«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2003-12-09 | #227, 2003-12-10 | #228, 2003-12-11


ԱՄՆ ՓՈԽՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ ԳՐՈՍՄԱՆՆ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Այցելության նպատակը «Ինջիռլիքի» ռազմաբազայի կարգավիճակի ճշտումն է

Մարտի 1-ին, երբ Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսը, երկրորդ անգամ մերժեց «երկրի տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման մասին» կառավարական օրինագիծը, թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը շեշտակի սրվեց։ Դրան հետեւեցին ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Փոլ Վոլֆովիցի, փոխպետքարտուղար Մարկ Գրոսմանի եւ Պենտագոնի նախկին գլխավոր խորհրդական Ռիչարդ Փեռլի Թուրքիային հասցեագրած քննադատական ելույթներն ու թուրք-ամերիկյան ռազմավարական դաշինքը վերանայելու վերջիններիս պատրաստակամությունից բխող սպառնալիքները։

Թեեւ պաշտոնական Վաշինգտոնը զերծ մնաց ռազմավարական դաշինքի վերանայումից, Իրաքի վարչականորեն վերակառուցման եւ երկրի տարածքում 4 ամերիկյան ռազմաբազաների տեղաբաշխման հավանականությունը լուրջ մտավախություններ է պատճառում թուրքական իշխանություններին։

Ակնհայտ է, որ վերակառուցված Իրաքում ամերիկյան 4 ռազմաբազաների տեղաբաշխման դեպքում, որոնցից կենտրոնականը նախատեսվում է տեղակայել Հյուսիսային Իրաքում, «Ինջիռլիքը» վերջնականապես կկորցնի նշանակությունը, իսկ դա սպառնալիքի տակ կդնի ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մեջ նպատակահարմարությունն այն դերակատարության, ինչ վերապահված է Թուրքիային։

Այլ կերպ, եթե տարածաշրջանում թուրք-ամերիկյան ռազմավարական դաշինքը պայմանավորված չէ «Ինջիռլիքի» առկայությամբ, գոնե ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության մեջ Թուրքիայի զբաղեցրած դերը մեծապես պայմանավորում է այդ ռազմաբազան։ Թերեւս այդ առումով պատահական չէ ԱՄՆ փոխպետքարտուղար Մարկ Գրոսմանի այցը Թուրքիա, առավել եւս նրա գլխավորած պատվիրակության կազմում ամերիկյան բարձրաստիճան զինվորականների ընդգրկումը։

Դեկտեմբերի 10-ի առավոտյան Գրոսմանի այցին անդրադարձավ Թուրքիայի հանրային հեռուստատեսությունը, որի օրինակին հետեւեցին կենտրոնական թերթերը։ Օգտվելով առիթից նշենք, որ Գրոսմանը մինչ փոխպետքարտուղար նշանակվելը զբաղեցրել է Անկարայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը։ Համենայն դեպս, Անկարայում Գրոսմանը հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլին, ապա նաեւ արտգործնախարարության խորհրդական Ուղուր Զիյալին։ Այնուհետեւ Գրոսմանն ուղեւորվել է Ստամբուլ, որտեղ եղել է նոյեմբերի 15-ի ահաբեկչության թիրախներից Նեւե Շալոմ սինագոգում, ապա այցելել է Ստամբուլի նահանգապետ Մուամմեր Գյուլերին, հավաստելով նրան ահաբեկչությունների առնչությամբ իր համերաշխությունը։

Հարկ է նշել, որ թուրքական հանրային հեռուստատեսությունն ու կենտրոնական թերթերը շրջանցում են Գրոսմանի այցի նպատակները։ Ըստ երեւույթին, դրանք տեղեկացված չեն։ Այդ իսկ պատճառով էլ սահմանափակվում են մեկ-երկու կցկտուր տեղեկություններով։ Այնուամենայնիվ, այդ տեղեկությունները հիմք են տալիս ենթադրելու, որ Գրոսմանըՙ առավել եւս նրա պատվիրակության մեջ ընդգրկված բարձրաստիճան զինվորականները հանդիպումներում կենտրոնացել են «Ինջիռլիքի» վրաՙ ճշտելու համար այդ ռազմաբազայի կարգավիճակն ու հետագա օգտագործման պայմանները։

Թուրքական հեռուստատեսության վկայությամբ, Գյուլի հետ հանդիպման ավարտին Գրոսմանն, ի պատասխան թուրք լրագրողների հարցերի, նշել է. «Ինջիռլիքի» ռազմաբազան Թուրքիային է պատկանում, եւ մենք դա վարձակալության հիմունքներով օգտագործել ենք»։ Ապա Գրոսմանը «Ինջիռլիքը» հետագայում օգտագործելու ցանկություն է հայտնել եւ ավելացրել, որ պահանջի դեպքում ԱՄՆ-ը կտրամադրի Թուրքիայի համար նախատեսված 8,5 մլն դոլարի վարկը։

«Ինջիռլիքի» եւ վարկի մասին Գրոսմանի ասածները համադրելու դեպքում տպավորություն է ստեղծվում, թե վարկը Թուրքիային տրամադրվելու է «Ինջիռլիքի» հետագա օգտագործման դիմաց։ Հարցը սակայն «Ինջիռլիքի» օգտագործումը չէ, այլ դրա հակասությունն Իրաքի տարածքում ամերիկյան 4 ռազմաբազաների տեղաբաշխման, ինչպես նաեւ Իրաքում թուրքական զորքերի ծառայությունից հրաժարվելու Վաշինգտոնի տրամադրությունների հետ։

Սա նշանակում է, որ Գրոսմանի պարագայում «Ինջիռլիքի» օգտագործման նպատակը չի կարող Իրաքը լինել։ Ուրեմն, Անկարայում այդ ռազմաբազայի հետագա կարգավիճակի ճշտումը պետք է պայմանավորված լինի Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի նկրտումներով։ Դրա առկայության մասին են վկայում Ստամբուլի վերջին ահաբեկչությունների եւ Սիրիայի միջեւ արհեստական կապ հաստատելու ամերիկյան փորձերը, որոնց անմիջականորեն մասնակցում են արեւմտյան մամուլն ու թուրքական կենտրոնական թերթերը։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4