Վան Բայբուրթյանը կարծում է, որ վիրահայությունը ձայն կտա Միխայիլ Սաակաշվիլուն
Հունվարի 4-ին Վրաստանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են 15 թեկնածուներ, որոնցից 13-ըՙ վրացի, եւ մեկական ռուս ու հայ։
«Կարծում եմ, որ վիրահայությունը քվեարկելու է Միխայիլ Սաակաշվիլու օգտին։ Նա լուրջ մրցակիցներ չունի։ Միգուցե Թեմուր Շաշիաշվիլին (Շեւարդնաձեի նախկին լիազորը Իմերեթ երկրամասում) մինչեւ 20 տոկոս ձայն ստանա», ասաց Թբիլիսիում լույս տեսնող «Վրաստան» շաբաթաթերթի խմբագիր, պատգամավոր Վան Բայբուրթյանը։
Ինչ վերաբերում է Վրաստանի նախագահի հայազգի թեկնածու (մորական կողմիցՙ հրեա), գործազուրկ Յուրի Մկրտումյանին, ապա նրա հնարավորությունները, ինչպես մյուս 12-ինը, զրոյականի սահմաններում են։ «Մկրտումյանը շատ հայրենասեր է, բայց նրան Վրաստանում բնակվող հայերն անգամ չեն ճանաչում», ասաց Բայբուրթյանը։
Օրերս Բաքվի «Զերկալո» թերթին տված հարցազրույցում Վրաստանում լայն ժողովրդականություն վայելող Շալվա Նաթելաշվիլին (Լեյբորիստական կուսակցության առաջնորդը) ակնարկել է, որ Բաքվից Թբիլիսիով Ջեյհան տանող նավթամուղը կարող է անցնել Հայաստանով։ Իսկ մինչ այդ արդեն նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի համախոհներից Իրակլի Գոգովան հայտարարել էր, որ «Վրաստանում իրականացված իշխանափոխությունը ֆինանսավորել են ԱՄՆ-ի որոշակի ուժեր եւ հատկապես ամերիկյան հայկական լոբբին», ակնարկելով, որ սփյուռքն այս կերպ փորձում է Վրաստանում անկայուն իրավիճակ ստեղծելՙ կասպյան խողովակաշարը Հայաստանի տարածքով անցկացնելու նպատակով։
«Եթե խողովակաշարն անցներ Հայաստանով, ապա դրա երկարությունը կկրճատվեր մոտ 500 կմ-ով եւ տնտեսապես կլիներ ավելի շահավետ։ Բայց հայերը Ղարաբաղը չեն փոխի խողովակի հետ», ասաց Բայբուրթյանը։
Բայբուրթյանը վրացական մամուլի էջերում հերքել է Գոգովայի անհիմն մեղադրանքները եւ հայտարարել, որ, ցավոք, «Վրաստանում արդեն սովորական երեւույթ է դարձել բոլոր ձախողումներում հայկական հետքի որոնումը»։ Նրա կարծիքով, նման հայտարարությունները լարվածություն են ներդնում ազգամիջյան հարաբերություններում, եւ դրանց հեղինակներն օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկվեն։
«Նախընտրական շրջանում զգուշացնում էի իշխանամետ գործիչներին, որ պետք չէ հակահայ հայտարարություններ անել, որ դրանով հնարավոր չէ ընտրազանգվածին պոկել Սաակաշվիլուց, Բուրջանաձեից», ասաց Բայբուրթյանը, հավելելով, որ քաղաքակիրթ երկրներում քաղաքական, պետական գործչի արյան բաղադրության մասին չեն խոսում։
Հիշեցնենք, որ Բայբուրթյանը լինելով Շեւարդնաձեի համախոհներից եւ վիրահայության ամենաակտիվ գործիչը, չէր ընդգրկվել կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» դաշինքի համամասնական ցուցակում, քանի որ Բոլնիսի շրջանային վարչակազմի ղեկավար Զ. Ջափարիձեին հրապարակավ կոչ էր արել զբաղեցրած պաշտոնից հրաժարական տալ ազգամիջյան թշնամանք սերմանելու փորձերի համար։
Ջափարիձեն, մյուս կողմից, հրապարակավ Սաակաշվիլուն դիմել էր. «Դո՛ւ, հայի մեկը» արտահայտությամբ։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ