«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2003-12-13 | #231, 2003-12-16 | #232, 2003-12-17


ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՍԱՀՄԱՆԻ ՎԵՐԱԲԱՑՄԱՆ ՀԱՐՑՆ Է ԱՌԱՋ ՔԱՇԵԼ

Վաշինգտոնից էլ. փոստով ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Ամերիկայի հայկական համագումարը պահանջել է Ներկայացուցիչների պալատի անդամներ հանրապետական Քրիստոֆեր Քոքսից եւ դեմոկրատ Լորետա Սանչեսից շաբաթ օրըՙ իրենց Թուրքիա այցելության եւ պաշտոնական հանդիպումների ընթացքում արծարծել Եվրոպայում վերջին փակ սահմանի վերաբացման խնդիրը։

«Հայկական համագումարը հույս ունի, որ նրանք այդ ուղեւորությունը կօգտագործեն պահանջելու Թուրքիայից, որ մոռանա անցյալը եւ բացի սահմանը։ Շրջափակումը խորտակում է երկու երկրների տնտեսական շահերը եւ խափանում Մ. Նահանգների տարածաշրջանային նպատակները։ Այդ պատնեշի քանդումը համապատասխանում է բոլոր կողմերի շահերին», ասել է այս առթիվ համագումարի գործադիր տնօրեն Ռոս Վարդյանը։

Ըստ տարվա սկզբներին պետքարտուղարության հրապարակած զեկույցի, Թուրքիան եւ Հայաստանը տարեկան 1 մլրդ դոլար են կորցնում էներգիայի, զբոսաշրջության եւ արվեստի բնագավառներում բաց թողնված հնարավորություններից։ Նախագահ Բուշն ակնկալում է, որ «Թուրքիան վերականգնի տնտեսական, քաղաքական եւ մշակութային կապերը Հայաստանի հետ»։ Ավելինՙ Եվրամիությունն իր հերթին քանիցս պահանջել է Թուրքիայից վերացնել Հայաստանի շրջափակումը, իսկ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դարձրել է նախապայման Թուրքիայի անդամակցությանն այդ կազմակերպությանը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4