Պնդում են համանախագահները
ԲԱՔՈՒ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության արդարացի եւ մնայուն լուծման միակ ուղին համարում են խաղաղ ջանքերը։ Այդ մասին այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է ՌԴ առաջին փոխարտգործնախարար, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վյաչեսլավ Տրուբնիկովը։ «Հակամարտության ուժային լուծման բոլոր փորձերը կարող են միայն բարդացնել իրավիճակը», ընդգծել է ռուսաստանցի դիվանագետը։ Նրա գնահատմամբ, 2001 թվականին բանակցային գործընթացն սկսեց «նկատելիորեն տեղապտույտ տալ, իսկ անցյալ տարի ընդհանրապես կանգ առավ»։ Այդ մասին է վկայում նաեւ այն, որ համանախագահները վերջին անգամ հակամարտության տարածաշրջան են այցելել ավելի քան մեկ տարի առաջ, ինչը, ինչպես նշել է Տրուբնիկովը, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ ուներ։ Սակայն այժմ, ըստ նրա, «բարենպաստ իրավիճակ է ստեղծվել այն բանի համար, որ կողմերը վերսկսեն բանակցություններըՙ գործելով պատասխանատվությամբ, դինամիկորեն եւ նախաձեռնողաբար»։
Տրուբնիկովի կարծիքով, չպետք է համանախագահներից հակամարտության նոր եւ պատրաստի լուծումներ ակնկալել։ «Մենք կարող ենք միայն օգնել կողմերինՙ հասնելու փոխզիջման, բայց լուծումը նրանք իրենք պիտի գտնեն», ասել է Տրուբնիկովը։ Դատելով նրա խոսքերիցՙ Բաքվի բանակցությունների ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման հնարավորությունները։ Տրուբնիկովի համոզմամբ, երկու պետությունների ղեկավարների ուղղակի երկխոսությունը կարող է «խթան հաղորդել բանակցությունների վերսկսման համար» եւ ազդակ կծառայի համանախագահների գործունեության համար։
Դիվանագետը հատկապես նշել է, որ Մինսկի խումբը մտադիր է ակտիվացնել հակամարտության կարգավորմանը նպատակամղված իր ջանքերը։ Նա ընդգծել է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներիՙ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրով անձնական ներկայացուցիչների այն հանդիպումների վերսկսման նպատակահարմարությունը, որոնք ընթանում էին 2002 թվականին։
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռուդոլֆ Փերինան այն կարծիքն է հայտնել, որ Ադրբեջանում եւ Հայաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո «հակամարտության կարգավորման նոր հեռանկարներ են երեւում»։
Դեկտեմբերի 6¬ին համանախագահները կժամանեն Երեւան։