«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#226, 2003-12-09 | #227, 2003-12-10 | #228, 2003-12-11


ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆ

«Ազգի» դեկտեմբերի 5-ի համարում տպագրել էինք «Ձերբակալվել են «Պռոշը», «Պլտինը», «Կիկին», «Մաքսը», «Գոգոն» եւ «Թոմը» լուրը, որով տեղեկացնում էինք մեր ընթերցողին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել են թմրանյութ, զենք ու զինամթերք ներկրող ու իրացնող հանցավոր խմբի անդամներըՙ հանցավոր աշխարհում հայտնի վերը նշված մականունավորները։ Դրանց շարքում էր նաեւ Արտաշես Վահանի Հարությունյանը (մականունը «Պլտին»), որը նույնպես ձերբակալված է։

Հետաքրքրական է այն փաստը, որ դեռ 2002 թ. նոյեմբերի 28-ին Երեւան քաղաքի բնակիչ Արտաշես Հարությունյանին ձերբակալել են։ Անձնական ստուգման, բնակարանի խուզարկման ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել են 250 գ հերոին, 70 գրամ մարիխուանա, լիցքավորված ՊՄ տիպի ատրճանակ, զինամթերք, ներարկիչներ եւ թմրանյութերի պատրաստման հարմարանքներ։ Արտաշես Հարությունյանի դեմ հարուցվել է քրեական գործ, ընթացել է քննություն, եւ ահա նա հայտնվել է ազատության մեջ։

Պարզվում է, որ այնքան էլ լավ չի ընթացել քննությունը, եւ Հարությունյանն ազատ է արձակվել։ Սակայն չանցած մեկ տարի նա կրկին հայտնվեց մեղադրյալի աթոռինՙ նախկինում կատարած նույն «քաջագործությունների» համար։ Զարմանալի չէ՞։

Լրաքաղը ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4