«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2003-12-13 | #231, 2003-12-16 | #232, 2003-12-17


ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՇԽԱՐԱՆՔՙ ԲԱՆԱԿԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՏԱՐԻՆԵՐԻ ԴԻՄԱՑ

2004 թ. մարտի 1-ից գործողության մեջ կմտնի Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքը։ Օրենքի նման նախագիծ մշակելու անհրաժեշտությունը վաղուց է հասունացելՙ նկատի առնելով արտագաղթի ալիքով եւ տարաբնույթ հանգամանքների բերումով դրսի աշխարհում հայտնված մեր հայրենակիցներին։ Պաշտոնական վիճակագրությունը նրանց թվաքանակի վերաբերյալ միայն մոտավոր թվեր է նշում։ Տվյալ դեպքում օրենքի գործողությանը ենթակա են 1992 թ. աշնանային զորակոչից մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը օրենսդրության խախտմամբ չզորակոչված, հետագայում 27 տարին լրացած, նաեւ սահմանված կարգով ծառայությունից ազատվելու կամ տարկետման իրավունք ստանալու հիմքեր ձեռք բերած երիտասարդները։ Ենթադրվում է այս կարգավիճակում հայտնված 16 հազար մարդու գոյություն արտասահմանում եւ Հայաստանում։ Օրենքը ելնում է այն տրամաբանությունից, որ հատկապես արտերկրում բնակվողների մի մասը, անշուշտ, Հայաստան վերադառնալու ցանկություն ունի, սակայն ՀՀ օրենքով նրանց դեմ քրեական գործեր են հարուցված եւ դեպի հայրենիք ճանապարհը փակ է։ Մի մասն էլ օրինախախտում կատարել է ակամաՙ ոչ զորակոչային տարիքում ծնողների հետ գաղթելով արտերկիր։ Օրենքը մեկանգամյա գործողության ուժ ունի, այսինքն հայրենի իշխանությունների զիջողամտությունը տարածվելու է միայն ժամանակային նշված միջակայքում օրինախախտում կատարածներին։ Նրանք, ում 27 տարին դեռ չի լրացել, պարտավոր են հայրենիք վերադառնալուն պես ծառայել բանակում։ Զորակոչային տարիքն անցածները, ի տրիտուր հայրենիքի հանդեպ իրենց գլխավոր պարտավորության անթույլատրելի շրջանցման, տուգանքների պատկառելի քանակներ են վճարելու։ Ընդ որում, տուգանաչափերը խիստ տարբեր են, որովհետեւ չափազանց բազմերանգ են նաեւ այն դրդապատճառները, որոնց հետեւանքով այդ երիտասարդները մատնվել են անորոշության։

Տարբեր են նաեւ այն իրավիճակները, որում արդեն այսօր հայտնվել են նրանք։ Օրենքի համահեղինակ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նշում է, որ թեեւ նվազ քանակով, սակայն 27-ն անցածների մեջ կան նաեւ այնպիսիք, ովքեր տարկետման իրավունք ձեռք բերելով հետագայում բարձր դիրք են գրավել հայրենիքում, «դատավոր կամ պատգամավոր են դարձել»։ Տուգանքի առավելագույն չափըՙ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը, նրանք են վճարելու։ Ովքեր արդեն 3 երեխա ունեն, նրանք հայրենիքին ծառայել են յուրովի, եւ նրանցից վճար չի վերցվի։ Մեծ տուգանաչափեր են սահմանվում նաեւ բանակից խուսափած, հետագայում տարկետման իրավունք ձեռք բերած քաղաքացիների համար, որովհետեւ այս դեպքում ենթադրելի է անօրինականության հավանականությունըՙ եթե սկզբում չի ծառայել բանակում, բայց հետո, ինստիտուտ ընդունվելու համար կարողացել է տարկետում ձեռք բերել, ուրեմն, ինչ-որ կետում կեղծիք է թույլ տվել։ Հայրենիքի հանդեպ մեղքի փոխհատուցումը նրանց վրա նստելու է նվազագույն աշխատավարձի 150-ապատիկին համարժեք գումար։ Իսկ եթե չկան մեղմացուցիչ հանգամանքներ, ինչպիսիք են ընտանեկան վիճակը, հաշմանդամությունը կամ գիտական աստիճան ունենալը, օրինախախտներն ընդգրկվում են օրենքի նույն դրույթի շրջանակներումՙ նրանցից պահանջվող տուգանաչափը լինելու է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը։ 18 տարեկանից մինչեւ 27 տարեկան միջակայքը ներառում է 18 զորակոչ, այսինքն բանակից խուսափած անձը վճարելու է 18x100 հազար դրամ։ Այդ գումարի շնորհիվ նա կարող է քավել մեղքը, ազատվել քրեական հետապնդումից, զինգրքույկ ստանալ եւ հաշվառվել պահեստազորում։ Եթե նույնիսկ բանակից խուսափածին հետագայում հաջողվել է որեւէ երկրի քաղաքացի դառնալ, դա նրան չի փրկելու պատկառելի տուգանքից։ Ի դեպ, ըստ Վահան Հովհաննիսյանի, օրենքի տրամաբանությունը այլ նպատակադրում եւս ունի։ Հավանական է, որ հետագայում սահմանադրական փոփոխությունները թույլատրեն նաեւ երկքաղաքացիության հնարավորությունը։ Եվ այս դեպքում սփյուռքի այն հայերը, ովքեր ուզում են նաեւ Հայաստանի քաղաքացի լինել, բայց ինչ-ինչ պատճառներով մերժում են բանակային ծառայությունը, դրամական փոխհատուցմամբ կարող են խնդիրը լուծել։

Վերադարձի մեխանիզմը հետեւյալն է. զորակոչային տարիքից այլեւս դուրս եկած երիտասարդը դիմելու է զինկոմիսարիատ, վերջինսՙ քրեական գործը վարող մարմնինՙ դատախազությանը, ոստիկանությանը, նաեւ զագսեր, բուհ (որտեղ սովորել է երիտասարդը)ՙ ճշտելու փաստերի իսկությունը։ Դեռեւս չեն լուծվել, սակայն, կազմակերպչական հարցերը, կառավարությունը դեռ պիտի հաստատի դիմումներ տալու եւ դրանց պատասխանելու ընթացակարգերը, պաշտպանության նախարարությունը դեռ բանկային հաշիվ պիտի բացի վճարների ընդունման համար, կիրառման կարգից բխող ենթաօրենսդրական ակտեր պիտի կազմվեն։ Մինչեւ օրենքը գործարկելը դեռեւս 3 ամիս կա, եւ հավելյալ ճշտումների ու սրբագրումների կարիք անշուշտ կլինի, քանի որ ամեն մի օրենք, ինչպես եւ այս մեկը, երբեք էլ չի կարողանա կանխատեսել իրավիճակների ու հանգամանքների այն բազմազանությունը, որ ներկայացնում է իրական կյանքը։ Այսօր արդեն ակնհայտ են այն բարդությունները, որոնց մեջ հայտնվելու են հայկական հյուպատոսություն չունեցող երկրներում բնակվողները։ Հստակ չէ նաեւ, թե կարեւոր այս օրինագծի գոյության մասին ինչպես են տեղեկացվելու աշխարհի ամենատարբեր անկյուններում հայտնված երիտասարդ հայերը։

Օրենքի գաղափարաբանությունն անկասկած մարդասիրական է, հային Հայաստան վերադարձնելու եւ նրա զավակներին եւս իրենց հայրենիքից չկտրելու հնարավորության ընձեռումը։ Սակայն առավել խորքային դիտարկման դեպքում պետությունը փաստորեն ինքն է մեղանչումՙ բարոյական այլ հարթության վրա։ Մի կողմ դնենք այն կասկածելի հավանականությունը, թե բանակից խուսափածների քանի տոկոսը (նաեւ ոչ իրենց մեղքով խուսափածների) կկամենան կամ հնարավորություն կունենան այս կարգի գումարներ վճարելու։ Ինքնախաբեությամբ քողարկվելով, հանցանքը դրամական ապաշխարանքով հատուցելու նախադեպ ստեղծելով, մենք պարզապես առաջարկում ենք զինապարտությունից խուսափածինՙ վճարիր եւ կթոթափես մեղքի քո բաժինը։ Գուցե նրանք, ովքեր իսկապես ուզում են հայրենիք վերադառնալ, ի վիճակի չեն վճարելու այդ գումարները։ Իսկ նրանք, ովքեր ժամանակին կաշառքի կամ կեղծիքի միջոցով ազատվել են ծառայությունից, այս անգամ դարձյալ դրամի ամենազոր օգնությամբ պարզապես կօրինականացնեն օրինախախտումը։

ԼՈՒՍԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4