Ով վերջին շրջանում առիթ է ունեցել լինելու աղետի գոտում, հատկապես Գյումրի, Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում, կվկայի անկասկածՙ հետզհետե փոխվում է մարդկանց տրամադրությունն այնտեղ, փոխվում է այցելուի տրամադրությունը։ Մարդիկ ավելի աշխույժ, ավելի ինքնավստահ են թվում։ Համենայն դեպս, չկա նախկին ճնշող տրամադրությունը, որը տիրապետող էր նույնիսկ մի քանի ամիս առաջ։ Խեղճության ու անարժանապատվության զգացում չես ապրում այլեւս, ասենք Գյումրի մտնելիս։ Ոչ միայն ճանապարհն է նորոգվել, փոսերն են վերացել, այլեւ կենտրոնական փողոցների երկայնքով շարված շենքերն են ամրացվել, վերականգնվել կամ ամբողջությամբ նորից են կառուցվել։ Ոչ, շքեղ շենքեր չեն դրանք, սակայն բարեկարգ են ու համեստորեն հյուրընկալ։
Փոփոխությունն առավել ակնառու է Սպիտակում, որտեղ սպիտակագեղ մի գողտրիկ հրապարակ է կառուցվել, որի մոտակայքում, նորակառույց եկեղեցու դեմ-հանդիման, մի ամբողջ թաղամաս է վեր խոյացելՙ բոլորովին նոր ու բարետես։
Համաշխարհային բանկի, բարեգործական տարբեր կազմակերպությունների, սփյուռքահայ համայնքների, ամերիկյան կառավարության հայաստանցի մի քանի բարերարների, բայց առաջին հերթին եւ ամենից առավելՙ ազգային մեծագույն բարերար Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի հատկացրած միջոցները, գումարած շինարարների ոգեւորությունն ու պատասխանատուների բծախնդիր հսկողությունը տվել են իրենց արդյունքը, աղետյալ շատ ու շատ ընտանիքներ արդեն վերագտել են իրենց ընտանեկան ապահով օջախը, դուրս եկել տնակների, կոնտեյներների գոմային պայմաններից։
Անշուշտ, այդ ամբողջը չկառուցվեց կամ չբարեկարգվեց մեկանգամից։ Տարիների ջանք ու միջոցներ են ներդրվել հիշյալ բնակավայրերի վերաշինության գործում։ Սակայն տարիների այդ շինարար ջանքերի կուտակումն այս աշնանն է համապարփակ երեւում։ Նույն թափով, նույն միջոցներով եւ միեւնույն նախաձեռնությամբ շարունակելու դեպքում մենք իսկապես, երկար տարիների ուշացումից հետո, վերջապես պիտի կարողանանք հայտարարել, որ երկիրը, ազգը ձերբազատվել է աղետի գոտու մղձավանջից։
Իհարկե, բարեկարգ բնակարան ու ճանապարհ ունենալը դեռեւս ամեն ինչ չէ, տակավին մարդկանց պետք են աշխատանք, իրական եկամուտներ, բարեկեցություն, որպեսզի ապրեն ու բարգավաճեն այս հողում, չարտագաղթեն։ Սակայն կատարված գործն ամուր երաշխիք է, որ մեր ձեռներեց ժողովուրդը, այսօր արդեն 15-րդ տարին սգալով Մեծ երկրաշարժի իր զոհերին, շուտով կկարողանա հաղթահարել մնացյալ դժվարությունները եւ վերջապես բարեկեցիկ ու ապահով ապրել։