Դեկտեմբերի 15-ին Շվեյցարիայի Ազգային խորհուրդը 107 կողմ, 67 դեմ եւ 11 ձեռնպահ (15 բացակա) ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւը։
Տեքստի նախաբանում նշված է, որ Շվեյցարիայի Ազգային խորհուրդը ճանաչում է 1915 թ. Հայոց ցեղասպանությունը եւ խնդրում Դաշնային խորհրդինՙ Շվեյցարիայի կառավարությանը, սույն դիրքորոշումը փոխանցել դիվանագիտական խողովակներով։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իշխանությունների հրամանով տեղահանման եւ ջարդերի միջոցով մեկ միլիոնից ավելի հայերի բնաջնջումը անհերքելի փաստեր են իրենց նշանակությամբ թե ծավալով եւ հիմք են ծառայել Ցեղասպանության հասկացության սահմանման համար, ասվում է բանաձեւի մեջ։
Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ Շվեյցարիան արժանին է մատուցում զոհերին, փրկվածներին եւ նրանց ժառանգներին, ինչպես նաեւ նպաստում մարդկության դեմ այլ ոճիրների կանխարգելմանը, ասվում է բանաձեւի մեջ։
Ընդունելով սույն բանաձեւըՙ Ազգային խորհուրդը փափագում է նպաստել թուրքերի եւ հայերի միջեւ տեւական խաղաղության հաստատմանը, որ կարող է ձեռք բերվել պատմական ճշմարտության հանդեպ ընդհանուր հայացքով, ասվում է բանաձեւի մեջ։
1999-2003 թթ. շրջանառության մեջ գտնվող բանաձեւի տեքստի հեղինակն է քրիստոնեա-դեմոկրատ Ժան-Կլոդ Վոդրոն, նորընտիր Ազգային խորհրդում համահեղինակ դարձավ վերջինիս կուսակից Դոմինիկ Բումանը։
ՀՀ արտգործնախարարության մամուլի վարչություն