Արդեն երկու տարի Համահայկական երիտասարդական հիմնադրամիՙ «Բազե» երիտասարդական ճամբարի նպատակն է ճամբարային պայմաններում ստեղծել հատուկ բարեկամական եւ մրցակցային մթնոլորտ, որտեղ Հայաստանի ու սփյուռքի տարբեր անկյուններից ժամանած երիտասարդները հնարավորություն կստանան շփվելու եւ ծանոթանալու, մասնակցելու բազմազան մրցույթների ու մարզական խաղերի։
Երեկ հիմնադրամի նոր շենքում կայացավ մամուլի ասուլիս։ Հիմնադրամի տնօրեն Արթուր Պողոսյանը տեղեկացրեց, որ փետրվարի 2-9-ը Ծաղկաձորում կմեկնարկի «Բազե ձմեռ-2004» համահայկական երիտասարդական հավաքը, որին կմասնակցեն 18-30 տարեկան 350 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից ու սփյուռքից։ Արդեն սփյուռքից 12 ջոկատներ (10 հոգանոց, որից 4 պարտադիր աղջիկներ) հաստատել են իրենց մասնակցությունը, եւ դեռ ընթացքի մեջ է ցանկացողների հաշվառումը։
Հայաստանից ջոկատները կազմվելու են ներկայացուցչական սկզբունքովՙ մեկական ջոկատ են ներկայացնելու ՀՀ մարզերը, Արցախը, Ջավախքը, ՀՀ բուհերը, թվով 25-30 ջոկատ։ Մասնակիցները տեղակայվելու են Ծաղկաձորի սպորտբազայում եւ միջազգային երիտասարդական կենտրոնում։ Այս անգամ «Բազեի» ավանդական որոշ մշակութային եւ մարզական ծրագրեր փոխվել են, հարմարեցվել ձմեռային պայմաններինՙ գուշակելով առատ ձյուն։ Բացի ստուգարքային մրցույթներից, որոնք կանցկացվեն մարզական, մշակութային եւ ինտելեկտուալ խաղեր ծրագրում, կան նաեւ 12 տարբեր տեսակի ոչ ստուգարքային եւ ժամանցային միջոցառումներ։ Կազմակերպիչները չեն մոռացել նաեւ հիմնադրամի ավանդական «Հայկյան» մրցանակաբաշխությունը, որը կանցկացվի «Բազեի» շրջանակներում։ Կլինեն նաեւ կլոր սեղաններ, թոք-շոուներ, քննարկումներ, թրեյնինգներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ։ Մի խոսքովՙ ճամբարականներին խոստանում են հետաքրքրական ժամանց։
Ծրագրերն իրականացնելու համար այս հավաքին կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 30 մլն դրամ, իսկ մյուս 30 միլիոնը կտրամադրի Համահայկական երիտասարդական հիմնադրամը։
Հիշեցնեմ մեր ընթերցողներին, որ «Բազե ամառ-2003»-ի վրա ծախսվել էր 82 մլն դրամ։ Մերօրյա «կոմսոմոլները» հույս հայտնեցին, որ այսուհետեւ կաշխատեն կամաց-կամաց քչացնել կառավարության տրամադրած գումարների չափը եւ հովանավորների օգնությամբ իրականացնել հետագա ծրագրերը։
Ուշագրավ է, որ ասուլիսին ներկա գտնվող լրագրողներն առաջարկեցին մեկ ջոկատ էլ կազմել հենց ԶԼՄ-ներից։ Առաջարկն, իհարկե, քննարկման փուլում է, եւ դեռ վերջնական պատասխան չկա։ Փետրվարի 9-ինՙ եզրափակիչ օրը, տեղի կունենա «Բազեի» մրցանակաբաշխություն։ Հրաժեշտի օրը կկայանա մեծ համերգային ծրագիր, որի ընթացքում բազմաթիվ հյուրերի շարքում կլինեն նաեւ Ձմեռ պապը եւ Ձյունանուշը։
Մ. Մ.