ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործով, բացի մեղադրյալ Գեւորգյանից, այլ կալանավորված անձ չկա։ Այս մասին ասաց Երեւան քաղաքի դատախազի օգնական Էդուարդ Սարիկյանը։ Ըստ նրա, դատախազությունը որոշ հանգամանքների պարզաբանման նպատակով փորձաքննություններ է նշանակել։ Ռ.Գեւորգյանի փաստաբան Ռուբեն Ռշտունին իր հերթին տեղեկացրեց, որ Գեւորգյանը մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել։ Հիշեցնենք, որ նախկին պատգամավորն իրավապահների կողմից ձերբակալվել է նոյեմբերի 29-ին։ Ըստ ոստիկանության հասարակայնության ու լրատվության հետ կապերի վարչության նույն օրը տարածած տեղեկատվության, նա մտադրվել էր մայրաքաղաքի մի շարք վայրերում պայթյուններ կազմակերպել մեկ այլ քր.գործով կալանավորված Գեւորգ Մանուկյանի եւ նրա հարազատների նկատմամբ։ Ձերբակալման ժամանակ Գեւորգյանն իրավապահներին էր ներկայացրել երեք պայթեցնող սարքավորում, «Սիմենս C-35» տեսակի ձեւափոխված բջջային հեռախոս։ Ռ.Գեւորգյանը մեղադրվում է սպանության նախապատրաստության հոդվածով։