«Չնայած հայաստանյան խնդիրներինՙ 1996-ից Հայաստանում գործող «Էյչ-էս-բի-սի» բանկն ականատես է եղել տնտեսության հսկայական զարգացման», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Էյչ-էս-բի-սի բանկ Հայաստան»-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Նիք Գիլմորը։ Նա վստահեցրեց, որ հայկական շատ ձեռնարկություններ կարող են արտասահմանյան շուկայում առաջարկել միջազգային ստանդարտներին համապատասխանող ապրանքներ եւ ծառայություններ։
Ցանկանալով նպաստել հայկական փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանըՙ արդեն երկրորդ տարին բանկը կազմակերպում է «Էյչ-էս-բի-սի էքսպորտ» մրցանակաբաշխությունը։ Արտասահմանյան եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը ուսումնասիրում է ձեռնարկության գործունեությունը արտադրության եւ արտահանման բնագավառում։ Ձեռնարկություններից լավագույնը ստանում է 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ «Էյչ-էս-բի-սի» բանկի մատուցած արտահանման առեւտրային ծառայությունների սակագների 50% զեղչ։
«Սկզբնական շրջանում նախատեսվում էր հաջողության դեպքում մրցանակաբաշխությունը 3 տարի անընդմեջ իրականացնել։ Քանի որ ձեռնարկը նախորդ տարի բացառիկ աջակցություն եւ ոգեւորություն գտավ փոքր եւ միջին ձեռնարկությունների շրջանակում, որոշվեց այն շարունակել», ասաց բանկի ղեկավարը։
Մրցույթին մասնակցող ձեռնարկությունը պետք է զբաղվի ապրանքների եւ ծառայությունների արտադրությամբ, արտահանմամբ, տարեկան արտահանման ծավալը պետք է չգերազանցի 5 մլն դոլարը, ձեռնարկության գործունեությունը չպետք է առաջացնի էկոլոգիական խնդիրներ։ Ընտրության ժամանակ հաշվի են առնվում նաեւ ձեռնարկությունների տեխնիկական հագեցվածությունը, աշխատողների աշխատավարձը, սոցիալական պայմանները։
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2004-ի մարտին, իսկ մինչ այդ ձեռնարկությունները հնարավորություն ունեն մասնակցելու հայտ ներկայացնել։
Ինչ վերաբերում է բանկի գործունեությանը, Նիք Գիլմորն ասաց. «Գալիք տարիների ընթացքում ռազմավարական կտրուկ ոչ մի փոփոխություն չի լինելու։ Վստահ եմՙ տարեվերջին Լոնդոնի մեր ղեկավարությունը, Հայաստանի Հանրապետության ԿԲ-ն, հարկային ծառայությունները գոհ կլինեն մեր արդյունքներից»։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ