ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ
1988 թվականի դեկտեմբերի 7-ից տասնհինգ երկար ու ձիգ տարիներ են անցել, բայց նրա պատճառած վերքերը դեռ չեն ամոքվել։ Միայն պաշտոնական տվյալներով 25 հազար մարդկային կյանքեր խլեց կույր տարերքը, շուրջ 20 հազար մարդ էլ խեղանդամ ու հաշմանդամ դարձավ։ Հաշված վայրկյանների ընթացքում հանրապետության տարածքի մեկ երրորդում ավերվեց 21 քաղաք ու շրջկենտրոն, 342 գյուղ, որոնցից 58-ըՙ ամբողջովին։ Մարդիկ կորցրին տուն, ունեցվածք, աշխատատեղ, 530 հազար մարդ մնաց անօթեւան։
Աշխարհը մեզ ձեռք մեկնեց, կանգնեց մեր կողքին, եւ թվացՙ գոնե ապրողների համար փրկություն ու վերածնունդ կլինի շուտով, կարճ ժամանակում։ Բայց այդպես չեղավ։ Այս հողի վրա բոլոր փորձանքներն իրար հետ եկան։ Ավելի ճիշտՙ դրանք արագ հաջորդեցին մեկը մյուսին, կարկուտը ծեծած տեղը ծեծեց։ Հենց այդ ժամանակ պիտի քանդվեր Խորհրդային Միությունը, որը եթե գեթ մի երկու տարի էլ գոյություն ունենարՙ մեր ավերված բնակավայրերի վերականգնման գործը մեծ չափով առաջ գնացած ու հեշտացած կլիներ։ Իրենց սեւ գործն արեցին ծագած պատերազմը, շրջափակումը, օգնող նախկին խորհրդային հանրապետություններում առաջացած սեփական խնդիրները, քաղաքական, սոցիալական ցնցումներն ու երկրի նետվելը աղքատության գիրկը։ Պատեհ ժամանակ ու հնարավորություններ ձեռքից բաց թողնելու պատճառ եղան այդ ամենի պակաս թողածը լրացրած ոչ առարկայական, սուբյեկտիվ գործոնները, աղետի գոտու նկատմամբ տարիներ շարունակ իրականացված, մեղմ ասած, ոչ հոգատար «քաղաքականությունը»։ Այն առաջին տարիներին նույնիսկ գտնվեցին կեղծ-ազգային շառլատաններ, որոնք մեզ իրենց ամեն ինչով օգնության եկած, մեր ոչ միայն մատի փուշը հանող ռուս եւ այլազգի շինարարներին սպառնացին, վերջնագրեր ներկայացրին, հրացաններից օդ կրակեցին, թեՙ հեռացեք, մեր տունը մենք կկառուցենք։ Եվ մեր տունը հանգիստ քանդեցին։ Մինչդեռ միայն արտասահմանյան օգնությունը (ԽՍՀՄ միջոցները եւ ստացված վարկերը չհաշված), 600 մլն դոլար էր կազմում։
Այս ամենը հիմա պատմություն է, որից դասեր քաղել ուղղակի պարտավոր ենք։ Սակայն արդեն 15-ամյա աղետի գոտու մի մասում, առավել եւսՙ այդ գոտու ամենամեծ բնակավայր Գյումրիում աղետի հետեւանքները շարունակվում են, չնայած վերջին երկու-երեք տարիներին իրականացված ծավալուն աշխատանքին։ Քաղաքի շինարարական վերականգնման գործում լուրջ բեկում ապահոված այդ աշխատանքի իրական եւ հոգեբանական արդյունքները դժվար է գերագնահատել։ Կատարվածի դրական հիմքը կարելի է համարել վերջին տարիներին աղետի գոտու վերականգնման օրենսդրական ապահովվածությունը, այսինքնՙ լավ թե վատ պետական որոշակի քաղաքականության առկայությունը, շինարարության հարցերում հանրապետության ղեկավարության անխոտոր հետեւողականությունը։ Հատկապես մեծ էր մեր հայրենակից Քըրք Քըրքորյանի ներդրումը, առանց որի կարճ ժամանակում այսքան շինարարություն իրականացնել պարզապես հնարավոր չէր։ Եթե 1989-2000 թվականների ընթացքում Գյումրիում կառուցվել է մոտ 9500 բնակարան, հաջորդ երկու տարիներինՙ 1500-ից քիչ ավելի, ապա այս տարի ընդհանուր հաշվով շարք կմտնի 2500-ից շատ բնակարան։ Մոտ 2000-ի չափ էլ պետք է լինի ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ տրամադրվող ԲԳՎ-ների (բնակարանի գնման վկայագրերի) քանակը։ Առայժմ որեւէ կոնկրետ թիվ չի հայտնվում, սակայն տարբեր գնահատումներովՙ քաղաքում դեռեւս երկրաշարժից անօթեւան կմնա 5-7 հազար ընտանիք։
Գյումրիում դպրոցաշինության, առողջապահական օբյեկտների վերականգնման հարցի լուծումը մոտեցել է ավարտին։ Այս տարի «Լինսի» ծրագրով ծավալուն աշխատանք է կատարվել մշակութային օբյեկտների վերականգնման ու վերանորոգման, քաղաքի կենտրոնական փողոցների մի մասի բարեկարգման, ասֆալտապատման ուղղությամբ։ Անցյալ եւ այս տարի, երբ ողջ քաղաքը եռուն շինհրապարակի էր վերածվել, գյումրեցու մեջ հետխորհրդային բոլոր տարիների ընթացքում առաջին անգամ վերազարթնել էր հույսը։ Հիմա, երբ «Լինսի» ծրագիրն ավարտվել է, իսկ հետագայի մասին որոշակի ոչինչ դեռ չի ասվում, կրկին գլուխ են բարձրացրել անորոշությունն ու տագնապը։
Սակայն Գյումրին կդադարե՞ր աղետի գոտի լինելուց, եթե այսօր իսկ բոլոր բնակարանները կառուցված լինեին, բոլոր անօթեւաններըՙ տնավորված։ Ահա այստեղ է այն ոչ պակաս կարեւոր հարցադրումը, որը գուցե ավելի շատ է հուզում այս քաղաքի երբեմնի հպարտ, իրենց աշխատանքով ու վաստակով անկոտրում բնակիչներին։ Ամենալավատեսական գնահատումներով իսկ այս տարիների ընթացքում քաղաքից հեռացել է նրա բնակչության մոտավորապես մեկ երրորդը, իսկ մնացողների մեծամասնությունն ապրում է կարիքի ու թշվառության մեջ։ Միայն 1999-2001 թվականների ընթացքում այստեղ յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով բնական աճը նվազել է եռակի չափով, որը ժողովրդագրական աղետի նախանշան է։ Քաղաքը պարզապես դատապարտված վիճակում է հայտնվել այն պատճառով, որ բոլոր այս տարիներին չմշակվեց եւ չսկսեց իրականացվել Գյումրու տնտեսության վերականգնման պետական ռազմավարություն։ Իսկ ինչ-ինչ քայլերն էլ, որ երբեմն ձեռնարկվել են, մեծ մասամբ ձախողվել են, ասես ինչ-որ աներեւույթ ձեռքով ի չիք դարձել։ Վկանՙ շաքարի գործարանի կառուցման, ապակու գործարանի վերագործարկման, մասնավորապես քրիստոնեության 1700-ամյակի տարում քաղաքն ու մարզը զբոսաշրջության ծրագրերում լայնորեն ընդգրկելու հետ կապված պատմությունները եւ այլն։
Եթե մեծ քաղաքը, երբեմնի արդյունաբերական քաղաքն այսօր ըստ էության չունի արդյունաբերական համալիր, ուրեմն նրա վերածննդի ու զարգացման մասին խոսելը վաղ է։ Մինչդեռ Գյումրու զարգացման հրամայականը պայմանավորված չէ միայն աղետի գոտու հանգամանքով եւ միայն տեղական խնդիր չէ։ Գյումրին Հայաստանի հյուսիսային հատվածի տնտեսական առանցքն է, նաեւ Ջավախքի պատվարն ու հույսը, կարեւոր սահմանամերձ եւ ռազմավարական կենտրոն այսօրվա Հայաստանի համար...