Ռամսֆելդը Թբիլիսիում Մոսկվային կոչ է անում զորքերը դուրս բերել Վրաստանից, Իվանովը պատասխանում էՙ դա ձեր գործը չէ
Թբիլիսի ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդը երեկ բանակցել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացրած եռյակիՙ ժամանակավոր նախագահ Նինո Բուրջանաձեի, պետնախարար Զուրաբ Ժվանիայի եւ Միխայիլ Սաակաշվիլու հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն, հաղորդում է «Civil.ge» ինտերնետային թերթը։ Վրաստանի նոր իշխանությունները Ռամսֆելդի այցը որակում են որպես «աջակցության դրսեւորում», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Հանդիպումից հետո Բուրջանաձե-Ռամսֆելդ համատեղ մամլո ասուլիսում ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը, համաձայն ստամբուլյան պայմանավորվածությունների, իր զորքերը պետք է դուրս բերած լիներ Վրաստանից։ Ինչը սակայն չի արել։ Ռամսֆելդը նաեւ խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնությունը Վրաստանին։
Իր հերթին Բուրջանաձեն նշել է, որ Վրաստանի համար առաջնահերթություն են ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը եւ ինտեգրումը եվրատլանտյան կառույցներին։
Նինո Բուրջանաձեն մինչ Ռամսֆելդի հետ հանդիպումը ռուսական կողմին կոչ է արել Վրաստանի տարածքից դուրս բերել Ախալքալաքում տեղակայված ռուսական 62-րդ եւ Բաթումի 12-րդ ռազմակայանները, հաղորդում է Ինտերֆաքսը։ Նախօրեին ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ էր արել իրականացնել 1999 թ. ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի պարտավորությունները, եւ որքան հնարավոր է շուտ զորքերը դուրս բերել Մոլդովայից եւ Վրաստանից։
Ռուսաստանի պատասխանը Թբիլիսիում գտնվող Ռամսֆելդին սպասեցնել չի տվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովն, ըստ Ինտերֆաքսի, հայտարարել է, որ Ախալքալաքում եւ Բաթումում տեղակայված երկու ռուսական ռազմակայանների ապագան կախված է երկկողմ բանակցությունների արդյունքներից։ «Ախալքալաքի 62-րդ եւ Բաթումի 12-րդ ռուսական ռազմակայանների շուրջ մենք պատրաստ ենք վրացական կողմի հետ բանակցություններ վարել։ Այս հարցը միայն վերաբերում է Վրաստանի հետ մեր երկկողմ հարաբերություններին», ասել է Իվանովը։
Երեկ Թբիլիսիում տեղի են ունեցել ուշագրավ մի շարք այլ իրադարձություններ։ Այսպես, Բաթում է մեկնել ԱՄՆ պետքարտուղարության ավագ պաշտոնյաներից Լին Պասկոն, որը նախօրեին հանդիպել էր Շեւարդնաձեի եւ նրան տապալած երեք ջիգիթների հետ։ Պասկոն Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսի ուղեկցությամբ, հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը, մեկնել է կիսանկախ Աջարիա։ Պասկոն նպատակահարմար է համարել Ասլան Աբաշիձեի հետ հանդիպման մասին մեկնաբանություններ տալ «ավելի ուշ»։
Երեկ առավոտյան Թբիլիսիում անհայտ անձինք ծեծել են Ռուսաստանի դեսպանության աշխատակից Վիկտոր Ռինզային եւ առեւանգել ռուս դիվանագետի ավտոմեքենան։ ՌԴ ԱԳՆ-ը դատապարտել է հարձակումը։ «ՌԴ արտգործնախարարությունը ռուս դիվանագետի հետ կապված պատահարը որակում է հանցավոր սադրիչ գործողություն», ասվում է հայտարարությունում, որը տարածել է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը։
Առավոտյան Թբիլիսիում զինված անձինք առեւանգել են Վրաստանի մաքսային դեպարտամենտի նախկին ղեկավար Թամազ Մաղլակելիձեին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Իսկ նախագահի թեկնածու Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր նախագահ ընտրվելու դեպքում կկարողանա հինգ տարվա ընթացքում վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ «Մենք ամեն ինչ կանենք մեր ձեռքերով, առանց ռուսների կամ ամերիկացիների օգնության», ասել է Սաակաշվիլին «Մզե» («Արեւ») հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ