Բազմիցս ենք նշել, որ աղքատության հաղթահարման ամեն մի ծրագրի գլխավոր նպատակը պետք է լինի բնակչության իրական եկամուտների աճին հասնելը։ Հասկանալի է նաեւ, որ այդ նպատակին անհնար կլինի հասնել առանց տնտեսական աճի տեմպերի պահպանման։ Սակայն վերջին տարիներին արձանագրված տնտեսական բարձր աճի աննշան ազդեցությունը բնակչության մեծ մասի վրա ցույց է տալիս, որ աճն անհրաժեշտ, բայց ամենեւին էլ բավարար պայման չէ աղքատության էական կրճատման համար։ Այս դեպքում կարեւորվում է սոցիալական բեւեռացման եւ եկամուտների անհավասարաչափ բաշխման խնդրի լուծումը։ Արդյոք վերոնշյալ հանգամանքները նկատի՞ են առնվել երկրի ղեկավարներիՙ պարբերաբար վկայակոչվող Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում։
Նախ անդրադառնանք մեկ շնչին ընկնող եկամտիՙ առաջիկա տարիների համար ծրագրում նշված չափերին։ Դարձյալ որպես աղքատության սահմանագիծ հիմք է ընդունվել մեկ շնչին ամսական ընկնող մոտ 20 դոլար եկամուտը, ըստ որի Հայաստանում աղքատները կազմում են բնակչության 51 տոկոսը։ Այս ցուցանիշը հիմք ընդունելով էլ ծրագրված են աղքատության կրճատման նպատակային ցուցանիշները։ Վերջիններիս համաձայն, 2015 թ.-ին բնակչության 20 տոկոսը դեռեւս չի հաղթահարելու այդ 20 դոլարի սահմանագիծը։ Այսինքն, 12 տարի հետո օրական 400 դրամից ավելի ծախսելու հնարավորություն չունեցող մեր հայրենակիցների թիվը կկազմի առնվազն 600 հզ. (նկատի ունենալով բնակչության պաշտոնապես նշվող 3մլն. թվաքանակը)։ Երբ այս մասին ահազանգում էինք, մեզ ասում էին, որ ծրագիրը դեռ նախագծային փուլում է եւ կլինեն փոփոխություններ։ Այժմ արդեն կառավարությունն այն հաստատել է։ Արդյունքում պատկերը ոչ միայն դեպի լավը չի փոխվել, այլ ավելի խայտառակ է դարձել։ Եթե ԱՀՌԾ նախագիծը նախատեսում էր 2010 թ.-ին ընդհանրապես վերացնել աղքատությունը, հիմք ընդունելով նույն 20 դոլար մեկ շնչին ընկնող եկամտի չափը, ապա հաստատված տարբերակում, ինչպես արդեն նշվեց, անգամ այդ ծիծաղելի սահմանագծին բնակչության մի զգալի մասը չի հասնելու։ Հիշեցնենք, որ սա այն ծրագիրն է, որի համար կառավարությունը միջազգային ֆինանսական կազմակերպություններից ավելի քան 1 մլրդ դոլար է խնդրում...
Հաջորդը սոցիալական ահագնացող բեւեռացումն է, որի կրճատման ուղղությամբ դարձյալ կոսմետիկ փոփոխություններ են առաջարկվում։ Այսպես, 20 տոկոս ամենաաղքատների եկամուտները 2003 թ.-ի տվյալներով ներկայումս կազմում են 20 տոկոս ամենահարուստների եկամուտների 6,9 տոկոսը։ 2015 թ.-ին այդ թիվը նախատեսվում է հասցնել ընդամենը 9,1 տոկոսի։ Սա նշանակում է, որ իշխանություններն, ըստ էության, անփոփոխ են թողնում երկրի զարգացման գլխավոր խոչընդոտներըՙ կլանային համակարգը եւ օլիգարխների արտոնյալ վիճակը։
Այսպես կոչված Ջինի գործակիցը, որը տատանվում է 0-ից մինչեւ 1-ըՙ ցույց տալով եկամուտների անհավասարությունը, այս տարի 2001 թ.-ի համեմատ նվազել է ընդամենը 0,025-ով, կազմելով 0,510։ Համեմատության համար նշենք, որ դեռեւս 1993-1994 թթ.-ին օրինակ, Ռուսաստանում այդ ցուցանիշը կազմել է 0,41։ Հայաստանում 2015 թ.- ին Ջինի գործակիցը պետք է կազմի 0,45, ինչը դեռեւս զիջելու է Ռուսաստանի ավելի քան 20 տարվա վաղեմության ցուցանիշը։ Սա եւս ապացույց է, որ 12 տարի հետո էլ ամենահարուստների փոքր խումբը կշարունակի տնօրինել երկրում շրջանառվող գումարների զգալի մասը, էապես առաջ անցնելով ոչ միայն ամենաաղքատներից, այլեւ բնակչության մյուս խմբերից, եթե այդպիսիք ձեւավորվեն իհարկե։
Վերստին հիշեցնենք, որ վերոնշյալն Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակներն ու կանխատեսումներն են։ Դատելով դրանցից կարելի է ենթադրել, թե որքանով է այդ ծրագիրը համապատասխանում իր անվանը, ում համար է գրված եւ ինչ արդյունքներ կտա։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ