Ռազմական ոլորտում ադրբեջանա-ամերիկյան կապերի խորացումը մտահոգում է Մոսկվային
Բաքվում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Ռյաբովը հայտարարել է, որ «արտասահմանյան ոչ մի ռազմակայան չի կարող լուծել Ղարաբաղի խնդիրը»։ Ռուս դեսպանը, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, չի թաքցրել իր մտահոգությունն ամերիկա-ադրբեջանական ռազմական համագործակցության խորացումից։ Ադրբեջանը չի պատրաստվում երկրի տարածքում տեղակայել ամերիկյան ռազմակայաններ, ասել է Ռյաբովը, հավելելով, որ Ադրբեջանի տարածքում արտասահմանյան ռազմակայանի տեղակայումը չի կարող բարելավել Բաքվի հարաբերությունները հարեւան պետությունների, առաջին հերթինՙ Ռուսաստանի եւ Իրանի հետ։
Օրերս Բաքվում գտնվող ԱՄՆ պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելդն Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել էր երկկողմ ռազմական համագործակցության, Կասպից ծովում Ադրբեջանի սահմանների ամրապնդման խնդրում փոխգործակցության հարցերը։ Ռամսֆելդը նշել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է ապագայում էլ Ադրբեջանի հետ զարգացնել եւ ընդլայնել համագործակցությունը ռազմական ոլորտում։
Արդեն մեկ տարի ադրբեջանական մամուլում գրվում է, որ ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանում կազմավորել ամերիկյան ռազմակայան, իսկ նոյեմբերի վերջերին Եվրոպայում ամերիկյան զորքերի փոխհրամանատար Չարլզ Վալդը Բաքվում հայտարարեց, որ 2004 թ. հունվարից ԱՄՆ-ը մտադիր է Ադրբեջանում ձեռնամուխ լինել մի նախագծի իրականացման, որը վերաբերում է Կասպից ծովի շրջանում անվտանգության ամրապնդմանը։
«Ոչ մի Ամերիկա ներկայություն չի ունեցել եւ չի ունենալու Կասպիցում։ Մենք դա թույլ չենք տա, այստեղ նրանք հսկելու բան չունեն», դեսպան Ռյաբովի խոսքերը մեջբերում է Բաքվի «Զերկալո» թերթը։
Ռյաբովի հայտարարությանը հետեւել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռենո Հարնիշի մեկնաբանությունը։ «Մենք Ադրբեջանի հետ ռազմական հարաբերություններ ենք զարգացնում երկկողմ հենքով։ Ադրբեջանում ռազմակայաններ տեղակայելու մեր ցանկությունը կապված է գլոբալ ահաբեկչության դեմ պայքարի նկատառումներով։ Անշուշտ, ՌԴ նախագահ Պուտինը կհասկանա սա», դեսպան Հարնիշի խոսքերը մեջբերում է «Լիդեր» հեռուստաընկերությունը։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ