«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2003-12-05 | #225, 2003-12-06 | #226, 2003-12-09


ԵՐԲ ՉԵՆ ԱՐԴԱՐԱՆՈՒՄ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԸ, ՔԱՎՈՒԹՅԱՆ ՆՈԽԱԶ Է ՊԵՏՔ ԳԱԼԻՍ

Ընտրություններում պարտված կուսակցություններն այժմ պարտվում են նաեւ առանց ընտրությունների

Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքական դաշտի կենտրոնական հատվածում յուրօրինակ վակուում է առաջացել։

Կուսակցությունները, որոնք այսպես կամ այնպես մտան խորհրդարան, իրենց գլխավոր խնդիրը լուծեցինՙ շարունակելով գտնվել քաղաքական գործընթացների կիզակետում։ Սակայն մյուս կուսակցությունները, որոնք այսպես կամ այնպես պարտություն կրեցին ընտրությունների ընթացքում, իսկապես կանգնեցին նոր հարցադրումների առջեւՙ ինչ քաղաքականություն որդեգրել հետագայում եւ հատկապես քաղաքական արենայի որ հատվածում տեղավորվել։ Վերջին հարցադրումը առանցքային դարձավ հատկապես այն պատճառով, որ պարտված կուսակցությունների մի որոշակի հատված իր պարտության համար սկսեց մեղավորներ փնտրել դրսում, հիմնականում իշխանական ճամբարում, քանի որ շատերի սպասելիքները չարդարացան, եւ նրանք չստացան այն, ինչին հավակնում էինՙ նախագահական ընտրություններում պաշտպանելով կոնկրետ թեկնածուի։ Նրանք գերի դարձան իրենց իսկ դիրքորոշումներին, որի պատճառով չկարողացան ըստ արժանվույն գնահատել իշխանություններիՙ իրենց նկատմամբ վարած իրական քաղաքականությունը եւ գործունեությունը։

Բնականաբար որպես քաղաքական միավոր գոյատեւելու համար նրանք պետք է փոխեին իրենց մարտավարությունը այնպես, որպեսզի, մի կողմից, դուրս գան անելանելի վիճակից, մյուս կողմիցՙ չկորցնեն իրենց համախոհներին ու ընտրազանգվածին։

Դատելով նման կուսակցությունների վերջին շրջանի վայրիվերումներիցՙ կարելի է պնդել, որ դա նրանց առայժմ չի հաջողվում։

Առաջին նման կուսակցությունը ՀՌԱԿ-ն էր, որը գնաց ամենակարճ ճանապարհով. ուղղակի հրաժարական տվեց կուսակցության ղեկավարը, եւ փոխվեց կուսակցության ղեկավար մարմնիՙ վարչության բնույթը, որը որդեգրեց համանախագահության սկզբունքը։ Չնայած կուսակցության հին ու նոր ղեկավարության այն մոտեցմանը, թե կուսակցությունը չի շեղվում իր կուրսից, այնուամենայնիվ ակնհայտ էր որդեգրված քաղաքականությունը վերանայելու միտումը, որի հիմնական նպատակը պետք է լիներ ընդդիմության եւ իշխանության միջեւ միջանկյալ դիրքի գրավումը, այսինքնՙ այսպես կոչված կառուցողական ընդդիմության դերի ստանձնումը։ Սակայն կուսակցության դարձյալ միանձնյա ատենապետության վարչական ձեւին վերադառնալը ցույց տվեց, որ կուսակցությունն այնուամենայնիվ ճիշտ չէր ընտրել դրան հասնելու ճանապարհը։ Ըստ էությանՙ եվրոպական պրակտիկան (այո, եվրոպակա՛ն) ցույց է տալիս, որ պարտություն կրած կուսակցության նախագահը որպես կանոն հրաժարական է ներկայացնում։ Սակայն խնդիրն այն է, որ սովորաբար նախագահի հետ հրաժարական է ներկայացնում ողջ վարչական մարմինըՙ ինչը նշանակում է, որ կուսակցությունը նոր մարտավարություն պետք է ընտրի։ Մինչդեռ տվյալ դեպքում առկա էր միայն Ռ. Միրզախանյանի հրաժարականը։ Դա է պատճառը, որ կուսակցությունը ներկայումս դեռեւս գտնվում է հստակ դիրքորոշման ընտրության առջեւ։

Որոշ ժամանակ անց գրեթե նույն վիճակն ստեղծվեց «Արժանապատիվ ապագա» կուսակցության ներսում։ Կուսակցության հերթական համագումարից հետո, որի ժամանակ Լյուդմիլա Հարությունյանը հայտարարեց, թե իրենք պետք է դիրքավորվեն կառուցողական ընդդիմության խրամատներում, փոխարինվեց կուսակցության նախագահը։ Ընդ որումՙ նոր նախագահը հստակ չի կարողանում բացատրել, թե քաղաքական հարթության կոնկրետ որ անկյունն է նախընտրում «Արժանապատիվ ապագան»։ Միանգամայն հասկանալի է դառնում, որ եթե Լ. Հարությունյանի մատնանշած ուղին ընդունելի լիներ կուսակցության վարչական մարմնի համար, ապա նրան «պաշտոնանկ» անելու անհրաժեշտություն չէր ծագի։ Անուղղակիորեն ստացվեց այնպես, որ Լյուդմիլա Հարությունյանը, հակառակ իր կամքի, դարձավ քավության նոխազ։ Սակայն այս դեպքում ընդգծվածորեն կուսակցության դիրքորոշումների վեկտորներն ուղղված են դեպի իշխանությունները։

Հավանաբար այս կուսակցության ներսում դեռեւս ակնկալիքներ ունեն, եւ դրանց հասնելու հույսը չի մարել։ Կարելի է ենթադրել, որ նրանց խիստ հետաքրքրել է ՀԺԱՄ-ի «ճակատագիրը»։ Վերջինս, ըստ տրամաբանության, պետք է որ նույնպես կրեր «Արժանապատիվ ապագայի» «բախտը», սակայն կուսակցությունը լռեց այնքան ժամանակ, մինչեւ իրենց ղեկավարըՙ Սեյրան Ավագյանը, ստացավ կուսակցության հավակնություններին քիչ թե շատ հագուրդ տվող պաշտոն նախագահականում։ Ի դեպ հիշեցնենք, որ երկու կուսակցություններն էլ նախագահական ընտրություններում պաշտպանել էին գործող նախագահի թեկնածությունը։ Այսինքն կարելի է փաստել, որ իշխանությանը մոտ կանգնած, բայց խորհրդարան չմտած կուսակցություններից եւ ոչ մեկը չկարողացավ իրեն վերագտնել քաղաքական դաշտի կոնկրետ հատվածում։

Եթե այս կուսակցությունները փորձեցին ներքին «մաքրագործման» ճանապարհով վերադառնալ ակտիվ քաղաքականություն, ապա մյուս հատվածն ընտրեց ընդհանրապես ինքնաոչնչացման ուղին։ Այս կատեգորիայի ուժերի թվում են Նորացված կոմկուսը եւ ԺԴԿ-ն։

Նորացված կոմկուսը, որը ձեւավորվել էր ավանդական կոմկուսից վտարման պատճառով դուրս եկածներից, ըստ էության միանշանակորեն դարձյալ պաշտպանում էր Ռ. Քոչարյանի թեկնածությունը։ Սակայն ի տարբերություն մյուս կուսակցությունների, Նորացվածն ընտրեց շատ ավելի կենսական ուղղությունՙ ձախակողմյան ուժերի համախմբումը։ Ինչի արդյունքը եղավ մի քանի կուսակցություններից կազմված միավորված կոմկուսի ստեղծումը։ Ճիշտ էՙ վերջինիս հիմնական խնդիրը ավանդական կոմկուսին հակակշռելն է, այնուամենայնիվ կոմկուսի սխալ քաղաքականության հետեւանքով շարքերը լքած կոմունիստներին եւ այդ գաղափարները կրող ուժերին քաղաքականություն վերադառնալու հնարավորություն տվեցՙ ընդ որում ցույց տալով մեկ կուսակցության մեջ մանր կուսակցությունների միավորման փայլուն օրինակ։ Ի տարբերություն մյուսներիՙ այժմ միավորված կոմկուսը առաջիկա շրջանում հստակ անելիք ունիՙ համալրել շարքերը եւ քայլեր ձեռնարկել ավանդական կոմկուսի խարխլված դիրքերն զբաղեցնելու եւ իր ընկալումները հանրությանը հասու դարձնելու տեսանկյունից։

Մինչդեռ ԺԴԿ-ն ընտրեց բոլորովին այլ տարբերակ։ Նա ոչ թե միավորվեց մի կուսակցության մեջՙ ստեղծելով նոր քաղաքական միավոր, այլ պարզապես տարրալուծվեց «Օրինաց երկրին»։ Զուտ ԺԴԿ առումով քայլը արդարացված կարելի է համարել, քանի որ ի վերջո քաղաքական դաշտում պակասեց եւս մեկ հեղհեղուկ կուսակցություն, որի խնդիրն էր ինչքան հնարավոր է մոտ լինել իշխանական «կերակրատաշտին»։ ԺԴԿ-ն երբեք քաղաքական հստակ դիմագիծ չի ունեցել, անընդհատ կախվածության մեջ է եղել ավելի խոշոր միավորներից։ Եթե նախորդ խորհրդարանում ՀԺԿ-ից սերված այս կուսակցության խնդիրն էր միայն քվեարկել քաղաքական մեծամասնության որոշումների օգտին, ապա խորհրդարանական ընտրություններից հետո միավորվեց իրենից անհամեմատ ավելի մեծ ժողովրդականություն վայելող «Արժանապատիվ ապագա» կուսակցությանը։ Սակայն նրանց դաշինքի պարտությունից հետո ԺԴԿ-ն պարզապես թողեց դաշնակցինՙ ցույց տալով, որ միավորման նպատակը եղել է ընդամենը ընտրություններում 5 տոկոսանոց արգելանքի հաղթահարումը եւ կրկին խորհրդարանում հայտնվելը, այսինքնՙ բոլորովին էլ ոչ տեւական համագործակցությունը եւ միասնական ծրագրերի ընդունումն ու կենսագործումը։ Մեղմ ասած, հեշտորեն հարմարվելու այս յուրահատկությունն էլ հետագայում հնարավորություն տվեց ԺԴԿ-ին անաղմուկ տարրալուծվելու «Օրինաց երկրի» մեջՙ վերջակետ դնելով կուսակցության գոյությանը, հանրությանն ազատելով նման անդեմ ու անսկզբունքային քաղաքական միավորից։

Ուշադրություն դարձնելով բոլոր այս կուսակցությունների վարքինՙ կարելի է հանգել այն համոզման, որ այդպես էլ քաղաքական դաշտի միջին հատվածըՙ այսպես կոչված երրորդ ուժի տեղը մնում է թափուր։ Կուսակցություններն առայժմ չգիտեն դրան մոտենալու ուղիները եւ փնտրտուքներում ընկնում են հակասությունների ու վայրիվերումների մեջՙ ենթարկվելով ցնցումների։

Գոնե տեսանելի ապագայում այս միտումը անկում ապրելու «տրամադրվածություն» հանդես չի բերում։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4