«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2003-12-06 | #226, 2003-12-09 | #227, 2003-12-10


ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՎԱԾ ԵՆ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Իսկ մեզանում դեռեւս քչերն են ճանաչում իրենց իրավունքները

Դեկտեմբերի 10¬ին ողջ աշխարհում նշվում է մարդու իրավունքների միջազգային օրը։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որ ընդունվեց 1948 թվականի դեկտեմբերի 10¬ին, ընդգրկում է յուրաքանչյուր երկրի քաղաքացու համար պարտադիր քաղաքացիական, տնտեսական, քաղաքական ու սոցիալական հիմնարար իրավունքները։

Հռչակագրի դրույթները միջազգային իրավունքի կշիռ ունեն, քանի որ լայնորեն տարածված են եւ ընդունվում են որպես պետությունների վարքագիծը գնահատելու չափանիշ։ Նորանկախ շատ պետություններ մեջբերում են համընդհանուր հռչակագիրը կամ էլ նրա դրույթները ներառում իրենց հիմնարար օրենքների ու սահմանադրության մեջ։

Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնակատար Բերտրանդ Ռամչարանը մարդու իրավունքների օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ողջ աշխարհին, արտահայտելով այն միտքը, որ այսօրՙ 2003 թվականի դեկտեմբերի 10¬ին, բոլոր ժողովուրդները պետք է խորապես տխրեն ու անհանգստանան, քանի որ ողջ աշխարհում մարդու իրավունքները զգալիորեն խախտվում են աղքատության, հակամարտությունների, ահաբեկչության, բռնության, նախապաշարման եւ վատ կառավարման հետեւանքով։ Նրա խոսքով, արդի աշխարհում քաղաքացիները դիտավորյալ ներգրավված են հակամարտությունների մեջ եւ մարդու միջազգային իրավունքներն ու հումանիտար օրենքներն անպատիժ արհամարհվում են։ Հենց այդ պատճառով էլ հրատապ է ազգային, տարածաշրջանային եւ միջազգային ծավալներով հակամարտությունների կասեցման ջանքերն արդյունավետ դարձնելը։ Նույնը վերաբերում է նաեւ աշխարհում ահագնացող ահաբեկչության, բռնության, ազգային խտրականության ու մարդկանց սպառնացող վտանգավոր այլ երեւույթների դեմ պայքարին։

ՄԱԿ¬ի երեւանյան գրասենյակի անմիջական նախաձեռնությամբ երեկ ԳԱ ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանում բացվեց մարդու իրավունքների վերաբերյալ գրքերի ցուցահանդեսը, որը նպատակ ունի հանրությանը իրազեկելու միջազգային իրավունքների մասին։ Միջոցառմանը ներկա էին գրասենյակի ներկայացուցիչները, գրադարանի տնօրենությունը, հյուրեր։

«Մարդու իրավունքների մասին, ցավոք, մեր երկրի քաղաքացիները կամ բավական քիչ են տեղեկացված, կամ էլ առհասարակ գիտելիքներ չունեն։ Ահա թե ինչու նրանք անզոր են պաշտպանելու իրենց իրավունքները, երբ դրանք տարբեր առիթներով ու պատճառներով ոտնահարվում են։ Մենք պարտավոր ենք միասնաբար պայքարելու մեր հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանության համար։ Հենց դրան է միտված այսօրվա ցուցահանդեսի բացումը», մեզ հետ զրուցելիս ասաց գրադարանի փոխտնօրեն Կարապետ Մինասյանը։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4