«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2003-12-09 | #227, 2003-12-10 | #228, 2003-12-11


«ԻՍԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ

Դեկտեմբերի 9-ի հետմիջօրեին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում կայացավ Մատենադարանի ավագ գիտաշխատող, Երեւանի պետական ու Հայաստանի ամերիկյան համալսարանների դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Այվազյանի դոկտորական ատենախոսության հրապարակային պաշտպանությունը։ Դա երկար կհիշեն մասնակիցներն ու ներկաներըՙ որպես պատմության ինստիտուտի տասնամյակների պատմության մեջ առաջին «իսկական պաշտպանությունը» (արտահայտությունը պատկանում է մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանին. սրանից կարելի՞ է հետեւեցնել, որ նույն խորհրդում եղել են «ոչ իսկական պաշտպանություններ»...)։

Ինստիտուտի դահլիճը լեփ-լեցուն էր, շատերը նույնիսկ կանգնելու տեղ ճարելու դժվարություն ունեին։ Ներկաների մեջ էին ուսանողներ, հասարակական գործիչներ, պետական պաշտոնյաներ, գիտությունների թեկնածուներ եւ դոկտորներ, լրագրողներ, նաեւ ակադեմիկոսներ Ռաֆայել Ղազարյանն ու Սեն Արեւշատյանը։ Հետաքրքրությունը մեծ էր մանավանդ այն տարաձայնությունների պատճառով, որոնց համաձայն, մասնագիտական խորհրդի որոշ անդամներ, Այվազյանի արտասահմանյան հակառակորդներին հաճոյանալու նպատակով, նախօրոք ծրագրել էին տապալել պաշտպանությունը։ Շատերն այդ վերաբերմունքը կապում էին Արմեն Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումն ամերիկյան պատմագրության մեջ» մենագրության հետ, որի դեմ հայագիտության ոչ հայկական ու ապազգային դպրոցների ներկայացուցիչների կատաղի գրոհը չի դադարում արդեն 5 տարի...

Պաշտպանությունը, որը տեսագրվում եւ ձայնագրվում էր, տեւեց 5 ժամից ավելի։ Մատենադարանը (որտեղ կատարվել է աշխատանքը), առաջատար կազմակերպություն ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը (վարիչի պաշտոնակատարՙ պատմագիտության դոկտոր Բաբկեն Հարությունյան), պատմության ինստիտուտի միջին դարերի պատմության բաժինը (վարիչՙ ակադեմիկոս Հրաչ Բարթիկյան) ու երեք պաշտոնական ընդդիմախոսները հաճախ տրամագծորեն հակառակ գնահատականներ էին տալիս Ա. Այվազյանի «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» դոկտորական ատենախոսությանը (դա առանձին գրքով հրատարակվել է այս տարի)։ Մինչ Մատենադարանը (տնօրենՙ ակադեմիկոս Սեն Արեւշատյան) եւ ընդդիմախոսներից ակադեմիկոս Մանվել Զուլալյանը չափազանց բարձր գնահատեցին ատենախոսությունը, մյուս ընդդիմախոսներըՙ պատմագիտության դոկտորներ Վալտեր Դիլոյանն ու Էդիկ Դանիելյանը, իրենց գնահատականներում ավելի զուսպ էին։ Այդուհանդերձ, բոլոր ընդդիմախոսներն էլ միջնորդեցին մասնագիտական խորհրդի առաջՙ Ա. Այվազյանին շնորհելու դոկտորի գիտական աստիճան։

Բազմաթիվ անտեղի քննադատություններ էր պարունակում պատմության ինստիտուտի միջին դարերի բաժնի կարծիքը։ Ցավալի է արձանագրել, որ այս գիտական մարմինը չի կարողացել տարանջատել «ազգայնականություն» եզրն «ազգայնամոլությունից»։ Ավելինՙ բաժինը «զարմանալի» էր գտել Մատենադարանի կարծիքըՙ այդպիսով փաստորեն կասկածի տակ դնելով հայագիտական այս խոշոր հաստատության անաչառությունը։ Է՛լ ավելի տարօրինակ էին առաջատար կազմակերպության թե՛ վարքագիծը եւ թե՛ բուն կարծիքի էությունը։ Ամբիոնը դրական ոչինչ չէր գտել ատենախոսության մեջ։ Խախտելով ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կանոնադրությունը (որը պարտավորեցնում է կարծիքն ատենախոսին հանձնել ոչ ուշ, քան պաշտպանության օրից տասն օր առաջ, իսկ ամբիոնը բարեհաճել էր նիստ գումարել ընդամենը վեց օր առաջ), ԵՊՀ հայոց պատմության ամբիոնը, հստակորեն չփաստարկված դատողություններ անելով, մասնագիտական խորհրդի առաջ միջնորդում էր դոկտորի աստիճան... չշնորհել Այվազյանին։ Ամբիոնիՙ հապճեպորեն գրված կարծիքի ավարտին կար մի ուշագրավ հավելում. հայտնվում էր, որ կողմ է քվեարկել ամբիոնի տասը աշխատակիցներից 9-ը, իսկ մեկըՙ ձեռնպահ։ Այս «մանրուքը» լիովին տեղավորվում էր պաշտպանության տապալման սցենարում, մանավանդ որ ամբիոնիՙ այս կարծիքին թեր քվեարկած դասախոսներից երեքը նաեւ հիշյալ մասնագիտական խորհրդի անդամներ են։

Արմեն Այվազյանն իր պաշտպանությունը գերազանց էր պատրաստել։ Նա մեծ մասամբ չընդունեց ատենախոսությանն ուղղված քննադատություններըՙ իր պատասխանները հիմնավորելով համապատասխան աղբյուրներից մեջբերումներով, գիտական լուրջ եւ տրամաբանական, կուռ փաստարկներով։ Նա հիմնովին ջախջախեց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի կարծիքը եւ ապացուցեց նրա չհիմնավորվածությունն ու կանխամտածվածությունը։ Պաշտպանության ընթացքին զուգահեռ մասնագիտական խորհրդի անդամներից մի քանիսի վիճակը հետզհետե ավելի էր բարդանում. դա հատկապես երեւում էր Վլ. Բարխուդարյանի, խորհրդի գիտական քարտուղար, պատմագիտության թեկնածու Կարեն Խաչատրյանի եւ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր Աշոտ Մելքոնյանի անհանգիստ պահվածքից։ Խաչատրյանն անգամ «քաղաքական շոու» որակեց ներկաների պահվածքը (փոխանակ դա փնտրելու իր անմիջական շրջապատում), իսկ Ա. Մելքոնյանը ստեղծված վիճակից ելքը տեսավ մի «կոմպրոմիսի» մեջ (արտահայտությունը Ա. Մելքոնյանինն է), որը չի կարելի որակել այլ կերպ, քանՙ գործարք։ Նա առաջարկեց քվեարկությունը հետաձգել ուրիշ օրվա... Այս արտասովոր առաջարկը, իհարկե, չընդունեց Այվազյանը, եւ պաշտպանության տապալման գործընթացը շարունակվեց։ Մի պահ մթնոլորտն այնքան շիկացավ, որ ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Լիլիթ Արզումանյանը ստիպված էր միջամտել, կարգի հրավիրել եւ ընթացակարգային մի քանի հարցեր տեղում լուծել։

Կարծիքների եւ դրանց հետեւած ատենախոսի պատասխաններից հետո ելույթ ունեցան մասնագիտական խորհրդի շուրջ 10 անդամներ, նաեւՙ ակադեմիկոսներ Ռ. Ղազարյանն ու Ս. Արեւշատյանը։ Ակադեմիկոսներ եւ խորհրդի անդամներ Մանվել Զուլալյանն ու Հրաչիկ Սիմոնյանն իրենց գործընկերներին կոչ արեցին «քվեարկել խղճով», իսկ Հր. Սիմոնյանը նույնիսկ անբարոյական որակեց մինչեւ վերջերս իր ղեկավարած ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի կարծիքը։ Նա ուղղակի հայտարարեց, թե Այվազյանի նկատմամբ բացասական վերաբերմունքն անմիջականորեն կապված է ամերիկյան հայագիտության կեղծարարությունները մերկացնող ու խարազանող հիշյալ գրքի հետ։ Այվազյանի հակառակորդները, մասնավորաբար Բաբկեն Հարությունյանը, չընդունեցին այս տեսակետը։ Իրենց ելույթներում թե՛ ատենախոսությունը եւ թե՛ Այվազյանի գիտական գործունեությունը բարձր գնահատեցին խորհրդի անդամներ, ակադեմիկոսներ Վարդգես Միքայելյանը, Վլադիմիր Ղազախեցյանը եւ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմագիտության դոկտոր Մհեր Կարապետյանը։ Ցավոք, մասնագիտական խորհրդի նրանց գործընկերների մի մասը չանսաց «խղճով, գիտական ազնվությամբ եւ ոչ վրեժխնդրությամբ» քվեարկելու հորդորներին. 7 թեր, 8 դեմ եւ 3 ձեռնպահ քվեներով տապալվեց Արմեն Այվազյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը։ Ներկաների մեծ մասը, նաեւ խորհրդի մի քանի անդամներ, վարկաբեկիչ արտահայտություններով արձագանքեցին այս որոշմանը։

Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, տապալման բուն սցենարիստը, որը գիտական շրջանակներում հայտնի է «Ակադեմիայի գորշ կարդինալ» մականունով, փորձել էր Այվազյանի դեմ հանել նաեւ Մայր աթոռին, բարեբախտաբարՙ ապարդյուն։

Արմեն Այվազյանի հետ դեկտեմբերի 9-ին կատարվածը մի անգամ եւս ցույց տվեց, որ ՀՀ պատմագիտական կենտրոնները, սեփական տարածքները վերանորոգելուց առաջ, առաջին հերթին կարիք ունեն վերանորոգելու իրենց որոշ տիտղոսավոր աշխատակիցների քարացած խղճերը...

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ, Պատմագիտության թեկնածու


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4