«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2003-12-04 | #224, 2003-12-05 | #225, 2003-12-06


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՆ ԸՆԴԳՐԿՎԵՑ ԸՆՏՐԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԽՄԲՈՒՄ

Երեկ Ֆրանկֆուրտում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2006 թ. առաջնության ընտրական մրցաշարերի վիճակահանությունը։ Հայտնի դարձան ընտրական մրցաշարերի խմբերը Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ԿՈՆԿԱԿԱՖ-ի եւ Օվկիանիայի գոտիներում։ Եվրոպական ընտրական գոտում 13 ուղեգրերի համար պայքարող 51 հավաքականներն ընդգրկվեցին ընտրական 8 խմբերում։ Հայաստանի ազգային հավաքականը, որը մինչ վիճակահանությունն իր վարկանիշով ընդգրկվել էր 6-րդ զամբյուղում, վիճակահանությամբ տեղ գրավեց ընտրական առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Չեխիայի, Հոլանդիայի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի հավաքականները։ Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ վիճակահանությունը մեր ֆուտբոլիստների հանդեպ բարեհաճ գտնվեց, թեեւ մեր ընտրանու մրցակիցների թվում են Հոլանդիայի եւ Չեխիայի ուժեղ հավաքականները։

Ընտրական խմբում ընդգրկված հավաքականներից նախկինում հայ ֆուտբոլիստները հանդիպել են միայն Անդորրայի եւ Մակեդոնիայի հավաքականների հետ։ Մակեդոնացիների հետ հանդիպումը կայացել է 1996 թ.-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում։ Երեւանում գրանցվեց ոչ-ոքի (2-2) արդյունք, իսկ հյուրընկալվելիս հայ ֆուտբոլիստները Սամվել Դարբինյանի գլխավորությամբ հաղթեցին 2-1 հաշվով։ Դա պաշտոնական մրցումներում մեր հավաքականի անդրանիկ հաղթանակն էր մրցակցի խաղադաշտում։

Անդորրայի հավաքականի հետ մեր ֆուտբոլիստներն անցկացրել են 3 հանդիպում։ Առաջին երկու մրցախաղերը կայացել են ֆուտբոլի Եվրոպայի 2000 թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում։ Սուրեն Բարսեղյանի գլխավորությամբ մեր հավաքականը երկու հանդիպումներում էլ հաղթանակ է տոնել։ Երեւանում հայ ֆուտբոլիստները հաղթել են 3-1 հաշվով, իսկ հյուրընկալվելիս գրանցվել է խոշոր հաշիվՙ 3-0։ Մրցակիցների 3-րդ հանդիպումը կայացել է անցյալ տարի։ Ընկերական այդ խաղում Անդրանիկ Ադամյանի գլխավորությամբ մեր ընտրանին հաղթել է 2-0 հաշվով։

Ըստ նոր մրցակարգի, աշխարհի առաջնության ուղեգիր կնվաճեն ընտրական խմբերի հաղթողները եւ 2-րդ տեղ գրաված հավաքականների մեջ լավագույն արդյունք ցույց տված 2 թիմերը։ Մյուս երեք ուղեգրերն անցումային խաղերում կվիճարկեն խմբերում 2-րդ տեղ գրաված մնացած 6 հավաքականները։

Ներկայացնում ենք եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խմբերի կազմը.

1-ին խումբ

Չեխիա

Հոլանդիա

Ռումինիա

Ֆինլանդիա

Մակեդոնիա

Հայաստան

Անդորրա

2-րդ խումբ

Թուրքիա

Դանիա

Հունաստան

Ուկրաինա

Վրաստան

Ալբանիա

Ղազախստան

3-րդ խումբ

Պորտուգալիա

Ռուսաստան

Սլովակիա

Լատիվա

Էստոնիա

Լիխտենշտեյն

Լյուքսեմբուրգ

4-րդ խումբ

Ֆրանսիա

Իռլանդիա

Շվեյցարիա

Իսրայել

Կիպրոս

Ֆարերներ

5-րդ խումբ

Իտալիա

Սլովենիա

Շոտլանդիա

Նորվեգիա

Բելառուս

Մոլդովա

6-րդ խումբ

Անգլիա

Լեհաստան

Ավստրիա

Ուելս

Հս. Իռլանդիա

Ադրբեջան

7-րդ խումբ

Իսպանիա

Բելգիա

Սերբիա

Բոսնիա

Լիտվա

Սան Մարինո

8-րդ խումբ

Շվեդիա

Խորվաթիա

Բուլղարիա

Իսլանդիա

Հունգարիա

Մալթա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4