Ֆրանսիացի համանախագահ Ժակոլենի պարզաբանումները «Էքսպրես» թերթին
ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահ Անրի Ժակոլենն ադրբեջանական «Էքսպրես» թերթին (9 դեկտեմբերի) տված հարցազրույցում ասել է, թե «կարիք չկա, որ Ղարաբաղը որպես առանձին կողմ մասնակցի խաղաղ բանակցություններին»։ «Դրա կարիքը ես չեմ տեսնում, քանի որ նրանք (ԼՂ-ն) մասնակցում են բանակցություններին Հայաստանի օգնությամբ։ Ես հավատում եմ, որ կարգավորման գործընթացում Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումները նույնական են։ Բացի այդ, ինքըՙ Ռոբերտ Քոչարյանը, Ղարաբաղից է», ասել է Ժակոլենը։ Ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ «մեր դիրքորոշումը Ղարաբաղի ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական համայնքների տեսակետներին ծանոթանալն է»։ «Ընդհանուր առմամբ, Ժակ Շիրակի եւ Իլհամ Ալիեւի հարաբերությունները շատ լավ են։ Շիրակը լավ հարաբերություններ ունի Ռոբերտ Քոչարյանի հետ նույնպես։ Նախագահն ափսոսում է, որ Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունները մերժվեցին Քի Վեսթում», ասել է Ժակոլենը։