Ֆրանսիայի կառավարությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պաշտոնական այցով հրավիրել է Փարիզ, Ինտերֆաքսին ասել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Շանտալ Պուարեն։
Ֆրանսիան, ասել է դեսպանը, ակտիվորեն մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին։ «Վերջին մեկ տարում բանակցային գործընթացում լճացում էր, քանի որ Հայաստանում եւ Ադրբեջանում ընտրություններ էին, նախկին նախագահ Հեյդար Ալիեւը հիվանդացավ, եւ այդ ընթացքում համանախագահները չէին կարող աշխատել, իսկ այժմ ճիշտ ժամանակն է վերսկսելու ակտիվ աշխատանքը», ասել է Պուարեն։
Իլհամ Ալիեւին Ֆրանսիա հրավիրելուն առանձնակի նշանակություն է հաղորդում Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենի հայտարարությունը, թե «կարիք չկա, որ Ղարաբաղը որպես առանձին կողմ մասնակցի խաղաղ բանակցություններին»։
«Դրա կարիքը ես չեմ տեսնում, քանի որ նրանք (ԼՂՀ) մասնակցում են բանակցություններին Հայաստանի օգնությամբ։ Ես հավատում եմ, որ կարգավորման գործընթացում Հայաստանի եւ Ղարաբաղի դիրքորոշումները նույնական են։ Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղից է», ասել է Ժակոլենը Բաքվի «Էքսպրես» թերթին։