Ասաց Պատրիկ Ալմոնը
Երկու օրով Հայաստանում էր Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Լազուրե Ափ շրջանի պատվիրակությունը։ Այցի հիմնական նպատակը վերջին շրջանում ֆրանսիական կառավարության, մասնավորապեսՙ այդ շրջանի կողմից իրականացվող ծրագրերին հետեւելն էր։
Հայաստանի եւ Պրովանս Ալպեր Լազուրե Ափ շրջանի համագործակցությունը սկսվել է դեռեւս 1994-ից։ Ինչպես նշեց շրջանի առաջին փոխնախագահ Պատրիկ Ալմոնըՙ ծրագրերի իրականացման գործում մեծ դեր ունի շրջանի հայ համայնքը։ Ֆրանսիայում ապրող 500.000 հայերի 20 տոկոսՙ 120.000 հոգի այնտեղ է բնակվում։
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի Ֆրանսիական համալսարանի 10 ուսանողների վերապատրաստում Նիցցա եւ Մարսել քաղաքների ուսումնական կենտրոններում։ Վերապատրաստումը կլինի կառավարման բնագավառում, որը Ֆրանսիական համալսարանի ուսուցման ուղղություններից մեկն է։
Շրջանը հիմնականում համագործակցում է Լոռու մարզի հետ։ Վանաձորի ծննդատանը, օրինակ, աջակցում են բժշկական սարքավորումներով, դեղորայքով։ Փոխնախագահը վստահեցրեց, որ այս ծրագիրը շարունակական կլինի։ Վանաձորի Թումանյանի անվան դպրոցում ֆրանսերենի ուսուցման դասասենյակ է բացվել։ Մարզում նախատեսվում է լեռնադահուկային սպորտի եւ էներգետիկայի բնագավառներում ներդրումներ անել։
«Լոռում ագրոտուրիզմի զարգացման հետ կապված մեծ հույսեր ունեմ,¬ ասաց Պ. Ալմոնը։¬ Պարզապես պետք է քննարկելՙ հիմնական ուշադրությունը բնությա՞ն, թե՞ հուշարձանների վրա սեւեռել»։ Ըստ նրաՙ երկու դեպքում էլ հաջողություններ կարելի է սպասել։
«Ֆրանսիայում ապրող հայերին կարելի է «ինտեգրացիայի մոդել» համարել։ Միջոցառումների ժամանակ Հայաստանի օրհներգին հետեւում է Ֆրանսիայի օրհներգը, հայերի ցավը մեր ցավն է, հայերի ուրախությունըՙ մեր ուրախությունը։ Մենք այսօր միասին ենք կերտում մեր ապագան», ասաց Պատրիկ Ալմոնը։
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ