«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2003-12-09 | #227, 2003-12-10 | #228, 2003-12-11


ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸ

Խմբագրության հյուրն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիայի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը։

¬ Ինչպե՞ս եք գնահատում մշակութային արժեքների պահպանության արդի վիճակը մեր հանրապետությունում։

¬ Ներկայումս ավելի ու ավելի հաճախ է հնչում մարդկանց մտահոգությունն անցյալի պատմական ժառանգության պահպանության ճակատագրի համար։ Երբեք չի խամրում հետաքրքրությունը դեպի այդ ժառանգությունը, եւ ազգային արժեքների անդառնալի կորուստները մեծագույն ցավ են առաջ բերում այն բացթողումների նկատմամբ, որոնք հանգեցրել են դրան։ Այսօր ազգային մշակույթի եւ պատմության ժառանգությունը կազմող բազմաթիվ պատմաճարտարապետական, գեղարվեստական ու թանգարանային արժեքներ դեռեւս չեն ենթարկվել պետական միասնական հաշվառման ու անձնագրավորման, չեն մտել ազգային ժառանգության հիմնական ֆոնդի մեջ։

Իմ դիտարկումների հիման վրա (1991 թ. դրությամբ) հանրապետությունում պահպանված եւ պետական հաշվառման վերցված անշարժ հուշարձանների թիվը հասնում է շուրջ երեսուն հազարի, այդ թվում պատմությանՙ 4300, հնագիտականՙ 5000, քաղաքաշինության եւ ճարտարապետությանՙ 7600, արվեստիՙ 13000 հուշարձաններ։ Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջ 90 պատմաերկրագիտական, գեղարվեստական, գրական, հուշային թանգարաններում եւ պատմահնագիտական ու պատմաճարտարապետական արգելոց-թանգարաններում պահվում են շուրջ մեկ միլիոն 600 հազար միավոր կազմող թանգարանային եւ գեղարվեստական արժեքներ։

Պատմամշակութային արժեքների մի զգալի մաս են կազմում նաեւ Հայաստանի արխիվային համակարգում գործող Ազգային արխիվում պահվող վավերագրերը, փաստաթղթերը եւ ձեռագրերը, որոնց թիվը հասնում է շուրջ մեկ միլիոնի։

Եվ վերջապես պետական առանձնահատուկ պահպանության տակ են վերցված շուրջ 16 հազար հնագույն ձեռագրերը, որոնք պահվում են իր տեսակի մեջ եզակի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտումՙ Մատենադարանում։ Պետության պահպանության տակ վերցված շուրջ երկու միլիոն միավորի հասնող հնագիտական, պատմության, ճարտարապետության, քաղաքաշինության, գրական, գեղարվեստական ու թանգարանային արժեքներից բացի, մեծ թիվ են կազմում նաեւ Էջմիածնի կաթողիկոսարանի ու անհատ անձանց մոտ, որպես անձնական սեփականություն կազմող պատմամշակութային արժեքները։ Չպետք է հմայվել ու հանգստանալ այն բանով, որ այսօր հազարավոր հուշարձաններ ունենք։ Միանգամայն անմխիթար վիճակ է հուշարձանների վերականգնման բնագավառում։ Չկան անհրաժեշտ նյութատեխնիկական բազա եւ արտադրական կարողություններ։ Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի հետեւանքով լուծարվեցին «Հայվերականգնում» շինարարական տրեստը, «Հայնախագիծվերականգնում» նախագծային ինստիտուտը, շինանյութերի արտադրության կոմբինատը, վերականգնող վարպետների արհեստագործական ուսումնարանը, տարբեր շրջաններում ստեղծված հուշարձանների վերականգնման գիտաարտադրական արվեստանոցները։

¬ Իսկ ի՞նչ եք առաջարկում ստեղծված վիճակից դուրս գալու համար։

¬ Այսօր չկա ստեղծված վիճակից դուրս գալու կազմակերպչական անհրաժեշտ միջոցառումների իրականացման հատուկ ծրագիր։ Կասկած չի հարուցում այն մտահոգությունը, որը պահանջում է արմատապես փոխել իրավիճակը։ Հուշարձանների պահպանության, վերականգնման եւ օգտագործման աշխատանքների փլուզումը սկսվեց հանրապետության կառավարությանն առընթեր պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման գլխավոր վարչության լուծարմամբ եւ որպես մի առանձին վարչություն մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության համակարգում իր գոյությունը պահպանելու գործընթացով։

Վերջերս մի նոր հարված հասցվեց հուշարձանների պահպանության գործին։ Հանրապետության կառավարությունը, կրկնօրինակելով արտասահմանյան երկրների կառավարման փորձը, ստեղծեց միանգամայն անհասկանալի հաստատությունների մի շարք, որոնց ցուցանակները փոխարինվեցին «գործակալություններ» եւ «ոչ առեւտրային պետական հիմնարկներ» անվանումներով։ «Գործակալության» վերածվեց նաեւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության համակարգում գործող հուշարձանների պահպանության վարչությունը, որի ենթակայությամբ գործող մասնագիտացված կազմակերպություններն անջատվելով նրանից, դարձան «ոչ առեւտրային պետական հիմնարկներ»։ Փաստորեն մասնատվելով եւ կեղծ ինքնուրույնություն ձեռք բերած գաճաճ նորաստեղծ «գործակալությունները», սնվելով պետական բյուջեից, ավելի շատ աչքակապությամբ են զբաղվում, քան բուն խնդիրների իրագործմամբ։ Զարմանալի է, որ կառավարությունում լրջորեն քննարկման հարց չդարձրեցին ազգային մշակութային ժառանգության պահպանության հարցերը, քաջ գիտակցելով, որ վերջին տասը տարիների ընթացքում հոգեվարքի մեջ է գտնվում մեր մշակույթի այդ բնագավառը։ Արտասահմանում գործող պետական գործակալությունները հիմնականում զբաղվում են ծառայություններ մատուցելով։ Հուշարձանների պահպանության այսպես կոչված «գործակալության» հիմնական խնդիրը ծառայություններ մատուցելը չէ, այլ հանրապետությունում հուշարձանների պահպանության նկատմամբ պետական վերահսկողություն սահմանելն է։ Հուշարձանները կորստյան վտանգից փրկելու համար դրանց վերականգնումն ապահովելն է եւ վերջապես ճիշտ օգտագործելը։

Ստեղծված վիճակից դուրս գալու միակ ուղին պատմամշակութային ժառանգության պահպանության գործի ղեկավարման արմատական բարելավումն է եւ կատարելագործումը։

Գործնական աշխատանքի փորձը թելադրում է հանրապետությունում մեկ միասնության մեջ դնել մշակութային ժառանգության պահպանության գործի ղեկավարումը եւ հանրապետության կառավարությանն առընթեր ստեղծել ջրային ռեսուրսների կամ, ասենք, ֆիզկուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեներին համազոր, նույն կարգավիճակով գործող մի գերատեսչություն, որի համակարգում կկենտրոնանան պատմամշակութային հուշարձանների պահպանության, վերականգնման եւ օգտագործման մարմինները։

Ժամանակն է այլ երկրների օրինակով հանրապետությունում ստեղծելու ազգային մշակութային ժառանգության պահպանման հիմնադրամ։ Լայն գործունեություն ծավալել առանձին հովանավորողների, գործարար շրջանների, բարեգործական կազմակերպությունների հետ կապեր հաստատելու ուղղությամբ։

Վիճակախաղերի, աճուրդների եւ խոշոր միջոցառումների ու հանդեսների կազմակերպմամբ կարելի է զգալի ֆինանսական միջոցներ ստեղծել, որոնց ներդրումն անկասկած մեծապես կբարելավի մշակութային արժեքների պահպանության գործը։

Ս. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4