ԲՐՅՈՒՍԵԼ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը դեկտեմբերի 5-ին Բրյուսելում մասնակցել է Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) արտաքին գործերի նախարարների տարեկան նիստին, ուր քննարկվել են ՆԱՏՕ-ի գործունեության եւ Գործընկերության հեռանկարների, ժողովրդավարական վերափոխումներին աջակցության եւ նոր մեխանիզմների կիրառման ու փորձի փոխանակման, ահաբեկչության ու համաշխարհային նոր սպառնալիքներին դիմագրավելու մեջ Գործընկերության առաքելության հետ կապված հարցեր։
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ԵԱԳԽ արտաքին գործերի նախարարների տարեկան նիստի շրջանակում, նախնական պայմանավորվածության համաձայն, տեղի է ունեցել Վարդան Օսկանյանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլի հանդիպումը, որը նմանատիպ երրորդ շարունակական հանդիպումն է այս տարվա մեջ։ Հանդիպման օրակարգում ընդգրկված էին երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային իրավիճակի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ներկա ընթացքի հետ կապված հարցեր։ Այս նյութերի շուրջ շահագրգիռ քննարկումներից եւ մտքերի փոխանակումներից հետո կողմերըՙ նշելով նման հանդիպումների կարեւորությունը, պայմանավորվել են միմյանց միջեւ առաջիկայում շարունակել ուղիղ երկխոսությունը։