Ղուկասյան. «Առանց ԼՂՀ-ի մասնակցության խնդիրը չի կարող լուծվել, եւ համանախագահները համաձայն են մեր տեսակետին»
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
«ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածաշրջանային այցի ընթացքում չէր բերել նոր առաջարկություններ կամ նոր գաղափարներ։ Հերթական այցելության գլխավոր նպատակն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպում նախապատրաստելն էր», «Ազգի» հետ զրույցում ասաց ԼՂՀ բարձրաստիճան մի պաշտոնյա։ «Այս առումովՙ միջնորդների այցը նախնական էր եւ ճանաչողական», ասաց պաշտոնյան։
Ստեփանակերտում Մինսկի խմբի եռանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Ռուդոլֆ Փերինայի (ԱՄՆ) եւ Անրի Ժակոլենի (Ֆրանսիա) հետ հանդիպումից հետո ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանն ասել է, որ միջնորդները կոնկրետ առաջարկներ չեն ներկայացրել, նրանք արտահայտել են մի քանի նոր գաղափարներ, որոնք հստակորեն չեն ձեւակերպվել։
Մեկտարյա դադարից հետո Մինսկի խումբը դեկտեմբերի 5-8-ը Բաքվում, Երեւանում եւ Ստեփանակերտում բանակցություններ է վարել հակամարտության երեք կողմերիՙ Ադրբեջանի, Հայաստանի եւ ԼՂՀ-ի իշխանությունների հետ։
Նախագահներ Քոչարյանն ու Ալիեւը համաձայնել են դեմառդեմ հանդիպելու, առայժմ չեն ճշտվել հանդիպման վայրը եւ ժամկետները։
«Բաքվում եւ Երեւանում տեղի ունեցած զրույցների ընթացքում երկու նախագահներն էլ համաձայնեցին հանդիպել որքան հնարավոր է շուտՙ վերսկսելու բանակցությունները», Երեւանում Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո ասաց Փերինան։
Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիեւը 2000 թ.-ից այս կողմ հանդիպել են ավելի քան 20 անգամ, սակայն ղարաբաղյան կարգավորման բանալին դեռեւս չի գտնվել։ Միջնորդները խնդրի կարգավորմանն առավել մոտ էին 2001 թ. գարնանըՙ Քի Վեսթի բանակցություններից հետո, սակայն այդ թվականի հունիսին Ժնեւում սպասվող հանդիպումը, որտեղ սպասվում էր, որ Քոչարյանն ու Ալիեւը վերջնական համաձայնության կգան, չկայացավ ադրբեջանական կողմի պատճառով, եւ հարցը հերթական անգամ մտավ փակուղի։
2003 թ. Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, երկու դեպքում էլ ընտրություններն ուղեկցվեցին լուրջ կեղծիքներով, միջազգային կազմակերպությունները նշեցին, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին։
Միջնորդների համար (եթե, անշուշտ, նրանց տեսակետները ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական ինչ-որ տարբերակի շուրջ նույնական են) առավել դյուրին է աշխատել երկու պետությունների նախագահների հետ, որոնց լեգիտիմությունը երբեմն կասկածի տակ է դրվում։ Միջնորդները, միջազգային հանրությունն այս դեպքում կարողանում են ճնշումներ գործադրել նախագահների վրա, որպեսզի վերջիններս գնան փոխզիջման։
Մյուս կողմից, երբ նախագահների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում, եւ նրանք երկու երկրներում չեն վայելում ժողովրդականություն, հեշտ չէ սեփական ժողովրդին բացատրել եւ համոզել, որ անհրաժեշտ են ցավալի փոխզիջումներ։ Դրա օրինակը 1996թ. նախագահական ընտրություններն էին Հայաստանում եւ հաջորդած ԵԱՀԿ գագաթաժողովը Լիսաբոնում։
«Այսօր լիովին նոր իրավիճակ է։ Մենք ունենք երկու առաջնորդներ, ովքեր սերնդակից են։ Անձնապես հավատում եմ, որ հաջողության հասնելու համար ստեղծված պայմաններն այնքան պարզ չեն եղել, որքան այսօր են», Բաքվում ասել է Ժակոլենը։
«Բնականաբար մենք հարց ունենք Քոչարյանի հետ ձեր հանդիպելու պատրաստակամության մասին։ Եթե այո, ապա երբ եւ ինչպես։ Կարծում ենք, որ ձեր հանդիպումը Քոչարյանի հետ կարող է խթան լինել բանակցությունները վերսկսելու գործընթացի տեսակետից», Իլհամ Ալիեւին ասել է ՌԴ առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկովը, հաղորդում է ANS հեռուստաընկերությունը։
ԼՂՀ նախագահը միջնորդների հետ հանդիպումից հետո ասել է. «Ղարաբաղի խնդիրը չի կարող լուծվել առանց ԼՂՀ-ի մասնակցության, եւ համանախագահները համաձայն են մեր տեսակետին»։
Անշուշտ, պաշտոնական Ստեփանակերտը հիացած չէ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ընդմիջված երկկողմ հանդիպումները շարունակելու հեռանկարով, եւ նախագահ Ղուկասյանի հայտարարությունը, թե խնդիրը չի կարող լուծվել առանց ԼՂՀ-ի մասնակցության, խոսում է դրա օգտին։
Պարզ չէ, սակայն, թե ԼՂՀ իշխանությունների մտահոգությունն առաջին հերթին ում է ուղղվածՙ Հայաստանի՞ն, Ադրբեջանի՞ն, թե՞ Մինսկի խմբին։