Վտանգավոր շրջան սպառողի համար
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Անորակ, ժամկետանց ու կեղծված մթերքներ գնելու հավանականությունը նախաամանորյան առեւտրի ժամանակ առավել թեժանում է։ 10 օր առաջ Սպառողների շահերի պաշտպանության միությունը փոքրիկ հետազոտություն է իրականացրել Երեւան- Թբիլիսի գնացքում։ Տեսածն ու արձանագրածը ամենեւին անսպասելի չենՙ նկատի առնելով խնդրի նկատմամբ ցուցաբերվող շարունակական հանցավոր անփութությունը։ Գնացքի վագոնները լի են եղել առանց սերտիֆիկացման, հարյուրավոր կգ-ներով գյուղմթերքներով, քաղցրավենիքով ու ամանորյա առեւտրի պարտադիր նախապայման այլ մթերատեսակներով։ Դրանք մեծ քանակությամբ հանրապետություն են մտնում նաեւ հանրահայտ Սադախլոյից, եւ եթե իշխանությունների կասկածելի բարյացակամությունը չլիներ, վաղուց կարելի էր այս անթույլատրելի հաղթարշավի դեմն առնել։ Իր քաղաքացու առողջության հետ հաշվի նստող որեւէ պետություն, օրինակՙ մեր հարեւան Ռուսաստանը, հաստատապես արգելում է նման ապրանքների մուտքը երկիր։ Ասել եւ նորից կրկնում ենք, որ ժամկետանց, կեղծված մթերքներով շահույթ ստացողները նաեւ հարկատուներ չեն, եւ պետական բյուջեն զրկվում է սնուցման հերթական մասնաբաժնից։
Անցած ամիս Հայաստանի շուկաներում միության կատարած ուսումնասիրությունները դարձյալ հայտնաբերել են սպառողի առողջության համար վտանգավոր մթերքների մեծ տեսականի։ Աղացած սուրճի փաթեթները, օրինակ, իսկական չարիք են դարձել սպառողի համար։ Սպառողների շահերի պաշտպանությանը կոչված հայաստանյան 3 միություններից ոչ մեկն այս առթիվ համակարգային հետազոտություններ չի իրականացրել, սակայն աչքի լույսի պես պարզ է, որ հոտ ու համի այն աներեւակայելի բազմազանությունը, որով տարբեր արտադրողներ ներկայացնում են մեզ այս ըմպելիքը, փաստում է հնարավոր ու անհնար խառնուրդներ։
Շուկաները հեղեղած «ռուսական» կակաոն մատուցվում է սպառողի հիշողությունը շահարկելու, նրան թյուրիմացության մեջ գցելու հաշվարկով։ Արտաքին տեսքով ու ձեւավորմամբ հիշեցնում է խորհրդային տարիներից հայտնի «Զոլոտոյ յարլիկը», սակայն ոչ միայն որակական հատկանիշներով է հեռու նրանից, այլեւ ներկայացվում է 100 գրամի փոխարեն 60 գրամ քաշով։
Հատկապես նախատոնական առեւտրի այս բուռն ժամանակաշրջանում պետք չէ տրվել փողոցից մթերք գնելու գայթակղությանը։ Ձեզ թվում է, թե այստեղից անհամեմատ էժան գնումներ եք կատարում, սակայն չարաչար սխալվում եք։ Այստեղ էլ ձեզ անխղճորեն չափ ու կշռի մեջ են խաբում։ Համընդհանուր թանկացումների բումի մեջ բացառված չէ նաեւ, որ ձեզ բարձր գնով անորակ արտադրանք առաջարկեն։ Եվ բացի այդ, դուք երբեք չեք էլ իմանա, թե ումից եք գնում։ Ողջ օրը սննդի, առավել եւս չփաթեթավորված սննդի հետ գործ ունեցողը հայտնի չէ, թե առողջության ինչ ցուցանիշներ ունի։ Նրանց սանհիգիենիկ հսկողությունը, սանգրքույկների պարտադիր առկայությունը խորհրդային տարիների հիշողություն է դարձել։ Եվ որեւէ ախտով, ասենք տուբերկուլյոզով վարակվելը ամենեւին էլ երեւակայական սպառնալիք չէ, մանավանդ այս հիվանդության գործողության միջավայրը հենց այստեղ է հնարավորՙ կարիքավոր, թերարժեք սննդով վաճառողների շրջանում, որոնց համար փողոցային առեւտուրը օրվա հացի գոյամիջոց է։
Անկասկած, կեղծված, ժամկետանց ու անորակ սնունդ գնելու հավանականությունը մեծ է նաեւ այսպես ասածՙ օրինավոր վաճառակետերից։ Բայց այստեղ գոնե, գնվածի դիմաց կտրոն պահանջելով, դուք հետագայում փոխանակման կամ գնածը վերադարձնելու, փոխհատուցում պահանջելու հնարավորություն կունենաք։ Նախատոնական քաոսի մեջ հնարավորինս չխաբվելու համար արեք նվազագույնըՙ մի գնեք առանց պիտակավորման, առանց հասցեի ու հեռախոսի, անհայտ ծագման մթերքներ, ուշադրություն դարձրեք ժամկետային նշումներին։
Ի դեպ, հայաստանյան շուկաներում անորակ մթերքների առկայության պարբերական ուսումնասիրություններին միացել է նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության որակի պետական տեսչությունը։ Իր կողմից նա եւս ուսումնասիրություններ է իրականացնում։ Հասարակական ու պետական 2 մեխանիզմների ակտիվությունը, սակայն, առայժմ ինֆորմացիայից զատ ավելին չի տալիս սպառողին։ Անորակ ապրանքների բռնագրավման ու օգտահանման կարգը այդպես էլ իրականություն չի դառնում։ Եվ առողջությունը տեսանելի ու անտես վտանգներից պաշտպանելու միակ հույսը մնում է սպառողի իրազեկությունը։