Մայր աթոռում ստեղծվում է Արշիլ Գորկու թանգարան
ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2004-ին լրանում է մեծանուն նկարիչ Արշիլ Գորկուՙ Ոստանիկ Ադոյանի ծննդյան 100-ամյակը։ Նյու Յորքը նախապատրաստվում է նշելու այդ հոբելյանը կազմակերպելով արդի գեղանկարչության մեջ նոր ուղի հաստատած, Վանի ծնունդ վրձնի վարպետի հետահայաց խոշոր ցուցահանդեսը։ Նյու Յորքի «Փարրար Ստրաուս եւ Ժիրու» հրատարակչությունը, թերեւս, նույն ծրագրով լույս է ընծայել նկարիչների մասին մի շարք գրքերի հեղինակ Հայդեն Հերրերայի «Արշիլ Գորկի» մեծածավալ աշխատությունը։ Հեղինակը ջերմ սիրով է գրել ու անաչառ մոտեցումով է մեկնել նկարչի կյանքն ու գործըՙ սկսած մանուկ տարիքից մինչեւ ողբերգական վախճանը։
Ամերիկյան արդի արվեստի այդ հսկան իր քրոջը հղած նամակներից մեկում ասում է. «Սիրելի Վարդուշ, ամերիկացիները չգիտեն ի՞նչ է հայը եւ որտե՞ղ է մեր հայրենիքը։ ...Ինչպես եմ ես սիրում հողը։ Կարոտել եմ մեր սիրելի հայրենիքը, նրա բոսորագույն լեռները։ Վանա լճի աղոտ, ճերմակ ափերը, դաշտերն ու կենդանիները։ Մենք մեր հայրենիքի մի մասն ենքՙ չարաղետ փոթորկի ուժով հեռու շպրտված։ Ես մեր հայրենիքն եմ երազում եւ կարծես հայկական դարավոր մի ոգի շարժում է ձեռքս։ Ամբողջ աշխարհի համար ես վրձնով կվերածնեմ Հայաստանը...»։
Այստեղ զարմանալի զուգահեռ կա Արամ Խաչատրյանին տրված հարցերից մեկի պատասխանին. «Իմ երաժշտությունը ես գրել եմ, որպեսզի մարդիկ իմանան, թե որտե՞ղ է այդ երաժշտության հայրենիքը»։ Մեծերը հայրենիք են արարում ամբողջ աշխարհի համար։
Տասնմեկ տարեկան էր Ոստանիկը, երբ հրաժեշտ տվեց Աղթամարին ու հազարավորների հետ քայլեց դեպի Էջմիածին։ Ապա Երեւան, ուր սովից մահացավ մայրը... 1920-ին քրոջՙ Վարդուհու հետ նա հանգրվան առավ ԱՄՆ-ում։
Նոր երկրում նրա կյանքն անցավ հանգամանքների դեմ ծանր պայքարով։ Հին ու նորագույն արվեստի «անդուլ հետազոտողը» սեփական «եսը» որոնելիս իր ուժերը փորձեց արդի նկարչության բոլոր ոլորտներում, մինչեւ սեփական ազատության հասնելը։ Իր ստեղծագործության միջին շրջանում նա կերտեց բացառիկ մի կոթող, գեղեցկությամբ ու հուզականությամբ հիասքանչ «Նկարիչն ու իր մայրը» (1933) կտավը։ Ասես գերեզմանային լռությամբ շնչող ֆոնի վրա շեշտված են մոր ողբերգական աչքերը...
Անմոռանալի է իմ առաջին հանդիպումը այդ նկարի հետ Նյու Յորքի Ուիթնի թանգարանում։ Մոգական ուժ ներփակող այդ կտավի առջեւ, բազմաթիվ այցելուներով շրջապատված, ես հիշեցի «Սիքստինյան Աստվածամայրը»։ Ռաֆայելի մայրըՙ աչքերում տագնապ, աշխարհին է հանձնում որդուն։ Արշիլ Գորկու որդին աշխարհին է ներկայացնում իր կորսված մորըՙ կորսված հայրենիքի ու նրա գեղեցկության խորհրդանիշը։
Այս պատկերի գույներն ու ձեւերըՙ մոր գլխաշորը, խմորագունդ հիշեցնող ձեռքերն ու գոգնոցը, ինչպես եւ մտապատկերում հավիտյան դրոշմված խնոցին, գութանը, հոր այգին, Աղթամարի հարթաքանդակները այն հողն են, որից ծնվեցին Գորկու վերջին տասը տարիների ինքնօրինակ գործերը, գործեր, որոնք «աբստրակտ էքսպրեսիոնիզմ» անվանումն ստացան, դիտարկվեցին որպես նոր ուղղություն արդի նկարչության մեջ եւ հեղինակին բերին հետմահու համաշխարհային հռչակ։
Գորկու վերացական բոլոր գործերի բովանդակությունն ու խորագրերը բխել են մանկության հուշերիցՙ «Ջրվեժ», «Ծաղիկներ ջրաղացի ջրերը», «Ծիրանների բույրը», «Սոչիի այգիները» (նախկինումՙ «Խորգոմի այգիները»), «Նշանդրեք», «Հռետորները», «Ինչպես է մորս գոգնոցը բացվում իմ կյանքում», «Հոգեվարք» եւ այլն։ Եթե հիշենք, որ մանկության գույները Փարիզը սիրով անվանում էր մարգարիտներ, ապա այս կտավներում մի իսկական մարգարտասփյուռ է, գույները փայլատակում են որպես ալեկոծված հոգու հրավառություն։ Նկարների այս շարքում ներքին ջերմությամբ առանձնանում է «Գութանն ու երգը»։ Գութանը նկարիչը բնութագրել է որպես խորգոմցի հայի համար լավագույն շիրմաքար։
Քառասունչորս տարեկան հասակում Գորկին անձնասպան եղավ...
«Սիրելիներ, ես լալիս եմ Վանի համար, ինչպես մայրիկն էր լալիս ինձ համար։ Ես սիրում եմ մեր արվեստի նախասկզբնական ուժը, պայքարի կիրքը, որոնման տենչն ու քնքշությունը, մի ժողովուրդ, որ տխրությունը միացնում է գեղեցկությանը եւ դրանով իսկ առավել ուժգին ընդգրկում իրական կյանքը, մարդկության տառապանքը, առաջընթացն ու երջանկությունը...»։
Ամերիկան պատրաստվում է մեծ շուքով նշելու իր արվեստի խոշոր ներկայացուցչի, այդ տողերի հեղինակի ծննդյան 100-ամյակը։ Բայց, ո՜վ բախտ, նման առիթների համար աննախադեպՙ Հայաստանում էլ նախապատրաստվում է մի բան, որ սխրանք կարելի է կոչել։ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, վեհարանի անմիջական հարեւանությամբ ստեղծվում է Արշիլ Գորկու անվան թանգարան։ Այս մեծագործության մտահղացողն ու իրագործողը մեր Վեհափառ հայրապետն է, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը։
Ինչպե՞ս, հարց կարող է տալ ընթերցողը։
Գորկու ամենամտերիմը կյանքում մորը փոխարինող քույրն էրՙ Վարդուհին։ Նամակներով իր մտքերը կիսել ու տարբեր առիթներով յուղաներկ, ջրաներկ, գրաֆիկ աշխատանքներ է ուղարկել նրան։ Տիկին Վարդուհին եղել էր Հայաստանում եւ մտադիր էր իր ունեցած հավաքածուն ընծա բերել Հայրենիքին։ Սակայն աբստրակտ արվեստի գնահատման առումով ժամանակները մեզանում բարենպաստ չէին։ Եվ երբ նա կորցրեց իր միակ որդունՙ Գորկու արվեստին նվիրված երկու գրքի հեղինակ Կարլեն Մուրադյանին, իր մոտ գտնվող հինգ տասնյակից ավելի գործերը կտակեց Հայոց եկեղեցուն։ Սկզբում որոշվեց այդ աշխատանքները ցուցադրել Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու առաջնորդարանի մի քանի սենյակներում։ Իսկ հետո, ապահովության նպատակով, ի պահ տրվեցին Լիսաբոնի Կյուլպենկյան հաստատության արդի արվեստի թանգարանին։ Գորկու հարազատի կտակում նշված մի տող արտահայտում էր իր եւ իր որդու գերագույն բաղձանքըՙ ցուցադրել այդ գործերը դրանց համար ստեղծվող թանգարանում։
Ո՞վ պիտի կառուցեր այդ թանգարանը եւ որտե՞ղ։ Վեհափառ Հայրապետը մտահղացավ հրաշք մի գաղափարՙ կառուցել մի թանգարան եւ վտարանդի կյանքով ապրած արվեստագետին բերել հայրենիք, վերադարձնել իր ժողովրդին։ Կառույցի հովանավոր դարձավ Նյու Ջերսիում բնակվող, հայրենիքով բաբախող սիրտ ունեցող մի անձնավորություն պարոնՙ Սարգիս Պետեւյանը։ 1904 թ.-ին Խրիմյան Հայրիկի կառուցած (Գորկու ծննդյան տարում) թանգարանի շենքը ամբողջությամբ վերաշինվեց ու արդիական թանգարանի հրաշալի տեսք ստացավ։ Երբ ներս ես մտնում, չես հավատում աչքերիդՙ ազգային ոճով տուֆակերտ կամարածածկ առաստաղ, հատուկ լուսավորվող ցուցադրական պատեր, մարմարյա հատակ, իսկ ջեռուցումը, որի աղբյուրը նկատելի չէ, նմանը չունի Հայաստանում։
Մեր մայր եկեղեցին միշտ էլ սատար է կանգնել հայ արվեստագետին։ Եվ ահա մեծասքանչ ստեղծագործողի հանդեպ սերը հասավ իր բարձունքին։ Վատիկանի նմանՙ Էջմիածինը այսուհետ կունենա ամենօրյա գործող մշակութային մի դարբնոց։ Աշխարհաճանաչ արվեստագետի երազանքը մարմնավորող ու նրա անունը կրող այդ թանգարանը կդառնա միջազգային կենտրոն, որտեղից Գորկու հոգին հայրենիքի ճանաչման խորհրդանիշ դարձած կճառագի դեպի դուրս։ Իսկ ժողովուրդը, հավատո իր աղոթքին կհավելիՙ Փառք քեզ, մեր գոյության ճանապարհի լույս Էջմիածին, եւ արեւշատություն քեզ, մեր արվեստասեր ու շինարար Ամենայն հայոց 132-րդ կաթողիկոս։