«Դետրոյթ նյուս» թերթը Վիլմինգտոնից հաղորդում է, որ Քըրք Քըրքորյանը չորեքշաբթի օրը (դեկտեմբերի 3-ին) զայրացած հայտարարել է, որ «երբեք կարգավորման բանակցություններ չի վարելու» «Դայմլեր»-«Կրայսլերի» հետ, եւ որ իր դատական հայցն ընդդեմ գերմանա-ամերիկյան ավտոընկերության այժմ արդեն անձնական բնույթ է կրելու։
86-ամյա ֆինանսիստը վերոհիշյալ հայտարարությունը կատարել է ընկերության դեմ հարուցած իր 3 մլրդ դոլարի դատական հայցի վերջերս 1,5 օր տեւած բուռն լսումներից հետո։ «Մենք դատի ենք գնում եւ այնտեղ կա՛մ կտանենք, կամ՛ կտարվենք», հաստատ ասել է նա։ Հիշեցնենք, որ Քըրքորյանը 2000 թ. էր դատական գործն սկսել, երբ թերթերում կարդացել էր «Դայմլեր»-«Կրայսլերի» նախագահ Յուրգեն Շրեմպի մեկնաբանությունները, թե 1998-ին կայացած «հավասարների միաձուլումն» իրականում «Կրայսլերի» կլանումն էր «Դայմլեր-Բենցի» կողմից։