«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#227, 2003-12-10 | #228, 2003-12-11 | #229, 2003-12-12


ԹՈՒՐՔԵՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՕՏԱՐ ՄԱՄՈՒԼԸ, ԻՍԿ ՄԵՆՔ ԱՆՏԵՍՈՒՄ ԵՆՔ

Հակառակ վերջին շրջանում քաղաքական ասպարեզում ամերիկահայերի արձանագրած տպավորիչ առաջխաղացմանը, օտար թերթերն ի նպաստ Հայ դատի օգտագործելը մի կարեւոր ոլորտ է, որը դեռեւս մնում է անտեսված։

Քաղաքական որոշակի տեղեկություն կարելի է հաղորդել ամերիկացի ընթերցողներին թերթերի արտահաստիքային գրողների խմբագրականների, նամակների, հայտարարությունների, մեկնաբանությունների եւ վերջապես լրատվության միջոցով։

Մինչդեռ վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան գլխավոր պարբերական մամուլում մի քանի թուրքամետ խմբագրականներ են տպագրվել։ Բնական է, որ թերթերը նախընտրում են օրվա հրատապ հարցերի շուրջ հրատարակել նշանավոր անհատների կարծիքները։ Ամերիկայում գործող հասարակական հարաբերությունների (PR) գրասենյակները լավ փող են վաստակում նման գործեր դասավորելով։ Այս ֆիրմաները երբեմն իրենց մասնագետներին են հանձնարարում գրելու հոդվածը, ապա նշանավոր անձնավորություն են գտնում, որ ստորագրի, եւ այնուհետեւ իրենց կապերի շնորհիվ տպագրում այս կամ այն հայտնի թերթի էջերում։ Չեմ զարմանա, եթե հայտնաբերեմ, որ Թուրքիայի վարձած հասարակական հարաբերությունների նման ֆիրմաների մատը խառն է վերջերս լույս տեսած թուրքամետ խմբագրականների խնդրում։ Ամերիկահայ համայնքը, դժբախտաբար, չի օգտվում այդ գրասենյակների մասնագիտական ծառայություններից։ Այդ պատճառով էլ հրատարակված խմբագրականների կամ գլխավոր հոդվածների մեծ մասը հնչեցնում է թուրքական տեսակետներ։

Անցյալ ամիս երկու նման հոդվածներ ամերիկահայ համայնքի ցասումն առաջացրին ոչ միայն թուրքամետ լինելու, այլեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ խեղաթյուրված տեղեկություն տալու պատճառով։ Առաջինըՙ գրված Եյլ համալսարանի փիլիսոփայության եւ քաղաքագիտության ամբիոնի պրոֆ. Սեյլա Բենհաբիբի կողմից, լույս տեսավ «Նյու Յորք թայմսի» նոյեմբերի 18-ի համարում։ Երկրորդըՙ Անկարայի Բիլկենտ համալսարանի միջազգային հարաբերությունների բաժնի պրոֆ. Նորման Սթոունի հոդվածը, հրատարակվեց «Ուոլ սթրիթ ջոռնլի» նոյեմբերի 24-ի համարում։ Երկու հեղինակներն էլ համեմատաբար անծանոթ անուններ էին, որպեսզի կարողանային իրենց ձայնը լսելի դարձնել նման հեղինակավոր պարբերականների էջերում առանց արտաքին օժանդակության։ Զուգադիպությո՞ւն էր արդյոք, որ երկու հոդվածներն էլ կրում էին նմանատիպ վերնագրեր։ Առաջինըՙ «Թուրքիայում պատմության դասըՙ խաղաղ պայմաններում», իսկ երկրորդըՙ «Թուրքիայումՙ Թուրքիայի հետ»։ Ստամբուլցի Բենհաբիբը շռայլորեն գովերգում էր թուրքերի եւ հրեաների միջեւ 1492-ից ի վեր գոյություն ունեցող բարեկամությունը, մոռացության տալով հրեաների դեմ ծավալված խտրականության ամենատարբեր դրսեւորումներն անցյալ 500 տարիների ընթացքում, նախՙ Օսմանյան կայսրությունում, ապա նաեւ ժամանակակից Թուրքիայում։ Զարմանալիորեն նա կոծկում էր անգամ թուրքական կառավարության հրեաների եւ այլ փոքրամասնությունների զանգվածային հավաքագրումը, գրելով հանդերձ, որ «Թուրքիան հրեա տղամարդկանցՙ այդ թվում նաեւ հորս եւ հորեղբայրներիս, ուղարկում էր երկրի ներքին շրջանների ճամբարները»։ Նա դիտավորյալ նվազեցնում է մարդու իրավունքների զանգվածային խախտման դեպքերի նկարագրությունըՙ ներկայացնելով այդ համակենտրոնացման ճամբարները որպես «աշխատանքային գաղութներ»։

Իր ժողովրդի եւ ընտանիքի պատմության հանդեպ նման ազատություններ թույլ տալուց հետո զարմանալի չէր, որ նա ամբողջովին աղավաղեր ուրիշների պատմությունը։ Նա շարունակում է, «վստահորեն Թուրքիայի այլ փոքրամասնություններիՙ հույների, հայերի ու քրդերի գործերը նվազ լավ են եղել»։ Այդ ժողովուրդների հանդեպ ցուցաբերված տեղահանությունները, կոտորածներն ու ցեղասպանությունները նա անամոթաբար «նվազ լավ» է հորջորջում։ Մարդ չգիտի ում ավելի մեղադրիՙ հեղինակ Սեյլա Բենհաբիբի՞ն, թե՞ «Նյու Յորք թայմսին», որ տպագրել է ստահոդ հոդվածը։

Պրոֆ. Նորման Սթոունի հոդվածը նույնիսկ ավելի վատ է։ Նա ոչ միայն գտնում է, որ «բացահայտ հակասեմականություն չկա Թուրքիայում եւ չի եղել նախկին Օսմանյան կայսրությունում», այլեւ պնդում է. «Երբ հայկական սփյուռքը փորձում է մեղադրել այսօրվա Թուրքիային 1915-ին տեղի ունեցած կոտորածների համար, հրեա թուրքերը պաշտպանում են Թուրքիայինՙ ասելով ճշմարտացիորեն, որ պատահածը սոսկ քաղաքացիական պատերազմի հետեւանք էր»։

Վիրավորանքն անարգանքի աստիճանի հասցնելով Սթոուն նշում է. «Թուրքիայում հրեաների ունեցած միակ խնդիրն այն է, որ Ստամբուլի գլխավոր հասարակաց տունը գտնվում է սինագոգներից մեկին շատ մոտ։ Հակառակ բազում բողոքներին, այդ տան տերըՙ մի նշանակալի հայուհի, պնդում է, որ երկրի ամենից շատ հարկեր վճարողն է ինքը»։

Այդ կինը, որի մասին Սթոուն նշում է, մի քանի տարի առաջ է մահացել եւ, բնականաբար, չի կարող որեւէ բան պնդել։ Սթոունի կատարածն առավել անբարոյական արարք է, քան այդ տիկնոջ արածը, որը հաստատության օրինական սեփականատերն էր։

Մինչեւ ամերիկահայ համայնքը նման քայլեր չձեռնարկի եւ չօգտվի հասարակական հարաբերությունների գրասենյակների ծառայություններից, հնարավոր չի լինելու հակադարձել թուրքերի մոլորեցնող եւ վիրավորական հոդվածներին։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4