Լիբանանի անկախության 60-ամյակի առթիվ Հայկազյան համալսարանը նոյեմբերի 21-ին հյուրընկալել է լիբանանյան բանակի ամենաբարձր աստիճանի հասած հայազգի զորավար Փանոս Մանջյանին, հաղորդում է էլ. փոստով ստացված հաղորդագրությունը։ Նրան ողջունել են համալսարանի նախագահ վերապատվելի Պոլ Հայդոստյանը, դասախոսական կազմն ու ուսանողները։ Պետական եւ համալսարանական հիմների նվագից հետո ամբիոնը տրամադրվել է 51-ամյա զորավարին, որը խոսել է լիբանանյան բանակի կազմավորման եւ երկրի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու գործում նրա ունեցած դերի մասին։ Դասախոսությունից հետո պրն Մանջյանը պատասխանել է ուսանողների հարցերին։
Հաջորդ օրըՙ նոյեմբերի 22-ին, երկրի ազգային տոնի առթիվ մոտ 30 ուսանողներ այցելել են պատմական Բշեմուն քաղաքը եւ այնտեղ գտնվող առանձնատունը, որտեղ 60 տարի առաջ հռչակվել էր Լիբանանի անկախությունը։ Տանտիրոջ թոռըՙ Քամալ էլ Հալաբին, որը Հայկազյանի ուսանող է, անձամբ ողջունել է հյուրերին, իսկ հորեղբայրը պատմել է մանրամասներ անկախության հռչակման վերաբերյալ։ Ծաղկեպսակ դնելուց եւ նկարվելուց հետո խումբն այցելել է Դաուդիե դպրոցը, որը կառուցել է օսմանյան կառավարության նշանակած լիբանանյան նահանգի առաջին մութասարիֆ (կառավարիչ) Դաուդ փաշան։ Վերջինս հայ կաթոլիկ է, հայտնի նաեւ Կարապետ Արթին Դաուդ փաշա անունով, որը կառավարել է Լիբանանը 1861-1868 թթ.։ Հետաքրքրական է արձանագրել նաեւ, որ Օսմանյան կայսրության նշանակած Լիբանանի վերջին կառավարիչը դարձյալ հայ կաթոլիկ է եղել (1913-1915 թթ.)։