Գլինկայի անվան եւ Անդրկովկասի մրցույթները։ Այս բոլորին հետեւում է տաղանդավոր երգչուհու ստեղծագործական բուռն ժամանակաշրջան Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում։ Նրա երգացանկը զարդարում են Ռոսինիի Ռոզինան, Վերդիի Վիոլետան, Պուչինիի Տոսկան, Վերդիի Դեզդեմոնան, ինչպես նաեւ Միմի, Անուշ, Մոցարտի, Ֆորեյի, Վերդիի ռեքվիեմները եւ, իհարկե, Նարեկացի, Կոմիտաս եւ ի վերջո Հասմիկ Հացագործյանի ստեղծագործության փայլը հանդիսացող Դոնիցետտի «Պողիկտոս» օպերայից Պաոլինայի դերերգը, որն առանձնահատուկ փառք բերեց Հացագործյանին։

«Հայկական հրաշք Մեծ թատրոնի բեմի վրա» («Մոսկովսկայա գազետա»)։

«Հասմիկ Հացագործյանի չքնաղ կատարմամբ Պաոլինայի դրամատիկ կերպարը երկար կմնա մոսկովյան հանդիսատեսի հիշողություններում» («Վեչերնայա Մոսկվա»)։

««Պողիկտոս» օպերայի ներկայացման գագաթնակետը հանդիսացավ Պաոլինայի դերերգի կատարումը Հասմիկ Հացագործյանի կողմից։ Մաքրագույն լիրիկո-կոլորատուրային սոպրանո։ Նրա ձայնի գեղեցկությունը, փայլուն տեխնիկան, վոկալ եւ դրամատիկական վարպետության համաձուլվածքը, գումարած արտիստականությունը, ցնցեց բոլորինՙ Մարիա Կալլասի ամենասիրած դերերգը կատարելիս»։ «Իզվեստիա»։

Այսպիսի գնահատականներով մոսկովյան մամուլը նշեց Հասմիկ Հացագործյանի արվեստը։

Հասմիկ Հացագործյանն իր ստեղծագործական ծաղկման տարիքում է։ Ցավոք, օպերային թատրոնի շենքի հիմնովին վերանորոգումն աննախադեպ դադար է տվել նրա բեմական գործունեությանը։ Հասմիկը կարող էր շատերի պես լքել հայրենիքը եւ օտար ափերում շարունակել ստեղծագործել, մանավանդ այդ հնարավորությունն ուներ եւ ունի բազմաթիվ առաջարկություններ տարբեր թատրոններից, եւ դա կարելի կլինի հարգելի համարել։ Հասմիկը մնաց Հայաստանումՙ երգելով հանրապետության մարզերի մեծ ու փոքրիկ դահլիճներում, արտասահմանյան հյուրախաղերին զուգընթաց։ Նա մնաց Հայաստանի երգչուհի եւ հպարտ է այդ կացությամբ։

ՖԵԼԻՔՍ ԱՐԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4