«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2003-12-06 | #226, 2003-12-09 | #227, 2003-12-10


ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՋԱՐԻԱՅԻ ՀԵՏ ՄՏՑՐԵՑ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԱՅՑԱԳՐԱՅԻՆ ԿԱՐԳ

Դեկտեմբերի 9-ից Մոսկվան Վրաստանի Աջարիայի ինքնավարության հետ մտցրեց պարզեցված այցագրային կարգ, ինչը նշանակում է, որ Աջարիայի վարչական տարածքում գրանցված քաղաքացիները կարող են Ռուսաստան մեկնել առանց այցագրի եւ հակառակը։

Վրաստանի արտգործնախարարությունը դատապարտել է Մոսկվայի միակողմանիՙ առանց Թբիլիսիին տեղեկացնելու որոշումը, դա համարելով «երկրի տարածքային ամբողջականության ոտնահարում»։

2000 թ. դեկտեմբերի 5-ից Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ մտցվել է այցագրային կարգ, որը, սակայն, չի տարածվում փաստացի անկախ երկու հանրապետություններիՙ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վրա։ Աջարիան դարձավ երրորդ «ապստամբ» հանրապետությունը, որը Մոսկվայի հետ հաստատում է ուղղակի հարաբերություններՙ շրջանցելով Թբիլիսիին։

Այսօր սպասվում է Վրաստանի ժամանակավոր նախագահ Նինո Բուրջանաձեի այցն Աջարիա, որտեղ նա փորձելու է Ասլան Աբաշիձեին համոզել, որպեսզի վերջինս թույլ տա նախագահական ընտրություններ անցկացնել ինքնավարության տարածքում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4