Այսօր մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 55-ամյակն է
Արտաքուստ ամեն ինչ կարգին է. երկրում կան 2000-ից ավելի իրավապաշտպան կազմակերպություններ, 120 կուսակցություններ (որոնցից 49-ն է հիշել վերագրանցվելու պահանջը) հազարավոր դոլարներ են վատնում իրավապաշտպան գործունեությունը խթանելու անվան տակ։ Փաստորեն, մեկ շնչին ընկնող իրավապաշտպան կազմակերպությունների թվով եւ մեկ շնչի վրա ծախսվող դոլարների քանակով Արկտիկայից հետո մենք զբաղեցնում ենք առաջին տեղը։
Իսկ իրականում քանի՞ իրավապաշտպան կազմակերպություն է գործում, ինչպե՞ս է գործում, քանի՞ մարդ է զգացել նրանց կոնկրետ, իրական աջակցությունը կամ գիտի՞ նրանց գոյության մասին, ոչ ոքի չի հետաքրքրում։ Կամՙ 2000-ից ավելի հասարակական կազմակերպություններից լավագույն դեպքում 10-15 աշխատողներն ի՞նչ դժվարություններ ունեն, ինչպիսի՞ն է «պետություն-հասարակական կազմակերպություններ» փոխհարաբերությունների վիճակըՙ մութ անտառ է։ Որպես երրորդ հանրապետությունում առաջինը ստեղծված հասարակական կազմակերպության անդամ, այս հարցը ոչ միայն մտահոգում է, այլեւ ստիպում է բարձրաձայն հնչեցնել, տեսանելի դարձնել այն խութերը, «սառցասարի» ստորջրյա մասերը, որոնք արժեզրկում, հեղինակազրկում են համաշխարհային ճանաչում ստացած իրավապաշտպան շարժումը։
Այսօր միջազգային կազմակերպություններից որեւէ մեկի հոյակապ տաքացվող շենքում դարձյալ կհավաքվեն իրավապաշտպան կազմակերպություններըՙ հիմնականում գրանտներից անսպառ օգտվող եւ մարդու իրավունքների պաշտպանությանը միայն գրանտներ լվանալու հաշվետվություններով առնչվող, «կոֆե-բրեյկ»-ով հագեցած մտքեր կփոխանակեն մարդու իրավունքների պաշտպանությանն անմնացորդ զինվորագրվելու մասին։ Եվ իրար հրաժեշտ կտան մինչեւ հաջորդ դեկտեմբերի 10-ը։ Նախորդ տարիների տխուր փորձից համոզված եմ, որ բազմաթիվ թերթեր այսօր էլ կմոռանան դեկտեմբերի 10-ը։ Իսկ որոշ հեռուստաընկերություններ մեր հրապարակումից հետո կփորձեն տեղավորվել ծրագրերի մեջ (հեռուստածրագրերում չի հիշվել դեկտեմբերի 10-ը)։
Ցավոք, հռչակագիրը (նաեւ մյուս միջազգային իրավական ակտերի մեծ մասը) դարձել է գրանտները, մեղմ ասած, փոշիացնելու հուսալի աղբյուր. առնվազն 20 անգամ «թարգմանվել» է արդեն թարգմանված հռչակագիրը։
Ավելի հստակՙ թարգմանելու անվան տակ վերահրատարակում են արդեն թարգմանված հռչակագիրը, եւ գումարները «գրպանվում» են։ Ո՞վ է հաշվել, թե որքան է տպագրվածի իրական տպաքանակը եւ ում է բաժանվել։ Աչքակապությունն այնտեղ է հասել, որ, օրինակ, երեխայի իրավունքների մասին բազմիցս թարգմանված կոնվենցիան «թարգմանել» է «բազմափորձ»... 11-ամյա աղջնակը։
Շատ տարածված է միեւնույն իրավապաշտպան կազմակերպության կողմից նույն ծրագրի համար տարբեր միջազգային կազմակերպություններից գրանտներ ստանալու արատավոր պրակտիկան։ Ո՞վ է հաշվել, թե, օրինակ, մամուլի, օմբուդսմենի, խոսքի ազատության առնչությամբ քանի՞ հարյուր հազարների դոլարներ են ստացվել։ Կամ քանի՜ գրանտներ են «փոշիացվել» դեռեւս գոյություն չունեցող օրենքը... պրոպագանդելու անվան տակ։ Տեղին է ԶԼՄ-ներում մշտապես հնչեցվող ահազանգըՙ բացի «գրանտներ լվանալուց» ուրիշ ինչո՞վ է զբաղվում Երեւանում հյուրընկալված մի քանի տասնյակ միջազգային եւ ռեգիոնալ կազմակերպությունների մի մասը։ Հասկանալի է, տարածաշրջանը որոշակի ազդեցությունների, շահերի, քաղաքական մկանների ցուցադրման գոտի է։ Եվ Հայաստանը (նաեւ կովկասյան մյուս երկրները) որոշակի հետաքրքրություն է ներկայացնում։ Բայց անհրաժեշտ չէ՞ կարգավորել, հստակեցնել, «շողուլի բերել» այդ կազմակերպությունները, որպեսզի մի չնչին գրանտ հատկացնելու անվան տակ հարյուրավոր ծրագրերում մանրամասնած «նոու-հաու»-ի արտահոսք տեղի չունենա։
ԶԼՄ-ներում հաճախակի է հնչեցվումՙ այդ կազմակերպությունների մի մասը դրամ է շնորհում շնորհվելիքի 15-20 տոկոսն իրենց շնորհելուց հետո։
Զավեշտական էր հաղորդումներից մեկըՙ այդ չափի գումար են շորթել... կոռուպցիայի դեմ դրամաշնորհ շնորհելիս։ Թերեւս պետք է վերացնել գրանտներ շնորհելու արատավոր պրակտիկան. հանձնաժողովներն աշխատում են բացառիկ կոնսպիրացիայի պայմաններում, հանձնաժողովների նիստերին չեն մասնակցում հայտատուները, հասարակայնությունը, ԶԼՄ-ները։ Դրամաշնորհողին 15-20 տոկոս դրամ շնորհելու տարածված կարծիքները (եւ պրակտիկան) վերացնելու նպատակով անհրաժեշտ է հրապարակել, թե որ միջազգային կազմակերպությունն ինչ նպատակով, ում եւ որքան գրանտ է տրամադրել, ինչպես են ծախսվել, վատնվել, փոշիացել դրանքՙ կոնկրետ ում իրավունքն է պաշտպանվել, ինչ արդյունք է ձեռք բերվել։
Թերեւս այս հրապարակումն ինչ-որ չափով տեսանելի կդարձնի գրանտ տրամադրողի իրական նպատակները։ Եվ կասկածները չեն տարածվի նաեւ իրոք ազնիվ գործունեությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների վրա։ Ի դեպ, միջազգային կազմակերպությունները շատ են տարփողում թափանցիկ, բաց գործունեությունը։ Մինչդեռ նրանք միայն կոչ են անումՙ առանց օրինակ ծառայելու։ Կուսակցությունները գիշերուզօր «պայքար» են տալիս ողջ ժողովրդի շահերը պաշտպանելու ուղղությամբՙ մոռանալով, որ ժողովուրդը բաղկացած է անհատներից. եթե յուրաքանչյուր անհատ պաշտպանված չէ իրավունքների ոտնահարումներից, ապա երեւի ողջ ժողովուրդը չի կարող պաշտպանված լինել։
Հին տոմարով 120, նոր տոմարովՙ 49 (գրանցված) կուսակցություններից միայն «Նոր ժամանակներ» կուսակցության կանոնադրության մեջ են «բնակեցվել» «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները», «Պետություն եւ եկեղեցի», «Բնապահպանություն» գլուխները։
Կուսակցությունները, հատկապես խորհրդարանական գրանցում ստացած, մատրոսովյան ստանդարտով մահ ու կենաց պայքար տարան, որպեսզի իրենց դիրքորոշումը համապատասխանեցնեին երկրի համար «բախտորոշ» նշանակություն ունեցող հարցի լուծմանըՙ փոխանակ ծանոթանալու օրենքի նախագծին եւ առարկայացնելու պաշտպանի լիազորությունները, ընդդիմադիր աշխատող կուսակցություններն ամուլ ճակատամարտեր տվեցինՙ ով պետք է նշանակի հայկական օմբուդսմենին, միայն թե ՀՀ նախագահը չտիրապետի այդ հարցի լուծմանը։ Հիմնավորումը կարծես տպավորիչ է։ Բայց միայն տպավորիչՙ պաշտպանը կախման մեջ կլինի իրեն նշանակող (հետեւաբար եւ ազատող) նախագահից։ Ես համաձայն եմ, որ պաշտպանին նշանակի ըստ էության գոյություն չունեցող արհմիության որեւէ արտահաստիքային տեսուչ։ Ի՞նչը կփոխվի դրանից։ Չէ՞ որ պաշտպանն ունի միայն մեկ իրավունքՙ լիազորություն չունենալու իրավունք։ Իրավապաշտպան կազմակերպություններն իրենց հանգստի հաշվին, նյութական սուղ միջոցների հաշվին ուսումնասիրում են, ահազանգում են, սատար են կանգնում հարկատուի հաշվին գոյատեւող պետական ապարատի առանձին չինովնիկների կամայականությունների, ապօրինությունների զոհերին։ Իշխանությունները, անթիվ-անհամար միջազգային եւ տարածքային իրավապաշտպան կազմակերպություններն ինչպե՞ս են արձագանքում չորրորդ իշխանության գործունեությանը, ընթերցո՞ւմ են այդ կամայականությունների մասին հրապարակումները, մեղավոր անձանցից ովքե՞ր են պատժվել, ինչո՞ւ հակահարված չի տրվում երկրում տոտալ անարխիայի, բռնությունների, խոսքի ազատության համատարած բացակայության մասին հրապարակումներին...
Մարդու իրավունքները սահմանադրական մակարդակի են բարձրացված։ Եվ յուրաքանչյուր պաշտոնյա պարտավոր է գիտակցել, հասկանալ ու խոնարհաբար ենթարկվել այդ իրավունքների պաշտպանության պահանջին։ Քաղաքացին ոչ թե նսեմացած, ահը սրտում, մտավախությամբ պիտի մտնի պաշտոնյայի ընդունարան (եթե, իհարկե, այդ նրան կհաջողվի), այլՙ պահանջատիրոջ իրավունքով։
ՊՈՒՇԿԻՆ ՍԵՐՈԲՅԱՆ, «Օգոստոսի 23, ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ