Նրա դիրքերը շահարկումներով պաշտպանում է հայաստանյան ընդդիմությունը
Երբ ակտիվանում են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման միջազգային ջանքերը, հայերի եւ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքը նոր դրսեւորումներ է ստանում, եւ դա որպես կանոն զուգորդվում է հայաստանյան ընդդիմության չարաբաստիկ կանխագուշակումներով։ Ջանքերի թվում կարելի է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական այցը տարածաշրջան, որին նախորդեց համանուն կառույցի նախարարական խորհրդի նիդեռլանդական Մաաստրիխտ քաղաքում կազմակերպված 11-րդ հանդիպումը։
Հանդիպման նախօրյակին եթե ադրբեջանական հասարակական որոշ կազմակերպություններ «Լեռնային Ղարաբաղը զենքի ուժով ազատագրելու» կամ ազատագրման նկրտումով «Հայաստանում ահաբեկչական գործողություններ կատարելու» մտավարժանքներ էին անում, ապա Մաաստրիխտում ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստում ելույթ է ունենում Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը։ Նա դժգոհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, թե վերջ չեն տալիս հայկական ագրեսիային, ապա Հայաստանին է ներկայացնում մի շարք պահանջներ։
Ըստ Գուլիեւի, Հայաստանը «միանշանակ պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունըՙ նրա անբաժան մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղով հանդերձ, անհապաղ դուրս բերի հայկական օկուպացիոն ուժերն Ադրբեջանի տարածքից, ներառյալ Լեռնային Ղարաբաղը»։
Նա միաժամանակ նշել է «իրենց հողերից բռնի ուժով վտարված ադրբեջանցիների վերադարձի համար բարենպաստ պայմանների ստեղծման» անհրաժեշտությունը եւ ընդգծել է. «Ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի շրջանում բնակվող հայկական համայնքի համար մշակված ինքնակառավարման յուրաքանչյուր կարգավիճակ պետք է ելնի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ լիարժեք հարգանքից»։
Ինչ վերաբերում է հայաստանյան ընդդիմությանը, ապա դրա ներկայացուցիչներն էլ արցախահայության շահերը պաշտպանելու մտավարժանքներով իրենց չարաբաստիկ կանխագուշակումները որպես քաղաքական կանխատեսում են ներկայացնում։ Սրանց մտավարժանքների հետեւանքով Հայաստանում վերստին շրջանառության մեջ է դրվում ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման փուլային տարբերակը կամ նորովի շահարկվում է Մեղրիի միջանցքի հարցը։
Ադրբեջանական այսպես կոչված հասարակական կազմակերպությունների «Լեռնային Ղարաբաղը զենքի ուժով ազատագրելու նկրտումները» նոր չեն, սակայն այդ նպատակով «Հայաստանում ահաբեկչական գործողություններ» իրականացնելու ցանկությունը նորություն է, որը միանգամայն հակասում է ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդի «գլոբալ ահաբեկչության դեմ մղվող պայքարում ցուցաբերած աջակցության համար» Ադրբեջանին հայտնած շնորհակալության ոգուն։
Նոր չեն նաեւ հայկական ագրեսիային վերջ տալու առնչությամբ Գուլիեւի դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբից, ինչպես նաեւ «հայկական օկուպացիոն ուժերը Ադրբեջանի տարածքից, Լեռնային Ղարաբաղը ներառյալ, դուրս բերելու, արցախահայությանը համայնքի վերածելու նկրտումները, եւ Արցախի ինքնակառավարման կարգավիճակն Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ պայմանավորելու ապարդյուն ձգտումը։ Թերեւս նորությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այսպես կոչված նրա անբաժան մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղով հանդերձ ճանաչելու Գուլիեւի Հայաստանին ներկայացրած պահանջն է, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախարարական խորհրդի ամբիոնից Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ձանձրալի հիշեցումներով նիստի մասնակիցներին պատճառած ձանձրույթը։
Հատկանշական է, որ Գուլիեւի հիշեցումներին էլ հակադրվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Փերինան, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռամսֆելդի հետ։ Եթե Փերինան «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում նշելով հանդերձ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ԱՄՆ-ի աջակցության մասին, ընդգծել է, որ «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է մշակվի բազմակողմ բանակցություններում եւ ընդունելի լինի բոլոր կողմերի համար, ապա Ռամսֆելդը Բաքվում, Թուրան գործակալության վկայությամբ, ուղղակիորեն խուսափել է պատասխանել ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերին, ընդ որում նշելով. «Այդ հարցերն իմ իրավասության մեջ չեն մտնում»։
Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության դիրքերն սպառվում են։ Այլապես ոչ Գուլիեւը ԵԱՀԿ ամբիոնից կասկածի տակ կդներ Մինսկի խմբի գործունեության նպատակահարմարությունը, ոչ կձանձրացներ վերոհիշյալ հանդիպման մասնակիցներին անընդհատ հիշեցնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, ոչ էլ ադրբեջանական հասարակական կազմակերպություններն ահաբեկչական գործողությունների դիմելու պատրաստակամությամբ կսպառնային Հայաստանին։
Հատկանշական է, որ ղարաբաղյան հիմնահարցում ադրբեջանական դիրքերի սպառվածության առումով Գուլիեւը հիշեցումներով, իսկ հասարակական կազմակերպություններըՙ սպառնալիքներով միմյանց լրացնում են։ Քանի որ փուլային տարբերակը Մեղրիի միջանցքի շահարկմամբ հանդերձ բխում է Ադրբեջանի շահերից, ուստի Գուլիեւին եւ ադրբեջանական կազմակերպություններին էլ հայաստանյան ընդդիմությունն է լրացնում։ Որքան էլ ադրբեջանական դիրքերի սպառվածությամբ սպառվեն նաեւ հայաստանյան ընդդիմության դիրքերը, այնուամենայնիվ, սրանց նկրտումներն ամենեւին չեն ենթադրում միջազգային համարժեք արձագանքներ։
Ի՞նչ առումով։ Այն, որ եթե ձանձրույթը եւ սպառնալիքը չեն կարող միջազգային կառույցների վրա ազդելու միջոց լինել, ապա Հայաստանում փուլային տարբերակի շրջանառությունն ու Մեղրիի տարբերակի շահարկումը միանգամայն կարելի է հայկական իշխանությունների դեմ ազդեցության հավելյալ լծակ դարձնել։ Ուրեմն, հայաստանյան ընդդիմության նկրտումներն ավելի վտանգավոր են, քան սպառնալիքներով հագեցած Ադրբեջանի թշնամանքը։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ