Մեր հայրենակիցներին մտահոգում է Վրաստանում Ռուսաստան-ԱՄՆ առճակատումը
Ջավախքում գործող, սակայն Վրաստանի արդարադատության նախարարությունում չգրանցված «Վիրք» կուսակցության ղեկավար Դավիթ Ռստակյանն «Ազգի» հետ զրույցում հերքեց Հայաստան հասնող ահազանգերը, ըստ որոնց իբր ջավախահայության որոշակի շրջանակներում տիրում են ճամպրուկային տրամադրություններ։
«Այո, անհանգստություն կա, որ իրավիճակը Վրաստանում կարող է բարդանալ։ Ներքաղաքական իրավիճակը գուշակելի չէ։ Խնդիրը հայ-վրացական հարաբերությունները չեն, այլ Վրաստանում Ռուսաստան-ԱՄՆ ազդեցության կուլմինացիան։ Այս իմաստով ջավախահայությունն անհանգիստ է», ասաց Ռստակյանը։
Անցնող շաբաթավերջին ԱՄՆ պաշտպանության քարտուղար Ռամսֆելդը Թբիլիսիում Մոսկվային կոչ արեց զորքերը դուրս բերել Վրաստանից, ինչին նրա ռուս գործընկեր Իվանովը պատասխանեցՙ դա ձեր գործը չէ։ Վրաստանից ռուսական զորքերն անհապաղ դուրս բերելու պահանջով հանդես է գալիս երկրի նոր իշխանությունը Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ։
Ախալքալաքում եւ Բաթումում են տեղակայված ռուսական 62-րդ եւ 12-րդ ռազմակայանները, որոնք, համաձայն ԵԱՀԿ Ստամբուլի 1999 թ. գագաթաժողովի պայմանավորվածությունների, մինչեւ 2003 թ. պետք է դուրս բերվեին Վրաստանի տարածքից։ Մոսկվան զորքերը դուրս բերելու համար պահանջում է եւս առնվազն 10 տարի, Թբիլիսին ռուսներին կոչ է անում երեք տարվա ընթացքում հեռանալ երկրից։
Ջավախահայության համար Ախալքալաքի ռուսական ռազմակայանը ոչ միայն ապահովում է մոտ 2000 աշխատատեղ, այլեւ նրանց ֆիզիկական ապահովության կարեւոր նախապայմանն է առնվազն հոգեբանական առումով։
Վերջին շրջանում կրկին շրջանառության մեջ են դրվում Վրաստանի պետական կառուցվածքը վերանայելու առաջարկություններն ինչպես վրաց, այնպես էլ այլազգի քաղաքական, պետական գործիչների կողմից։
«Ջավախահայության նպատակը հայ լեզուն, մշակույթը, ավանդույթները եւ այն ամենը, ինչը մեզ հայ է պահում, պահպանելն է։ Մեր նպատակն ինքնավարությունը չէ, Ջավախքի ինքնավարությունը կարող է միջոց լինել ջավախահայության հայ մնալու համար։ Իսկ միգուցե ինքնավարությո՞ւնն էլ բավարար չէ», ասաց Ռստակյանը։
Նա կարեւոր է համարում Վրաստանի ներկա սահմաններում Ջավախքի կարգավիճակը։ Ինքնավարություն, դաշնային կամ համադաշնային հարաբերություններ, դա քննարկելու նյութ է, ասաց Ռստակյանը։
Թ. Հ.