ՀՀ վարչապետի 2001 թ. հունվարի 22-ի թիվ 44 որոշմամբ ստեղծվեց ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ծրագրերի աշխատանքները համակարգող հանձնաժողով։ Հանձնաժողովի ռազմավարության հայեցակարգն արժանացավ միջազգային կազմակերպությունների հավանությանը, Համաշխարհային բանկի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում մշակվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը։ Գիտակցելով կոռուպցիայի վտանգը, Հայաստանի իշխանությունները վերջին տարիներին կոռուպցիայի դեմ ուղղված մի շարք քայլեր են ձեռնարկել։ Կոռուպցիայի դեմ պայքարը համընդհանուր խնդիր էՙ ծառացած ոչ միայն իշխանությունների, այլեւ ողջ հասարակության առջեւ։ Կոռուպցիան դիտարկվում է երկու մակարդակում. վերեւներիՙ քաղաքական կամ պետական իշխանության չարաշահում, ներքեւներիՙ վարչական կոռուպցիա, միջին եւ ստորին օղակի պաշտոնատար անձանց, որոնք ամենօրյա շփումների մեջ են քաղաքացիների հետ։
Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներն ու ուղղությունները, որ պետք է մշակվեն, հետեւյալն ենՙ օրենքի գերակայությունն ու անկողմնակալությունը, անընդհատությունն ու շարունակականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը։
Մեզանում տիրող կոռումպացված բնագավառների վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու համար «Ազգ»-ի ինտերնետային էջում կազմակերպված էր հարցում։ Մեկ ամսվա ընթացքում հարցմանը պատասխանել է 680 մարդ։ Ըստ առաջադրված «Ո՞ր բնագավառներում են գումարներ շորթում աշխատանքի տեղավորման, քննություններ նշանակելու եւ ամեն տեսակի սպասարկումներ մատակարարելու համար» հարցի պատասխանների ամենակոռումպացվածն է «լավագույն եռյակը»ՙ հարկային ծառայություններըՙ 96,61 տոկոս, կրթության ոլորտըՙ 96,49 տոկոս եւ օդանավակայանըՙ 96,22 տոկոս, ամենախեղճ եռյակըՙ կուսակցություններըՙ 67,74 տոկոս, մշակույթի ոլորտըՙ 80 տոկոսը, քաղաքացիական ծառայողի վկայական ստանալու համարՙ 85 տոկոսը։
Հարցմանը մասնակցածները գտնում են, որ բոլոր ոլորտներում էլ ամենաչնչին ծառայության համար գումարներ են շորթում։ Մի քանի ուշագրավ դիտողություններ ներկայացնում ենք մեր ընթերցողներին։
¬ Ես ապրում եմ Ռուսաստանում։ Երբ վերջին անգամ Հայաստան էինք եկել, օդանավակայանում «լավ» դիմավորվելուց եւ «չափազանց լավ» ճանապարհ դրվելուց հետո (խոսքս օդանավակայանի աշխատակիցների մասին է) էլ ցանկություն չմնաց Հայաստան գալու։ Երբ դժգոհություն արտահայտեցի, որ էլ չեմ գա, քմծիծաղով պատասխանեցին. «Խելոք ես, կկարոտես ընե՜նց կգաս որ...»։
Իսկ ահա մեկ ուրիշը գրել է. «Մեր այս անօրեն երկրում չեմ ուզում թողնել որեւէ տեղեկություն, ինքներդ էլ գիտեք, թե ինչու»։ Մեկ ուրիշը, 41 տարեկան, բարձրագույն կրթությամբ, նկատել է. «Կան կուսակցություններ, որոնց մասին չեմ կարող ասելՙ այո, բայց միեւնույն ժամանակ կան այնպիսիները, որ ընտրություններից ընտրություն զբաղվում են կաշառքներ բաժանելով»։
Մեկ այլ նամակում նշված է. «Չտասՙ չեն վերցնի։ Համ էլ ի՞նչ ասել է «կաշառք»։ Չգիտե՞ք, որ առանց դրա ոչ մի երկրում ոչինչ չի լինում։ Ամեն ինչ վաճառվում եւ գնվում է։ Ուղղակի մեկը դա անվանում է կաշառք, մյուսըՙ լավ մարդու նկատմամբ լավ վերաբերմունք։ Հետո ինչ, որ համապատասխան կրթություն չունի, կսովորի։ Դիպլոմ չունի, ոչինչ, չէ՞ որ լավ մարդ է։ Չէ՞ որ պարտադիր չէ միայն փող առաջարկել։ Կաշառք չէ՞ արդյոք «լավ վերաբերմունքը», որը հետապնդում է հետին մտքերՙ պաշտոն, բարձր աշխատավարձ եւ այլն, եւ այլն... Չէ, ամենուրեք հայկական բարքերի կտրուկ անկում է։ Իսկ սա առեւտրի ուղղակի ճանապարհն է։ Ոչ մեկն իր դիրքում չէՙ ոչ ահելը, ոչ ջահելը»։
Շատերը օրինակներ էին բերել, թե տրանսպորտի բնագավառում ինչ ահռելի գումարներ են պտտվում երթուղիներ ձեռք բերելու, աշխատեցնելու, ոստիկաններին օրվա «հասանելիքը» տալու եւ այլնի համար։
Մ. Մ.
Ցանկանում ենք իմանալ Ձեր կարծիքըՙ ՀՀ որ բնագավառներում են գումարներ շորթում աշխատանքի տեղավորման, քննություններ նշանակելու եւ ամեն տեսակի սպասարկումներ մատակարարելու համար։
Հարցման արդյունքները ներկայացված են աղյուսակում
N | Ոլորտը | Այո | Քվեարկել են | տոկոս |
1 | Քաղաքացիական ծառայողի վկայական ստանալու համար | 34 | 40 | 85 |
2 | ՀՀ ոստիկանություն, Պետավտոտեսչություն | 57 | 60 | 95 |
3 | ՀՀ առողջապահության ոլորտ | 54 | 58 | 93.1 |
4 | ՀՀ կրթության ոլորտ | 55 | 57 | 96.49 |
5 | ՀՀ մշակույթի ոլորտ | 24 | 30 | 80 |
6 | Բուհական հիմնարկներ | 55 | 58 | 94.82 |
7 | Առեւտրի ոլորտ | 39 | 45 | 86.66 |
8 | Մաքսային ծառայություն | 58 | 61 | 95.08 |
9 | Հարկային ծառայություն | 57 | 59 | 96.61 |
10 | Կադաստրի վարչություն | 43 | 47 | 91.48 |
11 | Մարզպետարաններ, քաղաքապետարաններ,համատիրություններ | 47 | 50 | 94 |
12 | Ֆինանսատնտեսական ոլորտ | 36 | 39 | 92.3 |
13 | Կուսակցություններ | 21 | 31 | 67.74 |
14 | Օդանավակայան | 51 | 53 | 96.22 |