«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2003-12-11 | #229, 2003-12-12 | #230, 2003-12-13


ՏԱՐԱԾՎՈՂ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐ, ԱՆԻՄԱՍՏ ԾԵՍԵՐ ՈՒ ԾԱԽՍԵՐ

Տարիներ առաջ իր աշխատություններից մեկում մանրակրկիտ հաշվարկներով իր տեսակետն էր արտահայտել Արարատի շրջանի Արմաշի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, գիտությունների դոկտոր Արսեն Հայրյանը։ Գիտնականը ներկայացրել էր, թե գերեզմանատները մեր հանրապետության հողերի որ մասն են կազմում եւ թե այդ տարածքները հետզհետե մեծանալով ինչպիսի չափերի կհասնեն տարիներ հետո, եւ այդ պատճառով խիստ կնվազեն ցանքատարածությունները։ Չգիտեմ, թե ինչու մեր երկրի համար այնքան կարեւոր այդ հարցն այն ժամանակ արձագանք չգտավ, մնաց ստվերում։ Իսկ գերեզմանատները, բնականաբար, օր-օրի աճում են, մեծանում։

Այսօր վերջապես խոսում են այդ հարցի մասին, եւ հուսով եմ, որ խորհրդարանը մեծ ուշադրություն կդարձնի դրան։

Սակայն ասելիքս միայն այդ հարցի վերաբերյալ չէ, թեպետ դրա շարունակությունն է կամ էլ, անկեղծ ասած, գուցեեւ սկիզբը։ Սկիզբ, որն սկսվում եւ վերջանում է գերեզմանատներով։

Վաղ առավոտյան մոտենում եմ բնակարանիս պատշգամբի պատուհանինՙ հաճելի, մաքուր օդ շնչելու, պարզապես լույս տեսնելու համար... Դիմացի շենքի մուտքի մոտՙ լույսի ու թարմության փոխարեն ինձ «ողջունում» է պատին հենած դագաղի կափարիչը։ Ու ես անմիջապես տխրում եմ։ Տխրում եմ հանգուցյալի համար, ինձ համար, իմ կոտրված տրամադրության համար, տխրում եմ իմ ընտանիքի մյուս անդամների համար, որոնք իրենց օրը պիտի սկսեն մեզ քաջածանոթ, հանգուցյալի ով լինելու եւ մահվան պատճառները պարզաբանող հարցերով։ Տխրում եմ այն երեխաների համար, որոնց ծնողները պիտի հազար ու մի հնարքներ բանեցնեն, որ այդ երկու-երեք օրը դպրոց կամ մանկապարտեզ գնալիս չվախենան մուտքից դուրս գալիս կամ էլ բակում չխաղան ընդհանրապես, փակեն աչքերն այդ տեսարանները չտեսնելու համար։ Տխրում եմ, որովհետեւ հիշողություններս ինձ տանում են ոչ հեռու անցյալ, երբ 13 տարեկան տղաս վախից տնից դուրս չէր գալիսՙ մուտքում հանգուցյալ լինելու պատճառով։ Երկու օր կտրվելով աշխատանքիցՙ նրան գյուղ տարա։ Իսկ գյուղից վերադառնալիս դեմ առ դեմ բախվեցինք հարեւան շենքից դուրս եկող հուղարկավորության թափորին։ Մեծ ջանքերով կարողացանք երեխային հանել այդ վիճակից։ Ախր ինչի՞ համար։ Եվ այսօրվա մեր շրջապատի գլխավոր թեման էլ հենց լինելու է այդ հանգուցյալըՙ «սեմուշկա» վաճառող խեղճ Ասյա տատիկը, որն արդեն չորրորդ օրն է, հրաժեշտ է տվել աշխարհին, իսկ հուղարկավորությունն ուշանում է, որովհետեւ սպասում են Ռուսաստանում բնակվող տղայի վերադարձին։

Եվ այսպես շարունակ։ Բոլորս էլ ամեն օր ականատես ենք լինում նման դեպքերի, դառնում ենք դրանց մասնակիցն ու ինքներս մեզնից թե ուրիշներից վախենալովՙ լռում ենք։ Չի կարելի երաժշտություն միացնել, խնջույք կազմակերպել, որովհետեւ պատից այն կողմ վիշտ կա, ի՞նչ կմտածեն մարդիկ։ Ակամա բոլորս ենք դառնում սգվոր։ Դեռ սա ամբողջը չէ։ Մեր շատ սիրելի Երեւանը վերջին տարիներին շատ է փոխվելՙ գեղեցկացել։ Հիանում եմ մեր վերակառուցված փողոցներով, նոր շենքերով ու նորարարություններով, սակայն հայացքս պաղում է, երբ ծաղկի փոքրիկ խանութների բակում, երբեմն երթեւեկության կանոններին չհամապատասխանող տեղերում «անտեղի» գովազդվող, վրան սեւ ժապավեն փակցված մեծ, սեւ խաչով ծաղկեպսակ եմ տեսնում։ Ո՞ւմ են դրանք պետք, ո՞ւմ են պետք վաճառքի հանված փողոցի պատին հենած դագաղները, որոնցից արագ փախցնում ես հայացքդՙ վատ մտքերից շուտ ազատվելու համար։

Գիտենք ում են պետք այդ ապրանքները, հարգելի վաճառականներ, մենք էլ գիտենք, դուք էլ։ Պարզապես ցուցադրեք ձեր ապրանքը ձեր խանութի պատերի ներքո եւ ոչ թե դրսում, որ անցորդները ժպտան, եւ ոչ թե մռայլվեն դրանք տեսնելուց։ Առաջնորդվեք «ամեն ապրանք իր գնորդն ունի» սկզբունքով, եւ ձեր ապրանքը կվաճառվի։ Մանավանդ դագաղները։ Դրանք հաստատ կգնվեն։ Չէ՞ որ բոլորս էլ մահկանացու ենք։

Մինչեւ ե՞րբ ինքներս մեզ խաբենք, ամեն տեղ ասենք, թե մեր երկիրն էլ է քաղաքակիրթ դառնում։ Սթափվենք, մեր երկիրը դարձնենք իսկական քաղաքակիրթ։ Կարողանանք վերջ դնել գերեզմանոցների աճին։ Ապրենք։ Վաղօրոք ինքներս մեզ չթաղենք։

Շատերին է հայտնի, որ զարգացած երկրներում հանգուցյալի մարմինը բնակարանում չի դրվում, պահվում է կամ եկեղեցում, կամ էլ հատուկ տեղում, իսկ շատ երկրներում այրում են։ Մի՞թե հնարավոր չէ մեր երկրում էլ նույնն անել։

Առաջարկում եմ ստեղծել հատուկ մի ծառայություն, որը կզբաղվի այդ խնդրի լուծմամբ։ Ոչ թե այդ խնդրով զբաղվեն հանգուցյալի առանց այն էլ վշտալի հարազատը, ընտանիքի անդամները եւ ողջ հասարակությունը։ Օրեր շարունակ, գրեթե 3-4 օր, հանգուցյալի ուժասպառ հարազատները կրելով իրենց մեջ անդառնալի կորստի վիշտը, նաեւ պարտավորվում են զինվորի կարգապահությամբ հետեւել թաղման ծեսի ընդունված կարգուկանոնին, ծախսալից հացկերույթի անիմաստ պատրաստություններին, որոնք հաճախ մեծ վնաս են հասցնում ընտանիքի բյուջեին։ Կատարում են, որովհետեւ այդպես է եղել միշտ, կատարում են, որովհետեւ, թվում է, խնդիրն այլ լուծում չունի։

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4