Եթէ մեզանում սփիւռքահայ ուսուցիչների վերապատրաստութեան դասընթացները աւանդոյթ ունեն եւ հասնում են մինչեւ անցեալ դարի 60¬ական թթ. սկիզբը, ապա պէտք է նշել, որ հայոց լեզուի եւ գրականութեան հայրենի ուսուցիչների վերապատրաստութիւնը զուտ արեւմտահայ ուղղութեան հանրակրթական առարկաներից 2002թ. սկսածՙ կրթական նորարար մօտեցման արդիւնք է։
Նախաձեռնութիւնը, ծրագրերի մշակումը եւ դասընթացների կազմակերպումը պատկանում է «Սփիւռք» գիտաուսումնական Կենտրոնին, որը կատարում է ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան պետական պատուէրը։
Այս օրերին շարունակւում եւ տարեմուտից անմիջապէս առաջ աւարտուելու են երրորդ դասընթացները, որոնց մասնակցում են շուրջ յիսուն ուսուցիչներ Երեւանից ու հանրապետութեան Արագածոտն, Արարատ, Արմաւիր եւ Կոտայք մարզերից։ Առաջին երկու դասընթացներին (2002 եւ 2003 թթ.) մասնակցել եւ ՀՀ ԿԳ նախարարութեան վկայագրերի են արժանացել Երեւանի 151 եւ մարզերի 23 ուսուցիչներ։
Ըստ մշակուած ծրագրիՙ ուսուցիչները, որոնք խորհրդային կրթական գաղափարացուած համակարգի հետեւանքով ժամանակին բաւարար չափով չեն իւրացրել արեւմտահայ գրամշակութային ու լեզուական հարստութիւնը, այժմ խորութեամբ Արեւմտահայերէնի, Արեւմտահայ դասական եւ Սփիւռքահայ ժամանակակից գրականութիւնների վերապատրաստման դասընթացներ են անցնում։ Իւրաքանչիւր առարկայից վերապատրաստութեան ժամաքանակը կազմում է 48 ժամ, իսկ ընդհանուր զբաղուածութիւնըՙ 144 ժամ։ Ուսուցիչները ամբողջ մէկ ամիս ազատուած են դպրոցներում իրենց ուսումնական բեռնուածութիւնից եւ լծուած են նորատիպ այս դասընթացներին, որոնց տեւողութիւնը մէկ ամիս է։ Նրանց երկու զուգահեռ խմբերում դասաւանդում են Հայաստանի առաջնակարգ լեզուաբան եւ գրականագէտ մասնագէտները ԵՊՀ¬ից, Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանից, ինչպէս նաեւ ԳԱԱ գրականութեան ու լեզուի ինստիտուտներից։
Բոլոր դասընթացները կրում են բարեսիրական բնոյթ։ Առաջին երկու խոշոր դասընթացները հովանաւորում էին Լոս Անջելեսի ծագումով պոլսահայ բարեկամների լայն շրջանակըՙ Միութեան ատենապետ Սիմոն Աճըիլաճի նախաձեռնութեամբ։ Այս անգամ դասընթացների նիւթական կողմը հոգում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի հաւատաւոր բարեկամն է։ «Մենք երբեք չենք մոռանում, որ հենց Մայր հիմնադրամի ջանքերով վերակառուցուեց, կահաւորուեց եւ անհրաժեշտ արդիական սարքաւորումներով յագեցաւ կենտրոնի յարկաբաժինը։ Այդ ջանքերի շնորհիւ է, որ այժմ մենք կրթական միջազգային ծրագրեր ենք իրագործում», հպարտութեամբ շեշտում է կենտրոնի տնօրէն պրոֆ. Սուրէն Դանիէլեանը։
ԷՄՄԱ ԳԱՍՊԱՐԵԱՆ