«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#222, 2003-12-03 | #223, 2003-12-04 | #224, 2003-12-05


ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ «ՊՌՈՇԸ», «ՊԼՏԻՆԸ», «ԿԻԿԻՆ», «ՄԱՔՍԸ», «ԳՈԳՈՆ» ՈՒ «ԹՈՄԸ»

Ինչպես տեղեկացանք ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի տրամադրած ինֆորմացիայից, ՀՀ ԱԱԾ մարմինների իրականացրած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 3-ին, ժամը 12։30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Աստրախան-Երեւան չվերթով ժամանած Երեւանի բնակիչ Ռուբեն Խորենի Հայրապետյանը (հանցավոր աշխարհում հայտնի է «Պռոշ» մականունով), որը փորձել էր մաքսանենգ ճանապարհով Երեւան ներկրել 100 գրամ հերոին տեսակի թմրանյութ։

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել են նաեւ հանցախմբի մասնակիցներ Արտաշես Վահանի Հարությունյանը (մականունըՙ «Պլտին») եւ Արթուր Միշայի Դարբինյանը («Կիկի» մականվամբ)։ Արտաշես Հարությունյանի մոտ հայտնաբերվել է 4 գրամ հերոին տեսակի թմրանյութ։ Բացահայտվել եւ ձերբակալվել են նաեւ կազմակերպված հանցավոր խմբի մյուս անդամները. Արթուր Կազբեկի Աղաջանյանը (մականունըՙ «Մաքս») նախկինում եղել է ներքին գործերի 6-րդ վարչության եւ ռազմական ոստիկանության աշխատակից։ Նրա բնակարանում հայտնաբերվել եւ առգրավվել են տրոտիլ տեսակի պայթուցիկ, հակահետեւակային ականներ, նռնակներ, դետոնատորներ եւ այլ զինամթերք։ Գեւորգ Համբարձումի Վարդանյանը (մականունըՙ «Գոգո») նախկինում աշխատել է ՆԳՆ 7-րդ վարչությունում։ Նրա մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է «Մակարով» ատրճանակ, լիցքավորված պահունակով եւ 20 գրամ հերոին։ Թովմաս Վարդգեսի Մխիթարյանը (մականունըՙ «Թոմ»), որը զբաղվում է թմրանյութի իրացմամբ։

Պարզվել է, որ հանցախմբի անդամները 2002-2003 թթ. մաքսանենգ ճանապարհով հանրապետություն են ներկրել եւ իրացրել 7 կգ հերոինՙ գրամը 120 ԱՄՆ դոլարով։ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը հարուցել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4